| |
Բնակարանների բաշխման վիճակահանություն և հավաստագրերի հանձնում Գյումրիում
Աղետի գոտում բնակարանների բաշխման հանձնաժողովը` ՀՀ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանի ղեկավարությամբ, երեկ Գյումրիում կայացած նիստում որոշեց թվով 96 գյումրեցի անօթևանների համար դեկտեմբերի 19-ին անցկացնել 1-ին փուլով բաշխվող բնակարանների վիճակահանություն: Վիճակահանությունը անձամբ կատարելու են բնակարան ստացող անօթևանները: Հանձնաժողովի որոշմամբ, ընտանիքում հաշմանդամ ունեցող անօթևանների համար, իրենց ցանկությամբ, կկատարվի առանձին վիճակահանություն` շենքերի առաջին հարկի համար:
«Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության կողմից կառուցված 2 շենքերի 96 բնակարաններից վիճակահանվելու են`
1 սենյականոց 40,
2 սենյականոց – 32,
3 սենյականոց – 24 բնակարան:
Վիճակահանությունը տեղի է ունենալու հրապարակային, մասնակցությամբ` ՀՀ Շիրակի մարզպետի, Գյումրու քաղաքապետի, ՀՀ ԱԺ պատգամավորներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Իսկ դեկտեմբերի 23-ին Գյումրիում սպասվում է անօթևաններին բնակարանների հաստատման մասին հավաստագրերի և բանալիների հանձման արարողությունը, որին հավանաբար կմասնակցի նաև ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը:
Հավաստագրերը ստանալուց հետո միայն անօթևաններին հնարավորություն կտրվի այցելել իրենց նորակառույց բնակարանները: Նշենք, որ հավաստագրերում լինելու է նաև մի պայման, ըստ որի բնակարան ստացած անօթևանները պարտավորվելու են 2 ամսվա ընթացքում ազատել իրենց ժամանակավոր կացարանների տարածքները, դրանից հետո միայն օրդերավորվելու են հատկացված բնակարանները:
ՀՀ քաղաքաշինության նախարարի որոշմամբ անօթևանների կողմից ժամանակավոր կացարաններից տարածքները ազատելուն վերաբերվող տեղեկանքների տրամադրման իրավասությունը տրվել է «Գլենդել Հիլզ» -ին, նախկինում այդ իրավասությունը պատկանում էր Գյումրու քաղաքապետարանին:
Սույն հաղորդագրությունը պատրաստել է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
«Շիրակ կենտրոն» ՀԿ
Հանրային մոնիթորինգ բնակարանների բաշխման գործընթացում
Հաղորդագրություն
մամլո-ասուլիսի մասին
15.12.09թ.
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի դրամաշնորհային ծրագրիշրջանակներում «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Աղետի գոտու անօթևանների իրավունքներիպաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի` պայմանագրերի և հերթացուցակների հանրային մոնիթորինգ» ծրագրի մեկնարկի և Գյումրիում բնակարանների բաշխման գործընթացի առաջին փուլին նվիրված, մամլո-ասուլիս տեղի ունեցավ այսօր Գյումրիում, Ժուռնալիստների «Ասպարեզ»ակումբում:
Բանախոսը`ծրագրի ղեկավար Վահան Թումասյանը խոսելով ծրագրի մասին նշեց, որ այն հիմնակամում հետապնդում է 4 նպատակ.
1. Անօթևաններին իրազեկում բնակարանների բաշխման գործընթացի և իրենց իրավունքների մասին,
- անօթևանների շահերի և իրավունքների պաշտպանություն,
- բակարանների բաշխման գործընթացի հանրային մոնիթորինգի իրականացում,
- բնակարանների բաշխման գործընթացի ուսումնասիրություն և դրա կատարելագործմանն ուղղված առաջարկությունների փաթեթի պատրաստում:
Վ. Թումասյանը նշեց, որ բնակարանների բաշխման գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով, բոլոր բնակարան ստացող անձանց ցուցակները պարբերաբար հրապարակելու են տեղական հեռուստատեսություններով, ինչպես նաև բնակարանների բաշխման մասին առկա ողջ տեղեկատվությունը, այդ թվում այս ծրագրի շրջանակներում ստեղծված Գյումրու տնակային ավանների քարտեզի էլեկտրոնային տարբերակը տեղադրվում են shirakc.org վեբ կայքում:
Այնուհետև Վ.Թումասյանը անդրադառնալով երկրաշարժից հետո բնակարանների բաշխման գործընթացին նշեց, «այն երբեք չի կրել համակարգված բնույթ և անհրաժեշտ վերահսկողության բացակայության պատճառով մշտապես այդ գործընթացում տեղ են գտել օրինախախտումներ: Կարծում եմ նաև այդ պատճառով է, որ թեև մինչ օրս տարբեր տվյալների համաձայն անօթևաններին է բաշխվել ավելի քան 18.000 բնակարան, սակայն միայն Գյումրիում, անօթևանների հերթացուցակում դեռևս կան հաշվառված բնակարանի սպասող 4000 ընտանիքներ»: Նշենք նաև, որ մի քանի հազար ընտանիքներ էլ կան, որոնք թեև պետության կողմից փոխհատուցման ենթակա չեն, սակայն կրկին փաստացի անօթևան են և ապրում են տնակներում: Պետության կողմից փոխհատուցման ոչ ենթակա անօթևանների թվաքանակի ավելացմանը խթանեց վերջին տարիներին ԲԳՎ-ի միջոցով բնակարանների խնդրի լուծման մեթոդի կիրառումը, երբ հարյուրավոր ընտանիքներ ստանալով բնակարաններ գնելու նպատակով տրվող գումարները չծառայեցրեցին այդ նպատակին և շարունակում են դեֆակտո մնալ անօթևան, բնակվելով ժամանակավոր կացարաններում: Նման կարգավիճակի անօթևանների մեծ թվաքանակի առկայության պատճառներից մեկն էլ հայտնի ՀՀ կառավարության N 432 որոշումն է, որով անկախ ընտանիքի անդամների քանակի ավելացմանը անօթևաններին տրվում է ճիշտ այնքան սենյակ, որքան նրանք կորցրել են երկրաշարժին: Եվ դա այն դեպքում, երբ հենց այդ նույն որոշմամբ անօթևաններին տրվող բնակարանների սենյակների քանակը պակասեցվում է, եթե ընտանիքի անդամների քանակը պակասել է:
Այս տարի «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության կողմից կառուցված 1054 բնակարանների բաշխման գործընթացը արդեն իսկ սկսված է: Այդ նպատակով նոյեմբեր ամսին բնակարանների բաշխման հանձնաժողովի աշխատանքային խումբը համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու նպատակով հրավիրել էր հերթացուցակի առաջին 1200 անօթևաններին,սակայն նրանցից տարբեր պատճառներով հանձնաժողով են ներկայացել 726-ը: Շիրակ կենտրոնի»կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն հարյուրավոր անօթևանների կողմից փաստաթղթեր չներկայացնելու պատճառները հետևյալն են.
1.փաստաթղթեր չներկայացրած անօթևանների առաջին խմբում նրանք են, ովքեր առհասարակ բացակայում են քաղաքից կամ նրանց ընտանիքի մեկ կամ մի քանի անդամները բացակայում են Հայաստանից և տարբեր պատճառներով չեն կարող համապատասխան լիազորագրեր ուղարկել, ուստի նրանց փաստաթղթերի փաթեթը ամբողջական չէ,
2. երկրորդ խմբում այն անօթևաններն են, ովքեր երկու կամ ավելի ընտանիքով գրանցված են նույն հասցեում: Այսինքն մեկ բնակարանին հավակնում են միաժամանակ մեկից ավելի ընտանիքներ և նրանց միջև չի կայանում փոխհամաձայնություն հասանելիք բնակարանի պատկանելիության առումով և համապատասխան փաստթղթերի փաթեթը ձևավորելու և հանձնաժողով ներկայացնելու համար,
3. համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց խուսափում են այն անօթևանները, ովքեր ներկայումս բնակվում են քաղաքի կենտրոնական մասում տեղակայված տնակային ավաններում և ցանկություն չունեն տեղափոխվել քաղաքի ծայրամասում կառուցված նորակառույց բնակարաններ,
4. կան նաև բազմաթիվ անօթևաններ, որոնց փաստաթղթեր չներկայացնելու պատճառը անիրազեկությունն է:
Աղետ գոտում բնակարանների սպասող անօթևանների շահերից ելնելով, ՀՀ կառավարությունը պետք է շուտափույթ կերպով անդրադառնա վերը շարադրված հիմնախնդիրներին և դրանց լուծումները տալու նպատակով կատարի համապատասխան փոփոխություններ բնակարանների բաշխման կարգում:
«Շիրակ կենտրոն» ՀԿ
|
|