ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ | ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն | ARCHIVE | սկիզբ
Ծրագրեր |Ազգային ժողովրդավար |Լուրեր | Քաղաքական մշակույթ | Համայնքներ | Գրադարան | ԶԼՄ –ներ | ՀԿ-ներ/OO/NGOs | Photo
 
 




SMALL
 
 
MEDIUM


 
 
free hit counters

 
 ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ  ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
 

Յուրի Սոլոզոբով    
Չինացիները գրավում են Օդեսան: Մայիսմեկյան շքերթի ժամանակ երկու չինացի Դերրիբասովսկայա փողոցով տանում են Մառի նկարը: Մեկը մյուսին ասում է. <<Աբրահամ, ե՞րբ պիտի վերջանա այս ամենը, ես հոգնել եմ աչքերս կկոցելուց>>:
Լճացման տարիների անեկդոտ

Եթե իշխանությունները, համաձայն համընդհանուր  համոզմունքի, անընդհատ խաբում են մեզ, ապա կարելի՞ հետևություն անել, որ սուտը պարզապես կառավարման <<ռազմավարական>> գործիք է: Եվ որտե՞ղ է համակարգի դիմացկունության  սահմանը կամ այն պահը, որից սկսած, ինչպես Ռոզանովն է բնորոշել, ժողովրդավարությունը վերածվում է մեքենայության: <<Հենց այստեղ էլ գտնվում է նրա պատմական սահմանը>>: Ներկայումս ոչ ոք այլևս չի հավատում կուսակցական ծրագրերին` ոչ ժողովրդական զանգվածները, ոչ նրանց առաջնորդները: Իզուր չէ Ֆրանսիացի սոցիոլոգ Ֆրանսուա Կանն իր` <<Ստի փիլիսոփայության հնարավորությունների փորձը>> (1989) աշխատության մեջ նկատել, որ ֆաշիզմի կամ կոմունիզմի սուտ լինելը դեռ չի նշանակում, որ հակաֆաշիզմն ու հակակոմունիզմը ճշմարիտ են: Ողջ խնդիրն այն է, որ կուսակցությունների ծրագրերը ոչ ոք չի կարդում, իսկ գրավոր խոսքում սուտը մերկայացնելը հաճախ բավականին բարդ է:  Հիշենք ուշ սոցիալիզմը, որի ժամանակ հատկանշական էր բանավոր հաղորդակցությունը ավելի քիչ խոցելի գրավոր տեքստով փոխարինելը: Զեկույնցը` զուտ բանավոր ներկայացման համար նախատեսված այդ միջոցը, տպագրվում էր թերթերում, արհեստավարժ հաղորդավարների կողմից կարդացվում էր ռադիոյով և հեռուստատեսությամբ կամ տարբեր ինքնագործների կողմից կուսակցական ժողովների ժամանակ: Համապատասխան հույզերը արհեստականորեն կցվում էին տեքստին, ինչպես այսօր ձայնագրած ծափահարություններ են կցվում թոք-շոուներին կամ ծիծաղ` էժանագին կատակերգություններին: Դա թույլ էր տալիս երկարաձգել այն իշխանության ռեսուրսը, որին այլևս ոչ ոք չէր հավատում: Բայց ինչու՞ չի կարելի անվերջ խաբել ժողովրդին: Բոլոր մշակույթներում տարբեր մակարդակներում խաբեությունը և խաբողը խստորեն դատապարտվում են: Առաջին հայացքից ստի` նման լայն տարածման պայմաններում դա պարադոքսալ է թվում: Բացառություն է միայն բարոյապես արդարացված սուտը, ինչպիսին, Բերդյաևի կարծիքով, ռուսների համար հանուն փրկության ասած սուտն է:
   Սուտը երդմնազանցություն է: Ժողովրդի գիտակցության մեջ ստի նման ընկալման յուրահատուկ խորհրդանիշեր են ստի վերաբերյալ ժողովրդական առածները:
   Դա
կապված է այն բանի հետ, որ սուտը ոչնչացնում է վստահության հիմնարար հայեցակարգը, առանց որի անհնար է մարդկային հաղորդակցությունը: Այդ հայեցակարգի երաշխիք չի կարող լինել նրա առօրեականությունը և, թեև հասարակության մեջ շատ հայեցակարգեր (հաճախ` գոնե ձևական) պետության միջոցով իրավական երաշխիքներ ունեն, վստահության հայեցակարգի հիմնական երաշխիքը կարող է լինել միայն անհատը: Խաբողը ոչ միայն այդպիսի երաշխիք չէ, ավելին` նա մարմնավորում է աշխարհի կործանման սպառնալիքը:
  
Սուտ ասողների միանշանակ մերժումը մշակույթի ինքնապաշտպանության` պատմականորեն ձևավորված դրսևորումներից է: Այն հասարակության մեջ, <<որտեղ պետությունը, հիմնված է ստի վրա, - նկատում է Օրտեգադի – Գասետը, - չկա ուժ և ճկունություն, իսկ առանց դրանց չի կարելի իրագործել այդ բարդ խնդիրը` պատմության մեջ արժանապատիվ տեղ գրավելը: Զարմանալի՞ է, արդյոք, որ երբ մարդիկ սկսում են երկմտել, կասկածել, թե ո՞վ է կառավարում աշխարհը, ամենուր` թե՛ հասարակական, թե՛ անձնական կյանքում բարոյական ճահճացում է սկսվում >>:
   Ինչպե՞ս քաղաքական գործիչը վստահություն ձեռք բերի ամենօրյա խաբեությունների պայմաններում: Փորձերը ցույց են տվել, որ անկեղծության ամենաարդյունավետ վկայությունը այն վստահությունն է, որով մարդը խոստում է տալիս: Ստի ընկալման և գնահատման ողջ գործընթացը երեք փուլ ունի: Առաջին փուլում գնահատվում է հայտարարության որոշակիությունը և առաջադրվում է դրա սուտ կամ ճշմարիտ լինելու վերաբերյալ հիպոթեզը: Երկրորդ փուլում մարդը փորձարկում է այդ հիպոթեզը` հետևելով հայտարարություն անողի շարժուձևին և դեմքի արտահայտությանը, և միայն երրորդ փուլում է, որ որոշում է կայացվում հավատալու կամ չհավատալու վերաբերյալ: Հասկանալի է, որ կեղծիքը բացահայտելու հավանականությունն  ավելի մեծ է, երբ մենք ոչ միայն պարզապես լսում ենք հայտարարությունը, այլև դիտում ենք պատկերը, նայում ենք, թե ինչպես է քաղաքական գործիչը պատասխանում այս կամ այն հարցին: Այստեղ կարևոր են և վարվելակերպը` ձայնը, առոգանությունը, և հայտարարության վերբալ մասը` պատասխանների մասը որոշակիությունը, մանրամասների առկայությունը, իրատեսականությունը:
   Այստեղից է բխում Արևմուտքում <<ներկայացումների հասարակության>> մեջ քաղաքական բանավեճերի կամ <<մենաներկայացման հասարակության>> մեջ մամլո ասուլիսների ու ժողովրդի հետ ուղղակի երկոխուսությունների առանցքային նշանակությունը: Գլոբալ հարցազրույցի ընթացքում հընթացս տրվող հարցերի պատասխանները` այդ փայլուն էքսպրոմտները, ոչ միայն վստահություն են ստեղծում զեկուցողի նկատմամբ, այլև մեծացնում են նրա անձնական լեգիտիմությունը: Ընդ որում, ձևավորվում է օրակարգը, այսինքն` այն հարցերի ցանկը, որոնք քննարկվում են և որոնք հասարակական գիտակցության մեջ գոյության իրավունք ունեն: Ինչպես անձնական լեգիտիմությունն է ոչնչանում կեղծիքում, այնպես էլ ցանկացած աղետ կարող է մի կողմ նետել զգուշավորությամբ կազմված օրակարգը: Եթե դժբախտ պատահարը, որին զոհ են գնացել հինգից ավելի մարդիկ, պարզապես օրվա նորությունների նյութ է, ապա միանգամից հարյուր հոգու զոհվելը, երեք օր շարունակ հեռուստաալիքների եթերով մեծացված հուզական ազդեցությամբ, արդեն կարող է հեղաշրջման առիթ դառնալ: Ցանկացած ճգնաժամի ժամանակ զանգվածային լրատվության միջոցները մրցավազքի մեջ են մտնում` փորձելով բացահայտել <<երաշխիքի>> արած մեկնաբանությունների սուտը: <<Երաշխիքին>> հասարակության թշնամի նշանակելու այս տենդագին ցանկությունը լրատվամիջոցներին դարձնում է պահի և դրության իսկական տերը: Մինչդեռ ԶԼՄ-ների խնդիրը, ինչպես և քաղաքական գործիչներինը, շատ ավելի համեստ է. Նրանք պետք է վստահություն հեռարձակեն:
   Ամենաարդյունավետ ազդեցությանը հնարավոր է հասնել քարոզչական մոտեցում ցուցաբերելիս, երբ միաժամանակ հեռարձակվող նյութերից յուրաքանչյուրն ուժգնացնում է մյուսների ազդեցությունը: <<Մեկը ստում է, մյուսը հաստատում նրա սուտը, - սովորեցնում է Վ. Դալը, - ամեն սուտ իր հավելումներն ունի>>: Ակնհայտ է, որ մի մտահղացմանը կարող են համապատասխանեցվել բազմաթիվ տեքստեր, որոնցից էլ ընտրվում է առավել արդյունավետը: Այս առիթով ուշագրավ է հետևյալ դիտարկումը. <<Պետության ինքնիշխանությունն այժմ դրսևորվում է ոչ թե միայն այն փաստով, որ նա իր մենաշնորհն է դարձնում բռնության կիրառումը

(Մաքս Վեբեր), կամ արտակարգ իրավիճակ է սահմանում (Կարլ Շմիտդ), այլ նախևառաջ նրանով, որ պետությունը որոշում է իր ներսում գոյություն ունեցող տեխնիկական միջոցների արդյունավետության չափը, իրեն է պահում այն միջոցները, որոնց արդյունավետությունը առավել մեծ է, և որոնց համար ինքը կարող է գործնականորեն ներգործության դաշտից դուրս լինել>>:
   Ներկայումս հաղորդակցության ոլորտի նման մենաշնորհներ են ընտրական համակարգը և ԶԼՄ-ները: Այդ <<բնական մենաշնորհների>> մասնավորեցման (լրատվամիջոցները` մեդիամագնատների կողմից, իսկ ընտրական համակարգերը` տարածաշրջանային օլիգարխների կողմից) վտանգավորությունն էլ կարևորում է իշխանության մասնավորեցման հնարավորությունը: Ժողովրդական զանգվածները այդ մենաշնորհների նկատմամբ գտնվում են անպատասխանատվության երջանիկ վիճակում:
   Բոդրիյարի կարծիքով` <<Լրատվամիջոցների առաջին և ամենափայլուն օրինակը ընտրական համակարգն է. նրա գագաթնակետը հանրաքվեն է, որի ժամանակ պատասխանն ամփոփված է հարցի մեջ >>: Լրատվամիջոցների ժամանակակից ճարտարապետությունը հիմնված է նրա վրա, որ <<փոխանակման գործընթացն>> անհնար է դարձել: Բոդրիյարի կարծիքով` հենց սրա վրա է հենված սոցիալական վերահսկողության և իշխանության համակարգը: Ամեն ինչ այնպես է արվում, որ խոսքերին պատասխան չտրվի, կամ էլ պարզապես պատասխան ակնկալելու պատրանք է ստեղծվում, ինչը ոչինչ չի փոխում:
   Սա հասկանալու համար պետք է դիտարկել պարզագույն հասարակություններում <<պատասխան>> բառին համարժեք բառերը. իշխանությունը պատկանում է նրան, ով կարող է այն տալ և որին այն այլևս չի կարող վերադարձվել:
   <<Տալ և այնպես անել, որ տվածը ձեզ վերադարձնելն անհնար լինի: Սա նշանակում է կտրել փոխանակման գործընթացը և մենաշնորհ ստանալ: Տվածը վերադարձնելն, ընդհակառակը, նշանակում է ոչնչացնել իշխանական կապերը և ձևավորել կամ վերաձևավորել խորհրդանշական փոխանակման շղթան>>: Այդ իսկ պատճառով, Բոդրիյարի կարծիքով, միակ հնարավոր հեղափոխությունը պատասխանի հնարավորության վերականգնումն է:
   Սակայն եթե իշխանության հիմնական հաղորդագրությունը սուտն է, ապա նրան տրվող ժողովրդի պատասխանի հնարավորության հեղափոխական վերականգնումը մի իրավիճակ է, երբ ժողովուրդը վարժվում է խաբել իշխանություններին: Օրինակ` ջեռուցվող ձմռանը պատրաստ լինելու մասին սուտ հաշվետվություն ներկայացնելով: Եվ երբ գործադիր իշխանությունը իջնում է առօրյայի դժոխքը, նա զարմանքով հայտնաբերում է, որ հրացաններն արբած են, իսկ հրձիգները` լիցքավորված:
   Իսկ ամենաներքևում նստած է արբած վառարաններն ածուխ լցնողը և Նիցշե է կարդում. <<Եթե կեցության բնույթը կեղծ է, ինչը միանգամայն հնարավոր է, ո՞րն է այդ դեպքում մեր իսկական ճշմարտությունը:
   Կեղծիքի սատանայական կեղծու՞մ>>: