| |
Բաց նամակ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
Գյումրիում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող բնակարանաշինության սեյսմակայունության շուրջ առկա մտահոգությունների և որակի հրապարակային փորձաքննություն անցկացնելու խնդրի մասին
Հարգելի պարոն նախագահ և պարոն վարչապետ.
2009 թվականին, երբ աղետի գոտում և հատկապես Գյումրիում երկարատև դադարից հետո վերջապես վերսկսվեց բնակարանների կառուցումը, ցուրտ ու խոնավ տնակներում արդեն երկու տասնամյակ պատսպարված անօթևան հազարավոր ընտանիքներում կրկին հույս ու հավատ արթնացավ, որ ի վերջո իրենք ևս կունենան ամուր, հարմարավետ և լուսավոր բնակարաններ: Սակայն դեռևս շինարարության ընթացքում գյումրեցի անօթևան ընտանիքների շրջանում խոսակցություն տարածվեց կառուցվող բնակարանների կասկածելի որակ ունենալու մասին: Եվ խոսքը ամենևին հարդարման աշխատանքների որակի մասին չէ…
Անշուշտ, կառուցվող բնակարանների ամրության վերաբերյալ անօթևանների մտահոգությունը բացատրելի է, քանզի 1988-ի երկրաշարժի հիշողությունները դեռևս թարմ են:
Մեր կազմակերպությունը 2009 թ. դեկտեմբերի 1-ից Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացնում է «Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի` պայմանագրերի և հերթացուցակների հանրային մոնիթորինգ» ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակներում մեր հանդիպումներն ու դիտարկումները ցույց տվեցին, որ նման տեղեկությունները իրոք արժանի են ուշադրության, քանզի դրանք հիմնականում տարածվում են հենց նույն «Գլենդել Հիլզի» շինարարական աշխատանքներում ընդգրկված շինարարների կողմից:
Ցավալի է նաև այն փաստը, որ մինչև օրս որևէ իրազեկ պաշտոնյայի կողմից այդ խոսակցությունները պատշաճ կերպով չեն հերքվել և հասարակությանը պարզաբանում չի տրվել առկա մտավախությունները փարատելու համար:
Ուստի դիմում ենք Ձեզ, ակնկալելով Ձեր միջամտությունը` ստեղծելու մի փորձագիտական հանձնաժողով, որը կանցկացնի ինչպես արդեն կառուցված ու կառուցվող, այնպես էլ առաջիկայում կառուցվելիք շենքերի որակի, ամրության ու սեյսմակայունության հրապարակային փորձաքննություն եւ արդյունքները կհանրայնացնի: Մենք ակնկալում ենք, որ նման հանձնաժողով ստեղծելու դեպքում դրանում համապատասխան մասնագետներից բացի կընդգրկվեն նաև աղետի գոտում գործող ԶԼՄ, ՀԿ և անօթևան ընտանիքների ներկայացուցիչներ: Այլապես անհնար կլինի առանց այդ էլ մեծ վիշտ և զրկանքներ կրած անօթևանների մեջ փարատել վախն ու անհանգստությունը: Նման հանձնաժողովի ստեղծումը և եզրակացությունների հանրայնացումը նաև վերջ կդնեն այն տեսակետներին, թե իբր կառուցվող շենքերի կասկածելի ամրության մասին խոսակցությունները տարածվում են միտումնավոր, որպեսզի նման հասարակական կարծիքը օգտագործվի որպես հարմար առիթ` բնակարանային շինարարությունը Գյումրիում դադարեցնելու համար:
Հարգանքով`
<<Շիրակ կենտրոն>>
ՀԿ նախագահ Վահան Թումասյան
Գյումրի
18.01.2010թ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Շիրակ կենտրոն»ՀԿ-ն «Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի` պայմանագրերի և հերթացուցակների հանրային մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում անօթևաններին բնակարանների բաշխման գործընթացի վերաբերյալ տրամադրում է իրավաբանական անվճար խորհրդատվություն:
Բնակարանների բաշխման գործընթացին առնչվող հարցերով դիմել «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` Տիգրան Մեծի 20շ., բն. 5, հեռախոսներ` 6-69-92, 5-15-42, 091 45-13-37, հարցեր կարող եք հղել նաև էլեկտրոնային հետևյալ հասցեներով` shirakcentre@rambler.ru, shirakcentre@yahoo.com կամ օնլայն տարբերակով` www.shirakc.org վեբ կայքի միջոցով:
Ծրագիրը ֆինանսավորվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից:
«ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
|
|