ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ | ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն | ARCHIVE | սկիզբ
Ծրագրեր |Ազգային ժողովրդավար |Լուրեր | Քաղաքական մշակույթ | Համայնքներ | Գրադարան | ԶԼՄ –ներ | ՀԿ-ներ/OO/NGOs | Photo
 
 





SMALL
 
 
MEDIUM


 
 
free hit counters

 
ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ
 

Ալեքսանդր Սոլովյով

   1950-1960-ական թվականներին գաղութային կախումից ազատագրված և իրենց հետագա վերափոխումների խնդիրը գործնական հարթության վրա դրած երկրների քաղաքական ճակատագրերի նկարագրության բովում ծնվեց արդիականացման տեսությունը: Ի հայտ եկած տասնյակ տեսություններ հիմնվում էին հսարակական զարգացման անհամաչափության, պետությունների զարգացման գործընթացում մինչժամանակակից փուլի առկայության, ժամանակակից հասարակությունների գոյության ընդունման, ինչպես նաև մյուս պետությունների արդիականացման անհրաժեշտությունը գիտակցելու վրա: Ընդ որում, բնական ճանապարհով բարձր զարգացման հասած պետությունները համարվում էին <<ինքնաբուխ արդիականացման>> կրողներ, իսկ այն պետությունները, որոնք դեռ պետք է արդիականացվեին, անվանվում էին <<արտացոլովող արդիականացման>> երկրներ:
   Այն ժամանակ <<արդիականացումը>> միաժամանակ նշանակում էր թե հասարակական վերափոխությունների մի փուլ, թե դեպի ժամանակակից հասարակություն անցման գործընթաց:
   Եվ քանի որ արդիականացման առաջին տեսություններն ի հայտ եկան այն ժամանակ, երբ կառավարման ոլորտում Արևմուտքի, մասնավորապես` ԱՄՆ-ի առաջընթացն անվիճելի էր, ուստի ժամանակակից պետության օրինակի դերում աստիճանաբար սկսում էր հանդես գալ <<ամերիկյան ազատ հասարակությունը>>: Այլ խոսքերով`արդիականացումն ընկալվում էր իբրև արևմտականացում` կյանքի բոլոր ոլորտներում արևմտյան նշումների կրկնօրինակում, և դիտվում էր իբրև պետությունների քաղաքական ու սոցիալ-տնտեսական զարգացման նախապայման: Նախապայման, քանի որ համաձայն այս տեսությունների` զարգացումը հնարավոր էր միայն Արևմուտքին հատուկ հասարակական կյանքի կազմակերպման հիմնական բնորոշ գծերի ընդօրինակումից հետո:
  
Արդիականացումն իբրև արևմտյան հասարակություններին ձգտող հետևողական շարժում ընկալելու պայմաններում գիտնականները սկսում էին համարել, որ կա արդիականացման միայն մեկ դրսևորում` <<հետապնդող զարգացումը>>: Իսկ այդ զարգացումն ապահովելու գլխավոր միջոցը համարվում էր արևմտյան երկրների կողմից ցույց տրվող տնտեսական օգնությունը: Ենթադրվում էր, որ մեկ շնչին բաժին ընկնող եկամտի մակարդակի որոշակի բարձրացումը կհանգեցներ սոցիալական և քաղաքական համակարգերի նույն վերափոխմանը, որը տեղի էր ունեցել Արևմուտքում: Ըստ էության, արդիականացնող հիմնական գործոնը համարվում էր կապիտալը, որը կարող էր իր հերթին անհրաժեշտ արժեքների ու ժողովրդավարական ինստիտուտների արմատավորման հիմք դառնալ և դրանով իսկ օգնել հաղթահարել կյանքի և մարդու իրավունքների պաշտպանվածության ցածր մակարդակը:
   Սակայն արդիականացումն իբրև նման գծային շարժում դիտարկելը և աֆրոասիական, լատինամերիկյան ու մի շարք այլ պետությունների կողմից արժեքների, իշխանության կազմակերպման ինստիտուտների և պետության ու քաղաքացու փոխհարաբերությունների արևմտյան տարբերակի հետևողական ընդօրինակումը չհաղթահարեց կյանքի փորձությունը: Իրականում ազատական արժեքների ինստիտուցիոնալացումը, խորհրդանական համակարգերի հաստատումը, իշխանության ճյուղերի տարանջատումը և արևմտյան այլ չափանիշների կենսագործումը չնպաստեցին պետական կառավարման արդյունավետությանը: Ընդհակառակը, աճեցին կոռուպցիան, բյուրոկրատիայի կամայականությունները, բնակչության աղետալի շերտավորումը և ապաքաղաքականացումը, հասարակության ներսում բախումնային տրամադրությունները և այլն: Գիտնականները արդիականացման նման հետևանքները փորձեցին բացատրել այդ երկրների` ժողովրդավարական զարգացման ճանապարհով ընթանալու անպատրաստությամբ: Մինչդեռ ակընհայտ էր, որ ձախողման պատճառը արդիականացման ծրագրերի միակողմանիությունն ու արհեստականությունն էր:
   1970-ական թվականներին արդիականացման և զարգացման միջև կապը հարկ եղավ վերանայել: Անցումային գործընթացները սկսեցին դիտվել իբրև պետությունների զարգացման առանձին փուլ, ընդ որում` ենթադրվեց, որ այդ գործընթացների հետևանքները հնարավոր չէ կանխատեսել: Նախանշվեցին նման զարգացման երեք հնարավոր տարբերակներ. նախ` զարգացում ապրել` չշարժվելով դեպի ժամանակակից արժեքներ, երկրորդ` ընթանալ արդիականացման ճանապարհով, և երրորդ` սկսել արդիականացումը, բայց հանգել նախկինից էլ ավելի կոշտ քաղաքական վարչակարգի:
   Արդիականացման գործընթացի շրջանակներում սոցիալական, տնտեսական և քաղաքական բոլոր դրական վերափոխումները, որոնք տեղի էին ունենում արևմտյան ժողովրդավարության մոդելից անկախ, սկսեցին դիտվել իբրև այդ պետությունների զարգացման հնարավոր ձևեր: Ընդ որում, ավանդական արժեքների և ինստիտուտների գոյությունն այլևս չէր ընկալվում իբրև խոչընդոտ արդիականացման ճանապարհին: Զարգացման համընդհանուր չափանիշների և նպատակների պահպանմամբ հանդերձ` գիտնականները սկսեցին շեշտը դնել այդ նպատակների կենսագործման ազգային տարբերակների վրա: Սրա հետևանքով <<հետապնդող>> արդիականացման կողքին կյանքի իրավունք ստացան արդիականացման <<մասնակի>>, <<ուժային>>, <<փակուղային>> և այլ տարբերակներ:
   Անցումային վերափոխումների բնույթն ու արագությունը որոշող գլխավոր գործոն համարվեց սոցիոմշակութային գործոնը` անհատի տեսակը, նրա ազգային բնավորությունը և այլն:
   Ընդհանրացնելով տարբեր երկրների արդիականացման պայմանները` շատ գիտնականներ սկսեցին պնդել  փոփոխությունների որոշակի հաջորդականության պահպանման անհրաժեշտությանը: Այսպես Ու.Մուրը և Ա.Էքստայնը կարծում էին, որ պետք է սկսել արդյունաբերական հասարակության կերտումից, Կ.Գրիֆֆինը` գյուղատնտեսական բարեփոխումներից, Մ. Լեվին` զարգացած երկրների կողմից մեծ օգնության ցուցաբերումից, Ս. Էյզենշտադտը` սոցիալական փոփոխությունների հանգեցնող ինստիտուտների զարգացումից: Ու.Շրամը կարծում էր, որ ամենակարևորը համընդհանուր արժեքներ քարոզող քաղաքական հաղորդակցություններին են, իսկ Բ.Խիգգինսը պնդում էր, որ արդիականացման կարևորագույն օղակը ուրբանիզացիան է:
   Արդիականացման տարբերակների խնդիրը լայն քննարկման ենթարկվեց ազատականների և պահպանողականների տեսական բանավեճերում: Ազատականները (Ռ. Դալ, Գ. Ալմոնդ, Լ. Պայ) կարծում էին, որ միջին խավի ձևավորումը և հասարակության կրթվածության աստիճանի բարձրացումն անխուսափելիորեն հանգեցնում են կառավարման համակարգի փոփոխությունների: Դրա շնորհիվ ոչ միայն սահմանափակվում է գաղափարախոսության միջամտությունը հասարակական գործընթացներին, այլև կասկածի է ենթարկում որոշումների կայացման և  դրանց իրագործման կենտրոնացված համակարգի արդյունավետությունը, քանի որ քաղաքականապես ակտիվ բնակչությունը նպասոտւմ է լրացուցիչ իշխանական կենտրոնների գոյությանը: Իսկ արդիականացման արագությունն ու բնույթը կախված են ազատ վերնախավերի թափանցիկ մրցակցությունից և սովորական քաղաքացիների ներգրավվածության աստիճանից: Ազատական մոտեցման շրջանակներում Ռ. Դալն առաջ քաշեց պոլիարխիայի տեսությունը, ըստ որի անցումային գործընթացում անհրաժեշտ է նախևառաջ հասնել նախաժողովրդավարական վիճակի` պոլիարխիայի: Մի կողմից` այն ժողովրդավարությունից տարբերվում է ազատությունների որոշակի սահմանափակությամբ, ենթադրում է տեղեկատվության սակավաթիվ այլընտրանքային աղբյուրների գոյություն, չի երաշխավորում ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումը, ցուցաբերում է ընտրողների ձայներից պետական ինստիտուտների կախվածության ցածր աստիճան: Մյուս կողմից` պոլիարխիան իշխանության համակարգի վերափոխման առավել մատչելի և իրատեսական տարբերակ է: Իբրև պոլիարխիային հասնելու պայմաններ` Ռ. Դալը նշում էր քաղաքական բարեփոխումների հետևողական իրագործումը, սոցիալ-տնտեսական զարգացման որոշակի աստիճանի հասնելը, հասարակության մեծ բևեռացվածության բացառումը, արտասահմանյան երկրների օգնությունը և միջազգային վերահսկողությունը, քաղաքական առաջնորդների և վերնախավերի ժողովրդավարական համոզմունքները:
   Իսկ պահպանողական տեսաբանները կարծում էին, որ արդիականացման գլխավոր աղբյուրը ակտիվ քաղաքացիների և ինստիտուտների միջև բախումն է: Քանի որ զանգվածները պատրաստ չեն իշխանության ինստիտուտների պատշաճ օգտագործմանը, իսկ պետությունը կառուցողականորեն չի օգտագործում նրանց ակտիվությունը, քաղաքականության մեջ ներգրավելու վերաբերյալ քաղաքացիների ակնկալիքները չիրականացնելը հանգեցնում է վարչակազմի կոռումպացվածությանը: Սրա հետևանքով, ըստ Հանտինգտոնի, արդիականացումը հանգեցնում է <<ոչ թե քաղաքական զարգացման, այլ քաղաքական անկման>>:
   Այսինքն` այն երկրներում, ուր սոցիալական և տնտեսական կյանքի որակական փոփոխությունների հիմքում ընկած չեն ժողովրդավարական ավանդույթները, վերափոխման ցանկացած փորձ հասարակության համար բացասական հետևանք կունենա:
   Քանի որ, ըստ պահպանողականների, քաղաքականության համար զարգացման գլխավոր ցուցանիշը կայունությունն է, ուստի արդիականացող պետություններին անհրաժեշտ է ուժեղ քաղաքական վարչակազմ, լեգիտիմ իշխող կուսակցություն:
   Այսպիսով, պահպանողականները շեշտը դնում էին կազմակերպվածության, կարգուկանոնի, ավտորիտար կառավարման վրա: Նրանց համոզմամբ` քաղաքական համակարգը փոփոխվող պայմաններին հարմարեցնելու միայն այս միջոցներն են, որ կարող են ապահովել ուժեղ պետական բյուրոկրատիա, բարեփոխումների աստիճանական անցկացում, ժամանակին վերափոխումների և այլ գործողություններ, որոնք հանգեցնում են արդիականացման դրական արդյունքների:
   Ընդհանուր առմամբ, այդ շրջանում վերափոխումների փորձը ցուցաբերեց արդիականացման համընդհանուր չափանիշներ և պահանջներ, որոնք իրագործելով` պետություններն ի վիճակի էին ստեղծել այն քաղաքական, տնտեսական և սոցիալական կառույցները, որոնք իրենց հերթին թույլ կտային արձագանքել ժամանակի մարտահրավերներին և զարգացում արձանագրել:
   Այդպիսի համընդհանուր նպատակների թվին էին դասվում շուկայական հարաբերությունների ձևավորումը, կրթության բնագավառի զարգացման համար ծախսերի մեծացումը, գիտության դերի բարձրացումը, պլյուրալիստական իշխանության կազմակերպումը, մարդու իրավունքների պահպանումը, քաղաքական կոմունիկացիաների աճը, կառավարչական որոշումների իրագործման կոնսենսուսային տեխնոլոգիաների մշակումը և այլն:
   Սակայն այդ վերափոխումների իրագործման միջոցները, արագությունը և բնույթը ամբողջովին կախված են ներքին գործոններից, այս կամ այն պետության ազգային և պատմական ունակություններից: