| |
Ժան Բլոնդել
Խարիզման կատարյալ առաջնորդի երեք տեսակներից մեկն է: Մյուս երկուսը ավանդական կամ բանական կառավարում իրականացնող առաջնորդներն են:
Վերջին երկուսը` բանականն ու ավանդականը, չեն առնչվում առաջնորդի` իբրև անհատականության հետ: Դրանք մատնանշում են քաղաքացիների ու հասարակության միջև կապը` հենվելով բացառապես սոցիալական կառուցվածքի առանձնահատկությունների վրա: Այդ կապը կառավարման համար անհրաժեշտ հասարակական աջակցություն է ստեղծում և, հետևաբար, ամրապնդում է իր հետևորդներից հնազանդություն պահանջելու առաջնորդի ընդունակությունը: Ավանդական կառավարման դեպքում քաղաքացիների և հասարակության միջև կապը հենվում է համակարգի հետ <<բնական>> ու <<մեխանիկական>> համաձայնության վրա, քանի որ քաղաքացիներն իրենց համակարգի մաս են համարում: Բանական կառավարման դեպքում այդ կապը բխում է նրանից, որ քաղաքացիները տեսնում են գործող մեխանիզմների արդարացիությունն ու արդյունավետությունը և ենթարկվում են դրանց, քանի որ հավատում են համակարգի իրավացիությանը: Խարիզմատիկ կառավարման դեպքում քաղաքացիների ու հասարակության կապի միակ հիմքը առաջնորդն է: Խարիզմատիկ իշխանությունը հիմնված չէ ոչ պաշտոնի և ոչ էլ կարգավիճակի վրա. այն բխում է անձի` իր հանդեպ հավատ առաջացնելու և այդ հավատը պահպանելու ընդունակությունից:
<<Խարիզմայի>> տեսության հիմնադիր Մ. Վեբերի համոզմամբ, խարիզմատիկ իշխանությունը հայտնվում է այն ժամանակ, երբ հասարակությունը լուրջ ճգնաժամ է ապրում: Ճգնաժամ, որը խարխլում է հասարակության կառուցվածքը: Ճգնաժամ, երբ քաղաքացիները հրաժարվում են հասարակական համաձայնություն ցուցաբերել և հարգել ինստիտուտները:
Այստեղից հետևում է խարիզմատիկ իշխանության հիմնական տարբերությունը իշխանության մյուս երկու տեսակներից` ավանդույթային և բանական իշխանություններից: Վերջիններս, այսպես ասած, <<նորմալ>> են. Նրանք դրսևորվում են կայունության պայմաններում: Խարիզմատիկ իշխանությունը կարող է գոյություն ունենալ միայն բեկումնային իրավիճակներում կամ էլ այն դեպքերում, երբ նոր ինստիտուտները դեռ չեն ամրապնդվել: Բեկումնային իրավիճակները բացառիկ են (Մ. Վեբերի և բազմաթիվ այլ հասարակագետների կարծիքով) այն առումով, որ ինստիտուտների փլուզվածությունը չի կարող երկար տևել` առանց անկախ պետականությանը վտանգ սպառնալու:
Ճգնաժամը խարիզմատիկ առաջնորդի հանդես գալու պարտադիր, սակայն միակ պայմանը չէ: Ավելին` դժվար թե կարելի է պնդել, թե խարիզմատիկ առաջնորդի առկայությունը վկայում է, որ ճգնաժամը հասել է իր գագաթնակետին, և որ քաղաքացիների ծանր վիճակը դարձել է համատարած: Իրականում, չկա որևէ այլ հստակ վկայություն, թե ինչ պայմաններ կարող են հանգեցնել խարիզմատիկ առաջնորդի հանդես գալուն, բացի նրանից, որ ինստիտուտները պետք է հասցված լինեն փլուզվածության աստիճանի: Իսկ նրանք, ովքեր քաղաքացիներին ներկայացվում են իբրև խարիզմատիկ առաջնորդներ, որոնք ունեն դժվարություններից ու աղետներից իրենց փրկելու հատկություն, կարող են և հայտնվել, և չհայտնվել: Խարիզմատիկ առաջնորդի կախումը ճգնաժամից շատ փոքր է: Մյուս կողմից, կան <<ոչ լիարժեք խարիզմատիկ կարգավիճակով>> բազմաթիվ առաջնորդներ, որոնք այդուհանդերձ, կարևոր դեր են խաղացել երկրների զարգացման գործում:
Այսպիսով, կարելի է, որ <<խարիզմատիկ իշխանություն>> հասկացությունը, սերտ կապված լինելով <<աստվածային ուժի>> կամ <<գերմարդկային հատկությունների>> հետ, նույնիսկ ճգնաժամ ապրող հասարակությունների քաղաքական զարգացումները բնութագրելու և վերլուծելու հարմար և գործնական տարբերակ չէ: Իհարկե, միանգամայն ակնհայտ է, որ անձնական գործոնն իր դերն է խաղում` ապահովելով առաջնորդի հեղինակությունը, դրդելով քաղաքացիներին հետևել նրան: Սակայն առաջնորդին ճգնաժամերի հետ կապելն ու բացառապես գերմարդկային հատկություններով օժտելը չափազանց կոպիտ և նեղ մոտեցում է: Չդիտարկելով իշխանության անձնավորումն իբրև ընդհանուր երևույթ, այլ ողջ ուշադրությունը կենտրոնացնելով ճգնաժամային իրավիճակների համար անհրաժեշտ բացառիկ հատկությունների վրա` տեսաբանների մի մասը (Վեբեր և այլոք) չեն նշում, թե երբ են թուլանում առաջնորդի և նրա հետևորդների կապերը, երբ են այդ կապերը կրում բանական, այլ ոչ զգայական բնույթ: Թեև, նույնիսկ այս տեսաբաններն են ընդունում առաջնորդի ու նրա հետևորդների միջև կապի աստիճանական թուլացման հավանականությունը:
Այնուամենայնիվ, խարիզմատիկ իշխանության գաղափարը շատ կարևոր է: Այն օգնում է ուշադրությունը կենտրոնացնել այն փաստի վրա, որ հասարակությունը կամ վարչակարգը կարող են ակնհայտ կախում ունենալ առաջնորդի ու նրա հետևորդների միջև ուղղակի կապից:
Առաջնորդների մյուս, շատ ավելի լայն տարածում և բոլոր ժամանակներում ու երկրներում մեծ նշանակություն ունեցող դերը կապված է <<քաղաքականության կերտման>> հետ: Մինչդեռ <<խարիզմատիկ>> առաջնորդներին ճգնաժամերի հետ կապելը տեսաբանների ուշադրությունը շեղում է այս հանգամանքից:
Թարգմանեց Ա. Միրզոյանը |
|