| |
Եվս 194 անօթևանների բնակարանների հատկացման հավաստագրերի
հանձնում և վիճակահանություն Գյումրիում
ՀՀ քաղաքաշինության նախարարության աղետի գոտում բնակարանների բաշխման հանձնաժողովի, անցած օրը Գյումրիում կայացած նիստի ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանը տեղեկացրեց, որ «Գլենդել Հիլզի» կողմից կառուցված որևէ բնակարան մինչև օրս ընդունված չէ և դրանք հավանաբար կընդունվեն մայիսին: Նա նաև հայտնեց, որ բնակելիների սեյսմակայունության համալիր ստուգման աշխատանքները արդեն ավարտվել են և այն հիմնականում գնահատվել է բավարար, իսկ հայտնաբերված թերությունների առումով տրվել է դրանք շտկելու, ինչպես նաև առաջիկայում առավել ամուր և որակյալ կառուցելու ցուցումներ:
Վ. Վարդանյանի խոսքերով ընթացիք տարում ևս Գյումրիում բնակարանային շինարարությունը ընթանալու է ծայրամասային` Մուշ և Անի թաղամասերում:
Նիստի ընթացքում հարց բարձրացվեց ՀՀ կառավարության N 432 որոշման աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Նախարարը հայտնեց, որ առաջիկայում կառավարությունը կանդրադառնա այդ հարցին: Նշենք, որ սպասվող փոփոխությունների մեջ առավել հրատապ է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կողմից մի քանի օր առաջ ՀՀ վարչապետին և քաղաքաշինության նախարարին հղած դիմումում արված առաջարկը, ըստ որի ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող այն անօթևան ընտանիքներին, ովքեր ունեն փաստաթղթերի համալրման խնդիրներ իրենց ընտանիքի անդամների Հայաստանից բացակայելու պատճառով, հնարավորություն ընձեռել օգտվելու իրենց բնակարան ստանալու իրավունքից այն պայմանով, որ բնակարան ստացողը համապատասխան պարտավորագրով ստանձնի բացակայողների նկատմամբ բնակարանային պարտավորություններ նրանց վերադառնալու դեպքում:
Հանձնաժողովի նիստում որոշվեց փետրվարի 12-ին ժամը 14:00-ին Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում անցկացնել թվով 194 անօթևանների բնակարանների հատկացման հավաստագրերի հանձնում և վիճակահանություն: Ի դեպ բնակարանների բաշխման հրապարակային այս վիճակահանությունը ընթացիք գործընթացում երկրորդ անգամ է անցկացվում: Արժե նաև նշել, որ այն իր թափանցիկության առումով աննախադեպ է, որը երբեք չի կիրառվել անցած 20 տարում` աղետի գոտում բնակարանների բաշխման ընթացքում:
Վերջում նշենք, որ հանձնաժողովի նիստը տևեց սովորականից ավելի երկար և այն սկսվեց երկու ժամ ուշացումով, քանզի այն նախագահող` ՀՀ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանը ստիպված էր իրեն վերապահել մարզպետի և քաղաքապետի լիազորությունները և անօթևան գյումրեցիների յուրատեսակ ընդունելություն կազմակերպել: Մի քանի տասնյակ բորբոքված անօթևան գյումրեցիներ նախարարին եկել էին դիմելու ոչ միայն բնակարանների բաշխման, այլ նաև կիսակառույց շինություններից իրենց վտարումը կանխելու և այլ նմանատիպ հարցերով: Հավանաբար քաղաքացիները ուղղորդված էին ՏԻՄ և մարզային իշխանությունների կողմից:
«Շիրակ կենտրոն» ՀԿ
ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին
ՀՀ քաղաքաշինության նախարար
Վ. Վարդանյանին
Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների
արտահերթ հատկացման կարգում փոփոխություններ
կատարելու
Դիմում – առաջարկ
Հարգելի պարոն վարչապետ և պարոն նախարար
Անտարակույս Դուք քաջատեղյակ եք, որ Գյումրիում բնակարանների բաշխման հանձնաժողովի աշխատանքային խմբի կողմից 2009թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու նպատակով հրավիրվել էին Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված առաջին 1200 քաղաքացիները,որոնցից համապատասխան փաստաթղթեր մինչև օրս ներկայացրել են մոտ 750-ը:
Մեր` Շիրակ կենտրոն» ՀԿ-ն ԲՀԻՕՀՀՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի` պայմանագրերի և հերթացուցակների հանրային մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում ուսումնասիրություններ է կատարել, ըստ որոնց արդյունքների` հարյուրավոր անօթևան ընտանիքների կողմից փաստաթղթեր չներկայացնելու պատճառներից մեկն էլ այն է, որ այդ ընտանիքների մեկ կամ մի քանի անդամներ երկար ժամանակով բացակայում են Հայաստանից, նրանցից շատերի անձնագրերի վավերականության ժամկետը վաղուց լրացել է կամ ինչ-ինչ պատճառներով չեն կարող համապատասխան լիազորագրեր ուղարկել, ուստի ՀՀ կառավարության N 432 որոշմամբ պահանջվող փաստաթղթերի փաթեթը նրանք չեն կարող ձևավորել: Եվ այդ պատճառով ծանր կենցաղային ու սոցիալական պայմաններում բնակվող հազարավոր անօթևան ընտանիքներ չեն կարող օգտվել բնակարաններ ստանալու իրավունքից:
Պարոն վարչապետ, պարոն նախարար. աղետի գոտում ավելի քան երկու տասնամյակ բնակարանների սպասող անօթևանների շահերից ելնելով, ինչպես նաև բնակարանների բաշխման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով դիմում ենք Ձեզ և առաջարկում ենք վերանայել ՀՀ կառավարության N 432 որոշմամբ սահմանված` աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը և նրանում կատարել փոփոխություններ: Մասնավորապես` ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող այն անօթևան ընտանիքներին, ովքեր ունեն փաստաթղթերի համալրման խնդիրներ իրենց ընտանիքի անդամների Հայաստանից բացակայելու պատճառով, հնարավորություն ընձեռել օգտվելու իրենց բնակարան ստանալու իրավունքից այն պայմանով, որ բնակարան ստացողը համապատասխան պարտավորագրով ստանձնի բացակայողների նկատմամբ բնակարանային պարտավորություններ նրանց վերադառնալու դեպքում:
Կարծում ենք` Դուք ևս մեզ հետ համամիտ կլինեք, որ ՀՀ կառավարությունը պետք է շուտափույթ կերպով անդրադառնա վերը շարադրված հիմնախնդրին և կատարի համապատասխան փոփոխություն բնակարանների բաշխման կարգում:
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ` Վահան Թումասյան
04.02.2010թ.
Գյումրիում բնակարանների բաշխման գործընթացը ենթարկվում է մոնիթորինգի
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, 2009 թ. դեկտեմբերի 1-ից մեկնարկեց «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի` պայմանագրերի և հերթացուցակների հանրային մոնիթորինգ» ծրագիրը:
Ներկայումս «Շիրակ կենտրոն» ՀԿ ներկայացուցիչները, ընդգրկված լինելով ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանների բաշխման հանձնաժողովում, իրականացնում են հանձնաժողովի աշխատանքների դիտարկում, ինչպես նաև մոնիթորինգի են ենթարկում բնակարանների բաշխման ամբողջ գործընթացը:
Աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացը, որում նախկինում մշտապես տեղ են գտել չարաշահումներ և օրինախախտումներ, եղել է և մնում է հասարակության ուշադրության կենտրոնում: Ուստի նման ծրագրի իրականացումը ինչ-որ տեղ նշանակում է հանձնաժողովի մյուս անդամների հետ կիսել պատասխանատվությունը բնակարանների բաշխման ոլորտում օրինականության ապահովման համար:
Երկրաշարժի պատճառով միայն Գյումրիում ավելի քան 21.000 ընտանիք մնացին անօթևան: Մինչև օրս այստեղ շուրջ 18.000 բնակարան է շահագործման հանձնվել, սակայն դեռ 4000 ընտանիք շարունակում է մնալ երկրաշարժից անօթևան, և նրանց համար առաջնային է բնակարանային հիմնախնդիրը:
Երեք տարի տևած ընդմիջումից հետո ՀՀ իշխանությունները 2008 թվականին վերջապես անդրադարձան աղետի գոտում առկա անօթևանության հիմնախնդրին, և համաձայն «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի», մինչև 2013 թվականը կառուցվելու է առնվազն 4883 նոր բնակարան ու բնակելի տուն: «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն, որը 2008 թվականին շահեց ՀՀ կառավարության կողմից հայտարարված բաց մրցույթը, միայն Գյումրիում շահագործման է հանձնելու 3030 բնակարան և սպասարկման օբյեկտների տարածքներ: 2003թ-ից ի վեր, երբ Լինսի ծրագրով աղետի գոտում բնակարանային շինարարությունը ավարտվեց, ՀՀ կառավարությունը Գյումրիում անօթևանների բնակարանային խնդրի լուծումը փորձեց իրականացնել ոչ թե բնակշինարարության, այլ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով, ինչը ոչ այնքան անօթևաններին բնակարաններով ապահովման խնդիր լուծեց, որքան նպաստեց արտագաղթին և աղետի գոտում, այսպես ասած, ոչ պաշտոնական անօթևանների թվաքանակի աճին, քանզի շատ անօթևաններ ստանալով այդ գումարը, որի չափը անհամեմատ պակաս էր բնակարանների իրական արժեքից, այն ծախսեցին ոչ բնակարաններ գնելու նպատակով, ինչևիցե...
Նշենք նաև,որ աղետի գոտում անօթևանների թվաքանակը անհամեմատ պակաս կլիներ, եթե բնակարանների բաշխման գործընթացը անցած տարիներին ընթանար օրինականության սահմաններում և հրապարակային, քաղաքացիական կառույցների կողմից ենթարկվեր հսկողության, ինչպես, ասենք, ներկայումս է կատարվում:
Մեր ներկա ծրագրով բնակարանների բաշխման գործընթացը ոչ միայն մոնիթորինգի է ենթարկվում, այլ նաև հրապարակայնացվում է: Բնակարան ստացողների ամբողջ ցանկը ներկայացվում է տեղական հեռուստատեսությամբ և ԶԼՄ-ներով, տեղադրվում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի վեբ - կայքում:
Իսկ բնակարանների բաշխման գործընթացի մոնիթորինգի հակիրճ նկարագիրը հետևյալն է. անօթևաններին բնակարանների հատկացման մասին բնակարանների բաշխման հանձնաժողովից ստացված որոշումները, ինչպես նաև բնակարանների հավակնորդ և արդեն իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարի անօթևաններին բնակարաններ հատկացնելու մասին հրամանների մեջ ընդգրկված անձանց ցուցակները ամբողջովին մուտքագրվում են նախօրոք պատրաստված մոնիթորինգային աղյուսակների մեջ: Այնուհետև մանրամասն ուսումնասիրվում են նրանց գործերը` յուրաքանչյուր անուն առանձին-առանձին համեմատվում է տեղեկատվական բազայում առկա ցուցակների հետ, ստուգվում է, թե արդյոք տվյալ անօթևանի անունը կա՞ Գյումրու անօթևանների ցուցակում, ինչպես նաև նրանց անունները փնտրվում են երկրաշարժից հետո մինչ օրս բնակարան ստացած անձանց ցուցակներում: Այնուհետև առանձնացվում են այն անօթևանների անունները և գործերը, որոնց հետ կապված խնդիրներ են ծագում: Պատրաստվում է համապատասխան գրություն, որով հավելյալ տեղեկատվություն և պարզաբանումներ են պահանջվում ՀՀ քաղաքաշինության նախարարությունից, ինչպես նաև կատարվում են այցելություններ այդ անօթևանների ժամանակավոր կացարաններ: Հավաքված տեղեկատվությունը և եզրակացությունները մուտքագրվում են մոնիթորինգի զեկուցի աղյուսակների մեջ:
Այս ծրագիրն իր մեջ ներառում է նաև անօթևանների իրազեկման ու նրանց իրավունքների պաշտպանության բաղադրիչներ:
Գյումրիում մեկնարկած` անօթևաններին բնակարանների բաշխման գործընթացի շրջանակներում անցած տարվա նոյեմբեր ամսին բնակբաշխման հանձնաժողովի կողմից, համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու հրավիրվել են Գյումրու անօթևանների հերթացուցակի 1200 ընտանիքներ.
1- սենյականոց բնակարան ստացողներից` 1-500, 2 -սենյականոց բնակարան ստացողներից` 1-500 և 3 -սենյականոց բնակարան ստացողներից` 1-200 հերթական համարներում ընդգրկված անձինք, որոնցից հանձնաժողով էին ներկայացելընդամենը 726-ը: «Շիրակ կենտրոնի» ներկայացուցիչներն այցելեցին տնակային ավաններ` անօթևաններին իրազեկելու, ինչպես նաև հարցումներ իրականացնելու նպատակով: Ըստ ծրագրի շրջանակներում իրականացված այդ ուսումնասիրությունների արդյունքների, հարյուրավոր անօթևանների կողմից փաստաթղթեր չներկայացնելու պատճառները հետևյալներն են`
1. փաստաթղթեր չներկայացրած անօթևանների առաջին խմբում նրանք են, ովքեր առհասարակ բացակայում են քաղաքից կամ նրանց ընտանիքի մեկ կամ մի քանի անդամները բացակայում են Հայաստանից և տարբեր պատճառներով չեն կարող համապատասխան լիազորագրեր ուղարկել, ուստի նրանց փաստաթղթերի փաթեթը ամբողջական չէ.
2. երկրորդ խմբում այն անօթևաններն են, ովքեր երկու կամ ավելի ընտանիքով գրանցված են նույն հասցեում: Այսինքն մեկ բնակարանին հավակնում են միաժամանակ մեկից ավելի ընտանիքներ և նրանց միջև չի կայանում փոխհամաձայնություն հասանելիք բնակարանի պատկանելիության, համապատասխան փաստաթղթերի փաթեթը ձևավորելու և հանձնաժողով ներկայացնելու առումով.
3. համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց խուսափում են այն անօթևանները, որոնք ներկայումս բնակվում են քաղաքի կենտրոնական մասում տեղակայված տնակային ավաններում և ցանկություն չունեն տեղափոխվելու քաղաքի ծայրամասում կառուցված նորակառույց բնակարաններ.
- կան նաև բազմաթիվ անօթևան ընտանիքներ, որոնց փաստաթղթեր չներկայացնելու պատճառը անիրազեկությունն է:
Աղետի գոտում բնակարանների սպասող անօթևանների շահերից ելնելով, ՀՀ կառավարությունը պետք է շուտափույթ կերպով անդրադառնա վերը շարադրված հիմնախնդիրներին և դրանց լուծումները տալու նպատակով կատարի համապատասխան փոփոխություններ բնակարանների բաշխման կարգում:
Ի դեպ, երբ մենք մեր կողմից նախօրոք պատրաստված իրազեկման թերթիկներով այցելում էինք այն անօթևանների ժամանակավոր կացարաններ, ովքեր վերը նշված պատճառներով չէին ներկայացել բնակարանների բաշխման հանձնաժողով, նրանք մի տեսակ զարմացած մեզ հարց էին տալիս, թե այդ ինչ է փոխվել մեր երկրում, որ իրենց արդեն նույնիսկ հրավիրում են բնակարաններ ստանալու:
Ծրագիրը լայն արձագանք է գտել ինչպես քաղաքացիական հասարակության կառույցների և անօթևանների, այնպես էլ ԶԼՄ-ների շրջանում: Թերևս այդ է վկայում այն փաստը, որ ընդամենը երկու ամսվա ընթացքում թե՛ մարզային, թե՛ հանրապետական մամուլը բազմիցս անդրադարձել է այս ծրագրին:
Շիրակ կենտրոն ՀԿ նախագահ` Վահան Թումասյան
|
|