ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ | ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն | ARCHIVE | սկիզբ
Ծրագրեր | Ազգային ժողովրդավար | Լուրեր | Քաղաքական մշակույթ | Համայնքներ | Գրադարան | ԶԼՄ –ներ | ՀԿ-ներ/OO/NGOs | Photo
 
 




SMALL
 
 
MEDIUM


 
 
free hit counters

 
 Ամբոխի առաջնորդները
 

2. Ինչե՜ր միայն չեն կատարի ամբոխները խելագարված… (Ե. Չարենց)

Գ. Լեբոն

<<Ամբոխի առաջնորդները>>

Խմբում միավորված կենդանի արարածները, անկախ նրանից` այդ խումբը կենդանիների հոտ է, թե մարդկանց ամբոխ, բնազդորեն ենթարկվում են իրենց առաջնորդին: Առաջնորդի կամքն այն միջուկն է, որի շուրջը միավորվում և բյուրեղանում են մյուս կարծիքները: Առաջնորդը բազմատարր ամբոխի կազմակերպման առաջին օղակն է, և քանի դեռ չեն կազմավորվել մյուս օղակները, նա կարող է տիրել ամբոխին, քանի որ ամբոխը ստրկամիտ հոտ է, որը չի կարող ապրել առանց տիրակալի:
     Առաջնորդն ինքն էլ սկզբում եղել է առաջնորդվողների թվում: Նա ինքն էլ հմայված է եղել այն գաղափարով, որի մարգարեն է դարձել է հետո: Այդ գաղափարն այն աստիճան է համակել նրան, որ նրա համար մնացած ամեն ինչն անհետացել է, իսկ ցանկացած այլ կարծիք վերածվել է մոլորության կամ նախապաշարմունքի արդյունքի:   
  Սովորաբար առաջնորդները մտածողների դասին չեն պատկանում. Նրանք գործի մարդիկ են: Նրանք աչքի չեն ընկնում խորաթափանցությամբ. այն հանգեցնում է կասկածամտության ու անգործության: Նրանք հոգեկան հավասարակշռությունը կորցրած կիսախենթեր են: Նրանք զոհաբերում են ամեն ինչ` անձնական շահը, ընտանիքը: Նրանց ինքնապահպանման բնազդն այնքան է թուլանում, որ միակ պարգևը նրանց համար դառնում է նահատակությունը: Նրանց համոզմունքները հնարավոր չէ սասանել բանական փաստարկներով: Նրանց կատաղի հավատը համոզման ահռելի ուժ է հաղորդում նրանց խոսքերին:
   Առաջնորդները միշտ պետք է ամուր համոզմունքներ, քանի որ միայն այդպիսի համոզմունքներն են մարգարեներ ծնում: Հաճախ առաջնորդ են դառնում խորամանկ հռետորները, որոնց միայն սեփական շահերն են հետաքրքրում, սակայն նրանց իշխանությունը միշտ հարաբերական է լինում: Մեծ նվիրյալները` Պետրոս Անապատականը, Լյութերը, հեղափոխության գործիչներն ամբոխին տիրել են միայն այն ժամանակ, երբ իրենք են դարձել իրենց գաղափարների գերիները: Այդ ժամանակ է նրանց հաջողվել ամբոխի հոգում ստեղծել հավատ կոչված այն հզոր ուժը, որը մարդուն դարձնում է իր երազանքի ստրուկը:
   Բոլոր մեծ առաջնորդների նվաճումը եղել է հավատի ստեղծումը` կրոնական, քաղաքական կամ սոցիալական հավատ որևէ գործի, մարդու կամ գաղափարի նկատմամբ: Հավատի ուժը մարդկության բոլոր ուժերից ամենահզորն է: Մարդուն հավատ ներշնչել` նշանակում է բազմապատկել նրա ուժերը:
   Բոլոր մեծ պատմական իրադարձությունները կատարվել են յհավատացյալ –նվիրյալների կողմից: Գիտնականներն ու փիլիսոփաները չեն եղել մեծ կրոնների ստեղծողները: Կրոններ, որոնք կառավարել են ամբողջ աշխարհամասեր զբաղեցնող գերտերություններ:
Առաջնորդների երկու տեսակ կա: Առաջին տեսակն առույգ է, օժտված ուժեղ, բայց կարճ տևող կամքով: Երկրորդ, շատ ավելի հազվագյուտ տեսակին են պատկանում այն առաջնորդները, որոնք ունեն ուժեղ և միաժամանակ` կայուն, դիմացկուն կամք:
   Առաջինները խիզախ են, քաջ ու եռանդուն: Նրանք հատկապես օգտակար են հանկարծակի ու վտանգավոր ձեռնարկների համար` վտանգի պայմաններում զանգվածներին հմայելու և հասարակ մարդկանց հերոսների վերածելու համար: Այդպիսին էին մարշալներ Նեյն ու Մուրատը Նապոլեոնյան ժամանակներում: Այդպիսին էր Գարիբալդին, որը որևէ հատուկ տաղանդ չուներ, բայց մի խումբ մարդկանցով կարողացավ հաղթել կանոնավոր բանակ ունեցող նեապոլիտանական թագավորությանը: Սակայն այս առաջնորդների եռանդը երկար չի տևում: Հաճախ այդպիսի եռանդ դրսևորած հերոսները, վերադառնալով սովորական կենցաղին, զարմանալի թուլություն և անգամ ամենապարզ իրավիճակներում իրենց քայլերը ղեկավարելու լիակատար անկարողություն են հանդես բերել: Մինչդեռ նրանք ուրիշներին ղեկավարելու հմտություն էին ցուցաբերել:
   Առաջնորդների երկրորդ տեսակն ավելի մեծ նշանակություն ունի: Այս տեսակին են պատկանում Սուրբ Պողոսը, Մուհամեդը, Քրիստափոր Կոլումբոսը, Ֆերդինանդ Լեսեպսը: Նրանց համառ կամքն այնքան հազվագյուտ ու այնքան հզոր հատկություն է, որ ամեն ինչ ենթարկում է իրեն: Ոչինչ չի կարող ընդդիմանալ այդպիսի կամքին`ոչ բնությունը, ոչ աստվածները, ոչ մարդիկ: Դրա լավագույն օրինակը Լեսեպսն է: Նա կարողացավ բաժանել երկու աշխարհները` լուծելով մի խնդիր, որը երեք հազար տարի շարունակ չէին կարողացել բազմաթիվ տիրակալներ: Սուեզի ջրանցքը փորելիս նրա կրած դժվարություններն ու դրանց հաղթահարման պատմությունը լավագույնս ցույց են տալիս, թե ինչ կարող է անել անհատնելի ու անկոտրում կամքը:
   Ամբոխի հոգում իշխում է ոչ թե ազատության ձգտումը, այլ հպատակվելու պահանջը: Ամբոխն այնքան է տենչում ենթարկվել, որ բնազդաբար հպատակվում է նրան, ով իրեն հայտարարում է ամբոխի տիրակալ: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է, որ նա, ով ուզում է տանել ամբոխն իր հետևից, ունենա հմայելու կարողություն:   
  
Որևէ գործունեության սկսելուց առաջ ամբոխը պետք է համապատասխանաբար <<տրամադրվի>>: Եթե պետք է ստիպել ամբոխին պալատ գրավել կամ կռվել բարիկադների վրա, ապա արդյունավետ է արագ ներշնչումների եղանակը, իսկ ներշնչումներից լավագույնը անձնական օրինակն է: Իսկ եթե պետք է ամբոխի հոգին լցնել որևէ գաղափարով կամ հավատով, օգտագործվում են յլ միջոցներ` պնդումը, կրկնությունը, վարակը:
   Անապացուցելի ու դատողությամբ չհիմնավորվող պնդումը անհրաժեշտ գաղափարն ամբոխի հոգում <<ներդնելու>> լավագույն միջոցն է: Որքան համառոտ է պնդումը, որքան այն զուրկ է ապացուցելիությունից, այնքան ավելի ուժգին է ներգործում ամբոխի վրա: Պարզ պնդումների ոգով են կառուցվել բոլոր ժամանակների Սուրբ գրքերն ու օրենսգրքերը:
   Պնդումներն ազդեցիկ են, եթե հաճախ են կրկնվում և, եթե հնարավոր է, միևնույն ձևակերպումներով: Կրկնության միջոցով գաղափարն այնքան ուժգին է արձագանքում մարդկանց մտքերում, որ, ի վերջո, այն ընկալվում է իբրև ապացուցված ճշմարտություն: Որոշ ժամանակ անց մարդիկ մոռանում են, թե ով է այդքան կրկնվող պնդման հեղինակը և պարզապես սկսում են հավատալ դրան:
   Այն ժամանակ, երբ պնդումը բավարար չափով կրկնվել է, առաջանում է այն, ինչ կոչվում է հոսանք, և հանդես է գալիս մի հզոր գործոն` վարակը: Գաղափարներն ու զգացմունքներն ամբոխի համար ստանում են վարակի այն ուժը, որ ունեն որոշ մանրէներ: Այսպես է, օրինակ, բացատրվում խուճապի ակնթարթային տարածումը: Եվ ամենևին էլ պարտադիր չէ, որ վարակվեն միայն իրար մոտ գտնվող մարդիկ. վարակը գործում է նաև հեռավորության վրա: Սա նկատելի է հատկապես այն դեպքերում, երբ մարդիկ որոշակի գործոններով նախապես պատրաստված են: Այս կերպ 1848թ. Փարիզում բռնկված հեղափոխական շարժումն արագորեն տարածվեց ողջ Եվրոպայում և ցնցեց մի քանի միապետություններ:
   Գաղափարները, որոնք տարածվում են պնդման, կրկնության ու վարակի ճանապարհով, իրենց հզորության համար գլխավորապես պարտական են այն խորհրդավոր ուժին, որը ձեռք են բերում` հմայքին: Մարդիկ, որոնք իրենց են ենթարկել աշխարհը, տիրել են բացառապես հմայքի անհաղթահարելի ուժով: Հմայքն է ցանկացած տիրապետության ամենահզոր պատճառը. աստվածները, թագավորներն ու կանայք երբեք չէին կարող իշխել առանց դրա:   
   Վարակի միջոցով է տարածվում ժողովրդական զանգվածների ազդեցությունը  հասարակության բարձր խավերի վրա: Հանրաճանաչ դարձած ցանկացած գաղափար, ի վերջո, այնպիսի ուժ է ստանում, որ թափանցում է հասարակության ամենաբարձր խավերը: Բոլոր հավատալիքները ծնվում են ինչ-որ վերին գաղափարից, որը որևէ ազդեցությունից զուրկ է եղել այն միջավայրում, որտեղ ծնվել է: Առաջնորդներն, ընկնելով այդ գաղափարի ազդեցության տակ, մշակում են այն, այլասերում ու փոխանցում ամբոխին: Վերջինս իր հերթին, շարունակելով այլասերել այդ գաղափարը, այն դարձնում է ժողովրդական ճշմարտություն: Այս տեսքով արդեն գաղափարն ազդեցություն է ձեռք բերում նաև հասարակության բարձր խավերի գիտակցության վրա:
   Կարելի է առանձնացնել հմայքի երկու տեսակ` ձեռքբերովի և բնածին: Առաջինն առավել տարածված է: Այն փաստը, որ որևէ անհատ բարձր հասարակական դիրք է զբաղեցնում, ունի տիտղոսներ ու հարստություն, հաճախ բավարար է լինում անհատին հմայքով օժտելու համար: Համազգեստով զինվորականը, պատմուճանով դատավորը միշտ հմայք են ներշնչում: Ժամանակակից մարդու համար Հոմերոսի ընթերցումը ձանձրալի է, սակայն ո՞վ է դա խոստովանում. այն ահռելի հմայք ունի: Պարթենոնը հետաքրքրությունից զուրկ փլատակների կույտ է, սակայն նա հմայում է մարդկանց, քանի որ ներկայացնում է որոշակի պատմական իրադարձությունների ուղեկցությամբ: Ի վերջո, այդ ամենն ընդունված է համարել հմայիչ: Ամբոխը միշտ պատրաստի կարծիքների կարիք ունի:
   Բնածին հմայքը քչերին է տրված: Բնածին հմայք ունեցողն այդ հմայքի շնորհիվ ազդում է մարդկանց վրա` անկախ նրանից, որ իրենք սոցիալապես հավասար են, և անկախ նույնիսկ նրանից, որ այդ մարդն իր գերիշխանության հաստատման համար որևէ սովորական հատկություն չունի: Բնածին հմայք ունեցողներն իրենց գաղափարներն ու զգացմունքներն են փոխանցում իրենց շրջապատողներին, և վերջիններս նրանց ենթարկվում են: Ամբոխի իսկական առաջնորդները` Բուդդան, Մուհամեդը, Ժաննա Դ’Արկը, Նապոլեոնը հենց այս հմայքով էին օժտված: Անշուշտ, Նապոլեոնն իր իշխանության գագաթնակետին գտնվելիս ուներ հենց այդ իշխանությունից բխող մեծ հմայք, սակայն նա հմայում էր մարդկանց նաև նախքան իշխանության գալը և իշխանության եկավ, որովհետև հմայում էր մարդկանց:
   Անհաջողությունները կամ հմայքի վիճարկումը կործանարար են հմայքի համար: Աստավծներն ու մարդիկ, որոնց հաջողվել է երկար պահպանել իրենց հմայքը, չեն հանդուրժել վիճարկումներ: Ամբոխի հիացմունքին տիրելու համար անհրաժեշտ է որոշակի հեռավորության վրա պահել ամբոխին:   


Գ. Լեբոն, <<Ժողովուրդների ու զանգվածների հոգեբանություն>>, 1995


Թարգմանությունները`
Ա. Միրզոյան