ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ | ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն | ARCHIVE | սկիզբ
Ծրագրեր |Ազգային ժողովրդավար |Լուրեր | Քաղաքական մշակույթ | Համայնքներ | Գրադարան | ԶԼՄ –ներ | ՀԿ-ներ/OO/NGOs | Photo
 
 





SMALL
 
 
MEDIUM


 
 
free hit counters

 
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ
 

 Ռիչարդ Նիքսոն


Մենք պիտի հարգենք և պաշտպանենք մեր դրոշը, սակայն ոչ իբրև կույր պաշտամունքի առարկա, այլ իբրև գաղափար, որն իր մեջ հարուստ փիլիսոփայական ժառանգություն է ամփոփում: Միայն այս ժառանգության ըմբռնումն է, որ կարող է մարդկանց մեջ իրական հարգանք դաստիարակել դրոշի նկատմամբ: Եթե մի օր դրոշն անարգելուց մարդկանց հետ պահի միայն օրենքը, ապա դրոշն, իրոք, սին խորհրդանիշի կվերածվի:
    Ամերիկյան լուսավորության գործիչներն այս առումով շատ բան են բաց թողել: Բարձր դասարանների աշակեևտների մեծամասնությունը չի կարող ասել, թե երբ է տեղի ունեցել քաղաքացիական պատերազմը և, առավել ևս, ինչպես է այդ իրադարձությունը օգնել պահպանելու 50 աստղերի և 13 գծերի խորհրդանշած միությունը: Անընդհատ փորձելով բավարարել աշակերտների ազատական հավակնությունները և ցանկանալով դաստիարակել նրանց <<համապատասխան>> ոգով, մանկավարժներն ավելի ու ավելի քիչ են ուշադրություն դարձնում ամերիկյան կառավարման համակարգի փիլիսոփայական սկզբունքներին: Մինչդեռ լիարժեք քաղաքացի դառնալու և դրոշին արժանի հարգանքով վերաբերելու համար երիտասարդները պիտի իմանան ավելին, քան Ամերիկայի հայտնագործման ու առաջին ներգաղթերի տարեթվերը: Նրանք պիտի իմանան, թե ինչ են բերել եվրոպական գաղութարարներն իրենց ուղեղներում ու սրտերում:
   1776թ. Անկախության հռչակագրի հեղինակները պատմական հսկայական նորամուծություն կատարեցին. նրանք ստեղծեցին փիլիսոփայական գաղափարների վրա հիմնված պետություն: Մեր հանրապետության հիմքում դրվեցին սոցիալական հավասարության, անքակտելի իրավունքների, կառավարության լիազաորությունների սահմանափակության և ժողովրդի լիակատար ինքնիշխանության սկզբունքները: Սակայն Սահմանադրությունը գրող ականավոր ամերիկացիներն իրանք խոստովանեցին, որ օգտագործել են անցյալի մեծ գաղափարները: Նրանց հայտնի էր, որ հին հույները ժողովրդավար ազգի համարում ունենալով հանդերձ, գործնականում հավատում էին կառավարության անհրաժեշտությանը և կառավարումը հանձնում էին ոչ թե ժողովրդավարական զանգվածներին, այլ ամենակիրթ, հարուստ և պատրաստված քաղաքացիներին: Հիմնադիր-հայրերը կարդացել էին Հոբսի աշխատանքները և կասկածում էին մարդկանց ինքնակառավարման ընդունակությունների վրա: Նրանք կողմ էին ավտորիտար կառավարմանը և ժողովրդավարությունն անվանում էին <<ոչ այլ ինչ, եթե ոչ հռետորների մեծախոսուիթյուն >>: Հիմնադիր-հայրերի աշխարհայացքի հիմնաքարը դարձան անգլիացի փիլիսոփա Լոկի  և ֆրանսիացի փիլիսոփա Մոնտեսքյոյի գաղափարները: Դրանք այն հիմքն էին, որի վրա ամերիկյան հեղափոխության առաջնորդները և Սահմանադրության հեղինակները ստեղծեցին անհատի, հասարակության և պետության փոխհարաբերությունները սահմանող ամերիկյան յուրահատուկ փիլիսոփայությունը:
   Լոկը պնդում էր, որ մինչև կառավարման իմստիտուտի հանդես գալը անհատն ապրել է ինքնաբավ, միայնակ ու երջանիկ կյանքով: Նա ունեցել է կյանքի, ազատության ու սեփականության իրավունք: Հասարակություն և պետություն ունենալու կարիքը ծնվել է միայն այն ժամանակ, երբ գիտակցվել են նշված իրավունքների ապահովման երաշխավոր կազմակերպության բացակայությունից բխող անհարմարությունները:
   Հիմնադիր-հայրերը խոսեցին Լոկի լեզվով: Կառավարման լոկյան փիլիսոփայությունը նրանք պատկերավոր շարադրեցին Անկախության հռչակագրում. <<…բորոլ մարդիկ ստեղծված են հավասար և օժտված են անքակտելի իրավունքներով, այդ թվում` կյանքի և ազատության իրավունքներով, որոնց ապահովման համար մարդիկ ստեղծում են կառավարություններ,… և եթե որևէ հասարակարգ  խախտում է այդ իրավունքները, ապա ժողովուրդն իրավունք ունի փոխել այն>>:
    Պատմությունը հայտնի չէ սահմանադրության այնպիսի երկար գոյատևում, ինչպիսի ամերիկյանինը: Հիմնադիր-հայրերի  քաղաքական հիմնադրույթները պարզ էին. Անհատներն առաջնորդվում են սեփական շահերով, իսկ կայուն կառավարումը  հենվում է հակադիր շահերի կարգավորման վրա: Սահմանադրության հեղինակները Մոնտեսքյոյի գաղափարների ոգով մշակեցի օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների հակակշիռների մի համակարգ: Համակարգ որում կառավարությունը բավականաչափ ուժեղ է մարդկանց իրավունքները պաշտպանելու համար, սակայն ոչ այնքան ուժեղ, որ սպառնալիք դառնա այդ իրավունքների համար:
    Պատմութփյան ընթացքում որևէ տնտեսակարգ չի ապահովվել այնպիսի զարգացում, ինչպես ամերիկյանը: Հիմնադիր-հայրերը հասկանում էին, որ բարեկեցությունը ստեղծվում է մասնավոր սեփականությամբ  և ազատ առևտրով: Նրանց հայացքները ճշմարիտ են նաև այսօր: Շուկայական հարաբերությունները տնտեսական աճ ծնող հսկայական բնական ուժ են: Նրանց հզորությունը հենվում է այն ճշմարտությունների վրա, որ մարդիկ աշխատում են իրենց կյանքը բարելավելու համար և որ պահանջարկի ու առաջարկի երկաթե օրենքները ռեսուրսները առավելագույնս արդյունավետ են բաշխում:
    Ոմանք քնադատում են շուկայական հարաբերությունները բարոյականության բացակայության համար: Մինչդեռ, ճշմարիտն ասած, դրանք ուղղակի անբարոյական են: Շուկայական հարաբերություններն անխիղճ արդյունավետությամբ հարստություն են ստեղծում` պարգևատրելով լավագույն արտադրողներին և դուրս մղելով մյուսներին: Սակայն դա հիմք չէ այդ հարաբերություններին մեղադրանք ներկայացնելու համար: Տնտեսական հասարակարգի նպատակն է հարստության ստեղծումը, իսկ բարոյականության զգացումը պիտի ստիպի ժողովրդին այդ հարստությունից մաս հանել սոցիալական կարիքների համար: Շուկայական հարաբերությունների էությունը հանգեցնում է երկու փիլիսոփայական խնդիրների: Առաջինը հավասարության և ազատության միջև եղած հակասությունն է: Ժողովրդավարությունը ենթադրում է երկու սկզբունքների համատեղ գոյություն: Անհրաժեշտ է, որ բոլորը հավասար լինեն օրենքի առջև և ունենան հավասար հնարավորություններ: Սակայն շուկայական հարաբերությունները չեն կարող և կառավարությունը չպետք է երաշխավորի տնտեսական արդյունքների հավասարություն:
   Երկրորդ խնդիրը տնտեսական անվտանգության և ազատության հակասությունն է: Ոմանք կարծում են, որ կառավարությունը պետք է ապահովի յուրաքանչյուր մարդու լիարժեք տնտեսական անվտանգությունը: Մյուսները կարծում են, որ այդ նպատակին հասնելու համար պետք է զոհաբերել տնտեսական ազատությունը, ինչն անընդունելի է: Պետությունը պարտավորվում է երաշխավորել, որ աղքատն ու գործազուրկը կարիքի մեջ չեն մնա: Պետք է սահմանափակել սեփական տնտեսական ազատությունը` ծանրանալով հարկերի տակ, կարիքավորներին ցույց տրվող օգնության ծրագրերը ֆինանսավորելու համար:
   Հիմնադիր-հայրերի փիլիսոփայությունը խորը հետք է թողել Ամերիկայի նույնիսկ հոգևոր կյանքում: Սահմանադրությամբ նրանք արգելեցին կոնգրեսին որևէ կրոն ամրագրող օրենք ընդունել: Նրանք գիտեին կրոնական համոզմունքների ուժը և հասկանում էին, որ դրանք կարող են քանդել հասարակությունը միավորող կապերը: Սա Ամերիկյան քաղաքական կյանքը զերծ պահեց կրոնական փոթորիկներից, սակայն նյութապաշտության վտանգ առաջացրեց: Ամերիկան պետք է ինստիտուտներ հիմնի` աջակցելու կյանքի հոգևոր ասպեկտների ճիշտ ընկալմանը: Ցավոք, առայժմ մեզ դա չի հաջողվում: Ակադեմիական շրջանակները, մեր արժեքները փառավորելու փոխարեն, իբրև ավանգարդ ոտնահարեցին դրանք: Մեր եկեղեցիները սկսեցին հետաքրքրվել միջուկային զինաթափությամբ ավելի, քան մարդու հոգևոր ուժի զարգացմամբ:
    Արտաքին քաղաքականության մեջ մենք երկընտրանքի առջև ենք կանգնած. կամ նպաստել ողջ աշխարհում ժողովրդավարության հաղթանակին, կամ հաշտվել ոչ ժողովրդավարական վարչակարգերի գոյության հետ: Տեսականորեն անհրաժեշտ է հետևել Լոկի փիլիսոփայությանը, սակայն գործնականում մենք պետք է խոստովանենք, որ հաճախ ժողովուրդը չի ունենում անհրաժեշտ ավանդույթներ` ժողովրդավարությունն աշխատեցնելու համար: Մենք մեր ժողովրդավարական քաղաքական ինստիտուտները դարերով ենք ստեղծել և չպետք է ակնկալենք, որ մյուսներն այն անմիջապես կնմանակեն:
   Մենք պետք է հանդես գանք ողջ աշխարհում ազատության և մարդու իրավունքների պաշտպանությամբ, սակայն մենք պետք է անենք դա միայն ամերիկյան շահերի շրջանակներում: Մենք պետք է խուսափենք մոլորությունից, թե կարող ենք համապատասխանեցնել աշխարհը մեր գաղափարներին: Մենք պետք է խոր հավատ ունենանք դեպի մեր արժեքները, սակայն մեր հիմնարար արժեքներից մեկը այն է, որ մենք չպետք է փորձենք ուրիշներին պարտադրել մեր համոզմունքները:
    Թեև այս հարցադրումների վերջնական պատասխանները մշտապես խույս կտան մեզանից, այնուամենայնիվ, պետք է չդադարեցնել պատասխանի ազնիվ փնտրտունքները: Ճշմարտության որոնումն ինքնին մեզ և մեր սերունդների համար ավելի լիարժեք ու խորը կյանքի երաշխիքն է: