ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ | ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն | ARCHIVE | սկիզբ
Ծրագրեր |Ազգային ժողովրդավար |Լուրեր | Քաղաքական մշակույթ | Համայնքներ | Գրադարան | ԶԼՄ –ներ | ՀԿ-ներ/OO/NGOs | Photo
 
 





SMALL
 
 
MEDIUM


 
 
free hit counters

 
 <<ԱՄԵՆ ԻՆՉ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է>>
 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ.
ԿՈՉՈՒՄ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Մաքս Վեբեր
Գերմանացի քաղաքագետ, սոցիոլոգ, հոգեբան

<<Յուրաքնչյուր պետություն հիմնված է բռնության վրա>>, - Բրեստ – Լիտովսկում ասում էր Տրոցկին: Նա իրավացի էր: Եթե գոյություն ունենային հասարակական կազմավորումներ, որոնցում բռնություն չլիներ, կվերանար <<պետություն>> հասկացությունն ընդհանրապես: Պետությունն այն քաղաքական միությունն է, որը հաջողությամբ հավակնում է լեգիտիմ ֆիզիկական բռնության մենաշնորհին:
    Քաղաքականությունն, իր հերթին, իշխանությանը մասնակից լինելու կամ իշխանության բշխման վրա ազդեցություն ունենալու ձգտումն է: Այդ ձգտումը կարելի է իրականացնել թե իբրև <<պատահական>> քաղաքական գործիչ, թե իբրև գործիչ, որը քաղաքականությամբ է զբաղվում <<համատեղության կարգով>>, թե իբրև գործիչ, որի համար քաղաքականությունը հիմնական մասնագիտություն է: Քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելիս կամ <<քաղաքական>> ժողովների ժամանակ ծափահարելիս մենք բոլորս <<պատահական>> քաղաքական գործիչներ ենք: <<Համատեղության կարգով>> քաղաքական գործիչներն են վստահված անձինք, կուսակցականները:
   Քաղաքականությունը հիմնական մասնագիտություն դարձնելու երկու ճանապարհ կա` ապրել քաղաքականության համար կամ ապրել դրանով ու դրա հաշվին: Հոգևոր առումով այս երկուսը կարող են համատեղվել. Քաղաքականության համար ապրողը նաև ապրում է դրանով` նա կամ բացահայտ վայելում է իր մասնագիտությունը, կամ հպարտանում, որ <<մեծ գործի>> է ծառայում: Մինչդեռ նյութական հարթության վրա երկու ճանապարհները հստակ սահմանազատվում են: Քաղաքականության հաշվին ապրում է նա, ով փորձում է այն վերածել եկամտի մշտական աղբյուրի: Քաղաքականության համար կարող է ապրել մի մարդ, որն անկախ կլինի այն եկամուտներից, որ կարող էր իրեն բերել քաղաքականությունը: Այսինքն` նա պետք է նյութական կարողություն ունենա:
   Նյութական կարողությունը ունեցողը քաղաքականությամբ է զբաղվում իբրև իր <<պատվավոր գործունեություն>>: Նա եկամտի աղբյուրի չի վերածում այն: Մինչդեռ քաղաքական բարձրունքների հասած անապահովը փախհատուցում և պարգևատրություն է ուզում: Նա մի գործարար է, որն իր յուրաքանչյուր քայլից շահույթ է ակնկալում: Նա կամ սկսում է իր դիրքի ու կատարած գործերի համար հարկեր ու կաշառքներ ստանալ, կամ դառնում է խմբագիր, կուսակցության վարչական աշխատող, նախարար` քաղաքական չինովնիկ:
  
Համատարած բյուրոկրատիզացման հետևանքով զանազան պաշտոնների թվի և այդ պաշտոնների նկատմամբ պահանջարկի աճը հատկանշական է բոլոր կուսակցություններին: Վերջիններիս համար կուսակցական պաշտոններն ավելի ու ավելի են վերածվում իրենց համակիրների նյութական ապահովման միջոցի:
   Սակայն նայդ միտումը միաժամանակ հանգեցնում է նրան, որ քաղաքական չինովնիկներն վերածվում են սովորական վարձու աշխատողների` բարձր որակավորում ստացած, տարիների փորձով կոփված, յուրահատուկ դասային պատիվ ունեցող մասնագետների մի մասի:
   <<Մասնագետ – քաղաքական գործիչները>> պատմության թատերաբեմ են դուրս եկել իշխանների և նրանց մոտ ծառայության մեջ գտնվող խորհրդականների ու վարչական աշխատողների միջև ընթացող պայքարի արդյունքում: Մյուս դասերի դեմ պայքարում իշխանը հենվում էր քաղաքականապես օգտակար խավերի վրա: Խավեր, որոնք դեռևս ծառայողների յուրահատուկ դասի չէին վերածվել:
    Նախևառաջ, ինչպես Հնդկաստանում, Հնդկաչինում, բուդդիստական Չինաստանում, Ճապոնիայում ու լամայական Մոնղոլիայում, այնպես էլ միջնադարյան քրիստոնեական աշխարհում, այդ խավը հոգևորականությունն էր: Ի սկզբանե այս երևույթը տեխնիկական պատճառ ուներ. հոգևորականությունն էր գրի կրողը: Արդյունքում` բրահմանները, բուդդիստական քարոզիչները, լամաներն ու քրիստոնեական եպիսկոպոսները համատարած օգտագործվում էին իբրև քաղաքական խորհրդատուներ, գործնականում` իբրև գրաճանաչ վարչական աշխատողներ: Նրանք օգտագործվում էին դասերի  (հիմնականում` ազնվականության), կայսեր, խանի, իշխանի դեմ պայքարում: Հոգևորականները, հատկապես` կուսակրոնները, սեփական քաղաքական ու տնտեսական շահեր չունեին: Ի տարբերություն վասալների` նրանց չէր կարող գայթակղել տիրակալին հակադրվելու և իրենց ժառանգների համար սեփական քաղաքական ու տնտեսական իշխանություն ստեղծելու գաղափարը:
   Երկրորդ խավը համապատասխան կրթություն ստացած քերականագետներն են: Քաղաքական օգնական դառնալու համար նրանք սովորում էին հունարեն, լատիներեն, քաղաքական տեքստեր մշակելու արվեստ: Նրանց անցած դասական դպրոցները լուրջ հիմք հանդիսացան ներկայիս դպրոցական կրթության համակարգի համար:
   Երրորդ խավը պալատական ազնվությունն էր: Կոտրելով ազնվականության դասային ամբողջականությունը և զրկելով նրան այդ ամբողջականությունից բխող դասային քաղաքական ուժից` տիրակալները բազմաթիվ ազնվականների համախմբեցին պալատի` կենտրոնական իշխանության շուրջ: Նրանք սկսեցին օգտագործվել քաղաքական, դիվանագիտական ծառայություններում:
   Չորրորդ խավը զուտ անգլիական կազմավորում էր: Դա մի խավ էր մանր ազնվականությանն ու քաղաքային վերնախավին: Այս խավի ներկայացուցիչները` <<ջենթրիները>>, տիրում էին տեղական կառավարման ողջ համակարգի պաշտոններին և սեփական շահերից ելնելով` անմնացորդ տրվում էին այդ գործին: Սա Անգլիային փրկեց բյուրոկրատիզացումից: Մի բան, որից չկարողացան խուսափել մայրցամաքի տերությունները:
   Հինգերորդ խավը համալսարանական կրթություն ստացած իրավաբաններն էին: Այս խավը հատկանշական եղավ հատկապես Եվրոպայի համար և հսկայական դեր խաղաց եվրոպական քաղաքական համակարգի կառուցվածքի կազմավորման գործում:
   Ներկայիս չինովնիկի իսկական մասնագիտությունը չպետք է լինի քաղաքականությունը: Նա պետք է նախևառաջ անշահախնդիր կերպով կառավարի: Համենայնդեպս, պաշտոնապես: Անշահախնդիր, եթե, իհարկե, խոսքը պետական շահերի և պատական կարգի կենսական շահերի մասին չէ:
   Քաղաքական չինովնիկը չպետք է անի այն, ինչ պետք է անեն քաղաքական գործիչն ու նրա շքախումբը` չպետք է պայքարի: Քանի որ կողմերից որևէ մեկում գտնվելը, պայքարը, զգացմունքայնությունը քաղաքական գործչի, մասնավորապես` քաղաքական առաջնորդի գործն է:
  
Տարբեր են քաղաքական չինովնիկի ու առաջնորդի պատասխանատվության հարթությունները: Եթե վերադաս մարմինը պնդում է չինովնիկին սխալ թվացող որևէ հրամանի անհրաժեշտությունը չինովնիկի պատվի հարցն է` վերադասի պատասխանատվությամբ իրագործել  այդ հրամանը նույնքան բարեխիղճ ու ճշգրիտ կերպով, որքան կաներ, եթե այդ հրամանը համապատասխաներ իր պատկերացումներին: Առանց այս վերին աստիճանի բարոյական չափանիշի ու ինքնանվիրման, պետական կառավարման ողջ համակարգը կփլուզվեր: Մինչդեռ քաղաքական առաջնորդի, այսինքն` պետական ղեկավար անձի պատիվն ուղղակիորեն նրա բացառիկ անձնական պատասխանատվությունն է: Պատասխանատվություն, որից նա հրաժարվել չի կարող և իրավունք էլ չունի:
   Սակայն բարոյականությունն ու էթիկան միշտ չէ, որ արդարացված են: Նպատակին հասնելու համար երբեմն անհրաժեշտ է լինում շրջանցել դրանք: Քաղաքականության գլխավոր միջոցը բռնությունն է, և այս միջոցի <<լավ>> նպատակով սրբագործումը հաճախ հաջողության է հասնում: Անգամ բարոյականության քարոզիչներն են փոխակերպում բռնի միջոցների կողմնակիցների: Օրինակ` նրանք, ովքեր քարոզում են <<Սերն ընդդեմ բռնության>>, առաջարկում են բռնություն գործել` <<վերջին>> բռնությունը, որը կհանգեցնի բոլոր բռնությունների վերացմանը:
   Նրան, ով ցանկանում է ուժով բացարձակ արդարություն հաստատել երկրում, մարդկային <<ապարատ>> է անհրաժեշտ: Նա պետք է ցանկացած պարգև խոստանա ապարատին. հակառակ դեպքում ապարատը չի աշխատում: Ներքին պարգև, որը կհամոզի ապարատին իր արդարացի ու ճշմարիտ լինելու մեջ: Արտաքին պարգև` հաղթանակ, ավար, իշխանություն:
   Առաջնորդի հաջողությունն ամբողջովին կախված է իրեն ենթարկվող մարդկային ապարատից: Հետևաբար` այն, ինչին նա հասնում է, գտնվում է ոչ թե իր, այլ ապարատի ձեռքում: Իսկ ապարատին կարելի է զսպել այն ժամանակ, քանի դեռ նրա անձի և գործի նկատմամբ ազնիվ հավատը ոգեշնչում է ապարատի անդամների գոնե մի մասին:
   Նա, ով ցանկանում է քաղաքականությամբ զբաղվել և այն դարձնել իր հիմնական մասնագիտությունը, պետք է գիտակցի այս բարոյական վայրիվերումները և սեփական պատասխանատվության չափն այն բանի համար, թե ինչի կարող է վերածվել հենց ինքը: Նրան, ես կրկնում եմ, ամն քայլափոխի, բռնության կիրառման ամեն պահի դարանակալում են սատանայական ուժերը: Նա, ով զբաղվում է իր և ուրիշների հոգիների փրկությամբ, փնտրում է այն ոչ քաղաքականության ճանապարհներին, քանի որ վերջինս բոլորովին այլ խնդիրներ ունի: Խնդիրներ, որոնք միայն ուժով կարող են լուծվել:


Մաքս Վեբեր, Ընտրիր երկեր, Մոսկվա, 1990
Թարգմանություն Ա. Միրզոյանի