ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ | ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն | ARCHIVE | սկիզբ
Ծրագրեր | Ազգային ժողովրդավար |Լուրեր | Քաղաքական մշակույթ | Համայնքներ | Գրադարան | ԶԼՄ –ներ | ՀԿ-ներ/OO/NGOs | Photo
 
 





SMALL
 
 
MEDIUM


 
 
free hit counters

 
 ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆ
 

Ֆ. Ա. Ֆոն ՀԱՅԵԿ
1899-1992

Ավստրիացի տնտեսագետ և քաղաքագետ,
Նոբելյան մրցանակի դափնեկիր

   Քսանհինգ տարի շարունակ, քանի դեռ ամբողջատիրության ուրվականն իրական սպառնալիքի չէր վերածվել, մենք համառորեն հեռանում էինք այն հիմնարար գաղափարներից, որոնց վրա կառուցվածշ է եվրոպական քաղաքակրթության շենքը: Մենք հետևողականորեն հրաժարվում էինք տնտեսական ազատությունից, առանց որի անձի և քաղաքական ազատություններն անցյալում երբեք չեն կարողացել գոյություն ունենալ: Ու թեև 19-րդ դարի մեծագույն քաղաքական մտածողները` դը Թոքվիլն ու լորդ Էկտոնը, միանգամայն ոչ բազմանշանակ պնդում էին, որ համայնավարությունը հանգեցնում է ստրկության, մենք դանդաղ, բայց նպատակաուղղված շարժվում էինք դեպի համայնավարություն: Մենք զարմանալի պատրաստակամություն էինք ցուցաբերում հրաժարվել ոչ միայն Կոբդենի, Բրայտի, Ադամ Սմիթի, Յումի կամ նույնիսկ Լոկի և Միլտոնի հայացքներից, այլև մեր քաղաքակրթության հիմնարար արժեքներից, որոնց ակունքները սերում են անտիկ և վաղ քրիստոնեական մտածողներից: 18-19-րդ դարերի ազատականության հետ մենք մի կողմ էինք թողնում Էրազմ Ռոտերդամցուց և Մոնտենից, Ցիցերոնից և Տակիտոսից, Պերիկլեսից և Թուկիդիտեսից ժառանգած ինդիվիդուալիզմի սկզբունքը:
   <<Ինդիվիդուալիզմ>> բառն այսօր բացասական երանգ է ստացել և կապվում է եսասիրության և ինքնասիրահարվածության հետ: Սակայն ինդիվիդուալիզմը հակադրելով համայնավարությանը` մենք միանգամայն այլ հատկանիշներ նկատի ունենք: Սերելով վաղ քրիստոնեական և անտիկ փիլիսոփայությունից` ինդիվիդուալիզմն առաջին անգամ լիարժեք արտահայտվեց Վերածննդի ժամանակ և հիմք դրեց այն ամբողջությանը, որն այժմ մենք անվանում ենք արևմտյան քաղաքակրթություն: Ինդիվիդուալիզմի հիմնական առանձնահատկությունն անհատի նկատմամբ հարգանքն է, այսինքն` իր կենսագործունեության մեջ մարդու հայացքների և հակումների բացարձակ ինքնիշխանության ճանաչումը: Ես չեմ ցանկանում օգտագործել <<ազատություն>> բառը այդ դարաշրջանի արժեքները բնորոշելու համար: <<Հանդղուրժողականություն>>` ահա ամենադիպուկ ձևակերպումը: Այն լիովին արտահայտում է այն գաղափարներն ու արժեքները, որոնք հարյուրամյակներ շարունակ գտնվել են զենիթում և միայն այժմ են թեքվում դեպի մայրամուտ, որպեսզի ամբողջատիրական պետության ծագման հետ բոլորովին անհետանան:
   Կոշտ հիերարխիկ համակարգի ձևափոխումը մի համակարգի, որը թույլ է տալիս մարդկանց գոնե փորձել իքնուրույն կառուցել սեփական կյանքը և ընտրել կենսագործունեության այն ձևը, որն առավել հարազատ է իր հակումներին, նման ձևափոխումը սերտորեն կապված է առևտրի զարգացման հետ: Հյուսիսային Իտալիայի առևտրական քաղաքներում ձևավորված նոր աշխարհայացքն աստիճանաբար առևտրական ճանապարհներով Ֆրանսիայի և Հարավ-արևմտյան Գերմանիայի վրայով տարածվեց մինչև Բրիտանիա և Նիդեռլանդներ` խոր արմատներ նետելով այնտեղ, որտեղ չկար իրեն խեղդող քաղաքական բռնատիրություն:Նիդեռլանդներում և Բրիտանիայում այն ծաղկում ապրեց` աստիճանաբար հասարակական և քաղաքական կյանքի հիմնաքարը դառնալով: Այստեղից 17-18-րդ դարերում այն կրկին սկսեց տարածվել: Այս անգամ` դեպի Նոր աշխարհ և Կենտրոնական Եվրոպա:

   Եվրոպայի պատմության այս փուլի ողջ ընթացքում զարգացման գլխավոր ուղղությունը անհատի ազատագրումն էր իր առօրյա գործունեությունը կաշկանդող զանազան կանոններից:
   Ազատականության սկզբունքների բնույթը թույլ չի տալիս, որ այն վերածվի դոգմատիկ համակարգի: Այստեղ չկան միանշանակ, մեկընդմիշտ սահմանված կանոններ: Հիմնական սկզբունքն այն է, որ կյանքի այս կամ այն ոլորտը կազմակերպելով` մենք պետք է առավելագույնս հենվենք հասարակության ինքնաբուխ ուժերի վրա և հնարավորինս քիչ դիմենք  բռնության: Գուցե ոչինչ այնքան չի վնասել ազատականությանը, որքան նար այս կամ այն կանոնը պնդաճակատորեն պաշտպանած մի քանի ազատականների համառությունը:
   Զավեշտալին  այն է, որ նույն այն համայնավարությունը, որը միշտ դիտվել է իբրև ազատականության դեմ ուղղված սպառնալիք և բացահայտ հանդես է եկել Ֆրանսիական հեղափոխության ազատականության դեմ, համընդհանուր ճանաչում է ձեռք բերել հենց  ազատության դրոշի ներքո: Ժամանակակից համայնավարության հիմքերը դրած ֆրանսիացի մտածողները ոչ մի րոպե չեն կասկածել, որ իրենց գաղափարները կարելի է կենսագործել միայն բռնատիրության միջոցով: Համայնավարությունը նրանց համար հասարակության գիտակցված վերակազմակերպման և բռնությամբ <<հոգևոր իշխանության>> հաստատման միջոցով <<հեղափոխությունը ավարտին հասցնելու>> փորձ էր: Ինչ վերաբերում է ազատությանը, ապա համայնավարության հիմնադիրները նրա մասին միանգամայն միանշանակորեն էին արտահայտվում: Նրանց կարծիքով` 19-րդ դարի հասարակության բոլոր չարիքների արմատը մտքի ազատությունն էր: Իսկ պլանավորման ներկայիս ջատագովների նախարար Սեն-Սիմոնը նախատեսում էր իբրև անասունների վերաբերվել բոլոր նրանց, ովքեր չեն ենթարկվի իր տեսությամբ նախատեսված պլանային խորհուրդների ցուցումներին:
   Միայն 1948թ.  նախորդած հզոր ժողովրդավարական հոսանքների ազդեցությամբ էր, որ համայնավարությունը սկսեց ազատասեր ուժերի հետ դաշինք փնտրել: Երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի պարզվի, որ ժողովրդավարությունը, լինելով ինդիվիդուալիստական ինստիտուտ, անհաշտ հակադրության մեջ է համայնավարության հետ: Դա առավել հաջող նկատել է Թոքվիլը. <<Ժողովրդավարությունն ու համայնավարությունը ոչ մի ընդհանուր բան չունեն, բացի մեկ բառից` հավասարություն: Սակայն եթե ժողովրդավարությունը ձգտում է հավասարության` ազատության մեջ, ապա համայնավարությունը` ստրկության և հարկադրանքի մեջ>>:
   Վերջին տարիներին համայնավարության անկանխատեսելի հետևանքների մասին պնդումները նոր ուժգնությամբ հնչեցին: Ուսումնասիրողները մեկը մյուսի ետևից սկսեցին նկատել ֆաշիզմի և կոմունիզմի ապշեցուցիչ նմանությունը: Եզրակացությունները, որոնց հանգեց Մաքս Իստմենը` Լենինի հին ընկերը, ցնցեց անգամ կոմունիստներին: <<Ստալինիզմը, - գրում է նա, -ոչ միայն լավ չէ, այլև վատ է ֆաշիզմից, քանի որ այն շատ ավելի անգութ է, դաժան, անարդար, անբարոյական և չի կարող արդարացվել ոչ հույսերով, ոչ զղջմամբ>>:
   Եվ ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ մինչև 1933թ. Գերմանիայում և մինչև 1922թ. Իտալիայում կոմուինիստներն ու նացիստներն առավել հաճախ իրար միջև էին բախումներ ունենում, քան մյուս կուսակցությունների հետ: Նրանք պայքարում էին որոշակի տեսակի գիտակցություն ունեցող մարդկանց համար: Գլխավոր թշնամին, որի հետ նրանք ոչ մի գործ ունենալ չէին կարող, երկու ուժերի համար էլ ազատականն էր:
   Այնուամենայնիվ, մարդկանց մեծ մասը նախկինի պես կարծում է, թե կարելի է զուգակցել համայնավարությունն ու ազատությունը: Եթե այս մտածողությամբ մենք հույս ունենք նոր աշխարհի կառուցմամբ զբաղվել, ապա չկա առավել արդիական խնդիր, քան այլ երկրներում ծավալված իրադարձությունների լուրջ ուսումնասիրությունը: Եվ թող մեր հետևությունները միայն հաստատեն մյուսների հայտնած կասկածները, միևնույն է, պետք է համակողմանի վերլուծության ենթարկել հասարակական կյանքի կերպարանափոխման փորձերը: Եվ քանի դեռ ամեն ինչ հստակ չի դառնա, ոչ ոք չի հավատա, որ ժողովրդավարական համայնավարությունը` վերջին սերունդների այդ մեծ ուտոպիան, անհասանելի է, իսկ նրա կենսագործմանն ուղղված քայլերը` անկանխատեսելի և այդ ուտոպայի ներկայիս հետևորդներից շատերի համար կարող է հանգեցնել անընդունելի հետևանքների:
   Լորդ Էկտոնն ազատության մասին ասել է, որ այն <<քաղաքական բարձր նպատակների  հասնելու միջոց չէ: Այն ինքնին  բարձր քաղաքական նպատակ է: Այն պահանջվում է ոչ թե պետության լավ կառավարման համար, այլև` իբրև երաշխիք, որն ապահովում է հասարակական և անձնական կյանքի բարձր գաղափարների  իրագործմանը անարգել ձգտելու մեր իրավունքը>>:
   Ժողովրդավարությունն, ըստ էության, սոցիալական աշխարհի ազատության պաշտպանության միջոց է: Որպես այդպիսին` նա անթերի չէ: Պետք չէ մոռանալ և այն, որ պատմության մեջ մշակութային և հոգևոր ազատության ծաղկումը հաճախ համընկել է բռնատիրական կառավարման շրջաններին, ինչպես նաև այն, որ միատարր, դոգմատիկ մեծամասնության իշխանությունը կարող է ժողովրդավարությունն ավելի անտանելի դարձնել, քան ամենավատ բռնատիրությունը:
   Ուշադրություն հրավիրելը այն բանին, որ ժողովրդավարությունը վտանգված է, մոդայիկ է դարձել, սակայն դրանում որոշակի վտանգ է թաքնված: Դրանից բխում է այն անհիմն համոզմունքը, թե քանի դեռ երկրում բարձրագույն իշխանությունը պատկանում է մեծամասնությանը, հասարակությունը ապահովված է կամայականություններից: Հակառակը պնդելը պակաս սխալ չէր լինի: Սակայն ոչ թե իշխանության աղբյուրը, այլ նրա սահմանափակումն է կամայականություններից զերծ մնալու հուսալի միջոցը: Ժողովրդավարական վերահսկողությունը կարող է իշխանությանը չթողնել վերածվել բռնատիրության, սակայն դրա համար ջանքեր են պահանջվում:
   Բռնատիրական համակարգի կառավարմանը մասնակցելու համար պետք է պատրաստ լինել անցնել բարոյական օրենքների վրայով, եթե դա են պահանջում նպատակները: Քանի որ նպատակները սահմանում է առաջնորդը, ծառայողները, գործիք լինելով նար ձեռքում, չեն կարող բարոյական համոզմունքներ ունենալ: Գլխավորը, որ նրանից պահանջվում է, լիակատար անձնական նվիրվածությունն է առաջնորդին: Դրան հետևում են անսկզբունքայնությունն ու տառացիորեն ամեն ինչին պատրաստ լինելը: Ծառայողը չպետք է ունենա բարու և չարի մասին սեփական պատկերացումներ. դրանք կարող են

Սխալ ներկայացնել առաջնորդի մտադրությունները: Այս ամենից հետևում է, որ բռնատիրական համակարգերում բարձր պաշտոնները չեն կարող գրավիչ լինել այնպիսի բարոյական համոզմունքներ ունեցող մարդկանց համար, ինչպիսիք ընկած էին եվրոպացիների գործողությունների հիմքում անցյալում: Ո՞րն է անբարոյական արարքների, անխուսափելի ռիսկի, ազատությունից հրաժարվելու համար տրվող պարգևը: Միակ ծարավը, որը կարելի է այդ կերպ հագեցնել, իշխանության ծարավն է: Կարելի է հագենալ նրանով, որ քեզ ենթարկվում են, և նրանով, որ դու մասն ես մեծ ու հզոր մեքենայի, որի դեմ ոչինչ չի կարելի անել: