| |
ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ
Մարտին Հայդեգեր
1889-1976
Գերմանացի փիլիսոփա,
էքզիստենցիալ ֆենոմենոլոգիայի հիմնադիր, շուրջ 100 հատոր աշխատությունների հեղինակ
Կխոսենք ճշմարտության էության մասին: Ճշմարտության հարցում կարևոր չէ, թե խոսքը այս կամ այն դեպքում գործնա՞կան ճշմարտության, կենսափորձի՞ ճշմարտության, թե՞ տնտեսական հաշվարկի ճշմարտության մասին է: Դա կարող է լինել քաղաքական միտքը բնութագրող ճշմարտություն, գեղարվեստական ստեղծագործության ճշմարտություն: Էության հարցն այդ ամենը մի կողմ է թողնում և քննարկում է միայն այն, ինչն ընդհանրապես տարբերակում է ճշմարտությունը որպես այդպիսին:
Ի՞նչ են հասկանում <<Ճշմարտություն>> ասելով: Այդ վերամբարձ, սակայն միաժամանակ տրորված և բութ բառի` <<Ճշմարտության>> տակ նկատի է առնվում այն, ինչ ճշմարիտը ճշմարիտ է դարձնում:
Ի՞նչ է իրենից ներկայացնում ճշմարիտը: Օրինակ, մենք ասում ենք. <<Այս խնդրի իրականացման գործում մասնակցություն ունենալը ճշմարիտ հաճույք է>>: Մենք նկատի ունենք, որ դա մաքուր, անկեղծ, իրական հաճույք է: Ճշմարիտը իրականն է: Այսպես ենք մենք խոսում մաքուր, իրական ոսկու մասին` ի տարբերություն կեղծի: Կեղծ ոսկին իրականում այն չէ, ինչի տպավորություն է թողնում: Կեղծ ոսկին միայն <<տպավորություն>> է, հետևաբար` իրական չէ: Սակայն կարծեցյալ ոսկին ևս իրականություն է: Ուստիև ավելի հստակ ասենք. ճշմարիտ ոսկին իսկական ոսկին է: Իսկ <<իրական>> են ինչպես մեկը, այնպես էլ մյուսը, ինչպես իսկական ոսկին, այնպես էլ ոչ իսկականը, կեղծը: Հետևաբար` իսկական ոսկու <<ճշմարիտ>> լինելը չի կարող հիմնավորվել նրա իրական լինելով: Կրկին հարց է առաջանում. տվյալ դեպքում ո՞րն է կոչվում իսկական և ճշմարիտ: Իսկական ոսկին այն իրականն է, որի իրական լինելը համաձայնեցվում է նրա հետ, որ մենք մշտապես կանխավ հասկանում ենք <<ոսկի>> բառի տակ: Եվ, ընդհակառակը, այնտեղ, որտեղ կեղծ ոսկին նկատի ունենք, մենք ասում ենք. <<Այստեղ ինչ-որ բան այն չէ>>: Հակառակ դեպքում մենք ասում ենք. <<Ինքն է>>:
Սակայն <<ճշմարիտ>> բառը մենք օգտագործում ենք ոչ միայն իրական հաճույքի կամ իսկական ոսկու մասին խոսելիս. մենք ճշմարիտ կամ կեղծ ենք անվանում ոչ միայն իրերը, այլև նախևառաջ այդ իրերի մասին մեր դատողությունները: Իրեր, որոնք ճշմարիտ կամ կեղծ կարող են լինել միայն իրենց իրական լինելու այս կամ այն տարբերակում: Մինչդեռ դատողությունը ճշմարիտ է, եթե այն, ինչ նա ենթադրում է և ինչի մասին խոսում է, համաձայնեցվում է այն իրի հետ, որի մասին արվում է այդ դատողությունը: Այս դեպքում էլ մենք ասում ենք. <<Սա ճիշտ է>>: Սակայն այս դեպքում արդեն ճիշտ է ոչ թե իրը, այլ դատողությունը, նախադասությունը:
Լինի դա իր, թե նախադասություն, ճշմարիտ է այն, ինչ ճիշտ է, ինչ համաձայնեցվում է: Ճշմարտությունն այստեղ նշանակում է համաձայնեցվածություն: Իսկ համաձայնեցվածությունը երկակի է. մի կողմից` ենթադրվում է իրի համընկնելը նար հետ, ինչ նախապես մտածում էին այդ իրի մասին, մյուս կողմից` մտածողի համընկնելը իրի հետ: Համաձայնեցման այս երկակի բնույթն արտացոլում է ճշմարտության էության ավանդական սահմանումը. Veritas est adaequatio rei et intellectus: Սա կարող է նշանակել. <<Ճշմարտությունը իրի նույնացումն է գաղափարի հետ>>: Բայց սա կարող է նշանակել և հետևյալը. <<Ճշմարտությունը գաղափարի նույնացումն է իրի հետ>>: Այս շփոթից խուսափելու համար սովորաբար ճշմարտության էության սահմանման համար օգտագործում են հետևյալ բանաձևը. Veritas est adaequatio intellectus ad rem: Սակայն դատողությունը կարող է ճշմարիտ լինել միայն իրի ճշմարտացիության հիման վրա: Հետևաբար` Veritas est adaequatio rei ad intellectum…
Սակայն խոսքը միայն մեկից դեպի մյուսը պարզ անցման մասին չէ: Ավելին` intellectus-ը և res-ը յուրաքանչյուր առանձին դեպքում առանձին նշանակություն ունեն: Դրանում համոզվելու համար մենք պետք է ճշմարտության էությունը սահմանող բանաձևը բխեցնենք նրա միջնադարյան աղբյուրից: <<Veritas als adaequatio rei ad intellectum>> -ը ենթադրում է ոչ թե Կանտի տրանսցենդենտալ գաղափարը, համաձայն որի` իրերը կախված են մեր ճանաչողությունից, ոչ, այս գաղափարն առաջ է եկել ավելի ուշ, և նրա գոյությունը հնարավոր է եղել միայն մարդկային էության սուբյեկտիվության շնորհիվ: <<Veritas als adaequatio rei ad intellectum>> -ը ենթադրում է քրիստոնեության այն աստվածաբանական հավատը, թե իրերը, եթե նրանք գոյություն ունեն այն տեսքով, որով ներկայանում են մարդկանց, գոյություն ունեն այնքանով, որքանով երբևէ ստեղծվել են որպես այդպիսին և որքանով համապատասխանում են Աստծո ոգում նախանշված գաղափարին, բավարարում են այդ գաղափարի պահանջներին, և այս առումով այդ իրերը ճշմարիտ են: Նույնը վերաբերում է և մարդկային մտածողությանը, որն իբրև Աստծո կողմից մարդուն շնորհված ունակություն` արժանի է իր գաղափարին: Սակայն բանականությունը բավարարում է գաղափարի պայմաններին միայն շնորհիվ նրա, որ այն իր դատողություններում նույնացնում է միտքը իրի հետ, որն էլ իր հերթին նույնացնում է մտքի հետ: Մարդկային ճանաչողության ճշմարտության հնարավորությունը, եթե ամեն ինչ ստեղծված է ի վերուստ, հիմնվում է նրա վրա, որ իրն ու դատողությունը հավասարապես են բավարարում գաղափարի պայմաններին, ուստի միամյանց հետ հարաբերում են աստվածային ներդաշնակ միասնության մեջ: Այսպիսով, veritas-ը ենթադրում է բոլոր իրերի` իբրև արարչագործության արդյունքների համաձայնեցումը Աստծո հետ, համաձայնություն` աստվածային կարգի համաձայնեցվածության հիման վրա:
Սակայն այդ կարգը, եթե դուրս թողնենք աշխարհի արարման գաղափարը, ի վերջո կարելի է պատկերացնել ընդհանուր և ոչ հստակ: Այնպես, ինչպես և աշխարհի կարգը:
Այս դեպքում արարչագործության մասին աստվածաբանական դատողությունների փոխարեն առաջարկվում է բոլոր օրինաչափությունները դիտարկել համաշխարհային բանականության տեսանկյունից: Բանականություն, որն ինքն է սահմանում իր օրենքները, ուստիև հավակնում է իր <<արարածի>> անմիջական մատչելիությանը: Այն, որ դատողության ճշմարտացիությունը այդ դատողությունը ճիշտ արտահայտելն է, այլևս որևէ հիմնավորման կարիք առանձնապես չունի: Նույնիսկ այն դեպքերում, երբ ապարդյուն փորձեր են անում` բացատրելու ճշմարտացիության ծագումը, այն դիտարկում են իբրև պայման, ինչպես ճշմարտության էությունը: Այս կերպ առարկայական ճշմարտությունը նշանակում է գոյություն ունեցող իրի համընկնումը այդ իրի էության <<բանական>> հասկացության հետ: Տպավորություն է ստեղծվում, թե ճշմարտության էության այս սահմանումը կարծես անկախ է մնում ամեն ինչի գոյության էության մեկնաբանությունից, որը ներառում է մարդու` իբրև գաղափարի կրողի և իրականացնողի էության մեկնաբանությունը: Այսպես, ճշմարտության էությունը սահմանող այս բանաձևը` <<Veritas als adaequatio rei ad intellectum>> -ը, իր պարզ ու սովորական նշանակությունն է ստանում:
Ճշմարտության հասկացության պարզության մեջ մեծ նշանակություն չեն հաղորդում այդ պարզությանը` ընկալելով այն իբրև ենթադրելի. նույն կերպ ինքնին ենթադրելի են համարում նաև այն, որ ճշմարտությունն ունի իր հակառակ բևեռը, որը ճշմարտին զուգահեռ գոյություն ունի նաև ոչ ճշմարիտը: Դատողության ոչ ճշմարիտ, սխալ լինելը դատողության արտահայտման և իրի համաձայնեցված չլինելու հետևանք է: Իրի ոչ ճշմարիտ, կեղծ լինելը իրի և նրա էության չհամաձայնեցվածությունն է: Ոչ ճշմարիտ լինելը միշտ կարելի է դիտարկել իբրև անհամաձայնություն:
Սա բխում է ճշմարտության էությունից: Այդ իսկ պատճառով այնտեղ, որտեղ նշանակություն ունի ճշմարտության մաքուր էության ընկալումը, ոչ ճշմարիտը կարող է հեռացվել:
ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Ճշմարտության էությունը ազատությունն է: Արդյո՞ք այս նախադասությունը ճշմարտության էության մասին խոսակցությունը չի դարձնում ինքնին ենթադրելի մեկ այլ բանի մասին խոսակցություն:
Ինչ-որ գործողություն անելու, այդ թվում և ճշմարտության վերաբերյալ որևէ դատողություն անելու, այդ դատողությունը բարձրաձայն արտահայտելու համար անհրաժեշտ է ազատ լինել: Սա, իհարկե, չի նշանակում, որ դատողությունն ինքնակամ գործողություն է ենթադրում: <<Էություն>> ասելով նկատի ունենք ճանաչման ներքին հնարավորության հիմքը:
Սակայն չէ՞ որ ազատություն հասկացության մեջ մենք ճշմարտությունը և, առավել ևս, ճշմարտության էությունը չենք ենթադրում, ուստիև այն պնդումը, թե ճշմարտության էությունն ազատությունն է, պետք է զարմանալի թվա:
Արդյո՞ք ճշմարտության էությունը ազատության մեջ տեղակայելը չի նշանակում ճշմարտությունը թողնել մարդու հայեցողությանը: Կարելի է խորը թաղել ճշմարտությունը: Քանի որ այս դեպքում ճշմարտությունն իջնում է մարդկային սուբյեկտի սուբյեկտիվության մակարդակին: Թեև այդ սուբյեկտի համար հասանելի է օբյեկտիվությունը, այնուամենայնիվ, վերջինս, սուբյեկտիվության հետ մեկտեղ, մնում է մարդկային և մարդու տրամադրության տակ:
Իհարկե, կեղծիքն ու այլափոխումը, սուտն ու մոլորությունը, խաբեությունն ու սխալ տպավորությունը, կարճ ասած` ոչ ճշմարիտի բոլոր տարատեսակները, վերաբերում են մարդ արարածին: Սակայն ոչ ճշմարիտը մույնպես ճշմարիտի հակառակն է, հետևաբար այն ևս պետք է դուրս մնա այն շրջանից, որում ամփոփվում է ճշմարտության էության մասին հարցը:
Մետաֆիզիկայում ճշմարտությունն ինչ-որ հավերժ, սկիզբ և վերջ չունեցող, երբեք մարդկային արարածի վրա չհենվող հասկացության նշանակություն ունի: <<Ճշմարտության էությունը ազատությունն է>> պնդման դեմ առարկության ամենահամառ դրույթն ասում է. <<Ազատությունը մարդու որակ է>>: Էլ ի՞նչ ճանապարհով կարող է ճշմարտության էությունն իր ինքնությունն ու հիմնավորումը գտնել մարդու ազատության մեջ:
Ճշմարտության և ազատության էությունների միջև կապը տեսնել չեն թողնում մեր նախկին տեսակետները: Այդ կապն, անշուշտ, կարելի է տեսնել, միայն այն դեպքում, եթե մենք պատրաստ ենք փոխել մեր մտածողությունը: Ճշմարտության և ազատության էությունների միջև կապի հստակեցումը մեզ հանգեցնում է մարդու էության վերաբերյալ հարցին: Մարդու էության քողարկված հատվածի մասին հարցին: Այդ պատճառով էլ նույն այդ հարցը մեզ բերում են նախևառաջ ճշմարտության էության ոլորտը: Այստեղ էլ հայտնաբերվում է ազատությունը: Ազատությունը ճշմարտության համար ներքին հնարավորության հիմքն է միայն շնորհիվ նրա, որ ինքն իր էությունը ստանում է առավել սկզբնական մի բանից` միակ էական ճշմարտության էությունից: Ազատությունը կարելի է դիտարկել իբրև ճշմարտության համար բաց լինելու հայտնություն: Ինչպե՞ս հասկանալ ազատության այս էությունը: Ամենայն հավանականությամբ այն, որ ճշմարիտ է համարվում այն ամենը, ինչ գոյություն ունի և հանդիպում է բաց, ազատ վիճակում: Ազատությունն է ամեն ինչին թույլ տալիս գոյություն ունենալ: Ազատությունն է ամեն ինչի գոյության հնարավորությունը, իրավունքը:
Սովորաբար գոյության իրավունքի մասին խոսում ենք, երբ, օրինակ, միմ կողմ ենք կանգնած որոշակի միջոցառումից: <<Մենք ընդունում ենք նրա գոյությունը>> արտահայտությունը նշանակում է, որ դա այլևս չի վերաբերում մեզ, և մենք այդտեղ անելիք չունենք: Աստեղ ինչ-որ բանի գոյության իրավունքի ընդունումն այդ ինչ-որ բանի նկատմամբ անուշադիր, անտարբեր լինելու, դրանից հրաժարվելու և անգամ դրան արհամարանքով վերաբերվելու բացասական իմաստն ունի:
Մինչդեռ ամեն-ամենայնի գոյության իրավունքի ընդունումը ենթադրում է ոչ թե անտարբերություն, այլ ճիշտ հակառակը: Ինչ-որ բանի գոյության իրավունքն ընդունելը մասնակցություն է ենթադրում: Իհարկե, այդ մասնակցությունը պետք է ընկալել ոչ միայն իբրև հոգս: Գոյություն ունեցողի` որպես այդպիսինի, գոյության իրավունքի ընդունումը նշանակում է մոտենալ այն պարզությանն ու բացությանը, որն ունի գոյություն ունեցող յուրաքանչյուր բան: Գոյության իրավունքի ընդունումը չի կորում իրի, էակի էության բացահայտման ճանապարհին, այլ ընդհակառակը` այդ էությունը տեսնում է իր պարզության մեջ: Գոյության իրավունքի ընդունումը, այսինքն` ազատութքյունը, բացահայտող, ցուցադրող, էքզիստենտ է: Ճշմարտության էությունը, որը կարելի է տեսնել ազատության էության տեսանկյունից, դրսևորվում է իբրև մուտք գոյի գոյության բացահայտման ոլորտը:
Ազատությունը չի նշանակում միայն այն, ինչն առողջ բանականությունը հաճույքով հասկանում է այս կամ այն դատողությունն ընտրելուց հրաժարվելու երբեմն առաջացող ցանկությունը: Ազատությունը միայն գործողությունների չկապակցված լինելը չէ և ոչ էլ այս կամ այն գործողությունը չկատարելու հնարավորությունը: Ազատությունը նաև պահանջված անհրաժեշտը կատարելու պատրաստակամությունն է: Ազատության առաջնային նշանակությունը, նախորդելով ազատության <<բացասական>> և <<դրական>> իմաստներին` գոյի որպես այդպիսին էության բացահայտումն է: Այդ բացահայտումն ինքնին կայանում է էքզիստենտ մասնակցության մեջ, ինչի շնորհիվ պարզի պարզությունն այն է, ինչ կա: Վերջինիս գոյության մեջ մարդուն տրված է երկար ժամանակ չհիմնավորված մնացող էության հիմքը, որը նրան թույլ է տալիս <<էքզիստ լինել>>: Էքզիստենցիան այստեղ իրադարձության կամ էության առկայության նշանակություն չունի: Էքզիստջենցիան այստեղ իրադարձության կամ էության առկայության նշանակություն չունի: Էքզիստենցիան այստեղ չունի նաև մարդու` սեփական անձին ուղղված բարոյական ջանքերը: Էքզիստենցիան, իր արմատներով գնալով դեպի ճշմարտություն և ազատություն, մուտք է դեպի էության բացահայտումը: Ոչ էության հասկանալիության, ոչ էլ անգամ հիմնավորվածության կարիքը չունենալով` պատմական մարդու էազիստենցիան սկսվում է այն պահին, երբ առաջին մտածողը կանգնում է գոյի էության բացահայտման խնդրի առջև և հարցնմում, թե ի՞նչ է, ի վերջո, գոյը: Այս հարցի շնորհիվ նախևառաջ բացահայտվում է գոյի չքողարկվածությունը, բացությունը: Գոյը բացահայտվում է իբրև բնություն, որը դեռ ընկալվում է ոչ թե որպես գոյի մի մաս, այլ գոյն իբրև ամբողջություն: Միայն այնտեղ, որտեղ գոյը բարձրանում է իր բացության, մատչելիության մակարդակին և մնում է այդ մակարդակին, միայն այնտեղ, որտեղ այդ մակարդակին մնալը տեղի է ունենում գոյի մասին հարցադրման շնորհիվ, միայն այդտեղ է սկսվում պատմությունը:
Եթե իբրև գոյության իրավունքի ընդունում էքզիստենցիալ գոյությունը մարդուն ազատություն է տալիս իր ազատության համար միայն այն բանի շնորհիվ, որ ազատությունը նրան միայն հնարավորի ընտրության հնարավորություն է ընձեռում, ապա մարդկային կամքն ազատություն չունի: Մարդուն ազատությունը տրված չէ իբրև հատկություն, այլ ընդհակառակը, մարդն ինքն է տրված ազատությանը` էքզիստենտ, բացահայտվող գոյությանը: Ընդ որում` տրված է ի սկզբանե, այնպես որ բացառապես ազատությունն է մարդկությանը երաշխավորում գոյի հետ նրա հարաբերությունը: Հարաբերություն, որը հիմնավորում և բնութագրում է ողջ պատմությունը: Միայն էքզիստենտ մարդն է պատմական: <<Բնությունը>> պատմություն չունի:
Սակայն, քանի որ ճշմարտությունը ազատության էության մեջ է, պատմական մարդը գոյի ճանաչման մեջ կարող է նաև թույլ տալ, որ գոյը չլինի այն գոյը, որն իրականում կա: Գոյն, այսպիսով, փակվում է և այլափոխվում: Թվացյալությունը գերիշխող է դառնում: Այս գերիշխանության պայմաններում ի հայտ է գալիս ճշմարտության անիչրական էությունը: Բայց քանի որ ազատությունն իբրև ճշմարտության էություն մարդկային հատկանիշ չէ, այլ ընդհակառակը, մարդն էքզիստ է միայն իբրև այդ ազատության սեփականություն և այդ պատճառով էլ պատմություն ունենալու ընդունակ է, ուստիև հնարավոր է, որ ճշմարտության անիրական էությունը անպայմանորեն մարդու անփութության կամ անընդունակության արդյունք չէ: Ճշմարիտն ու ոչ ճշմարիտը իրենց էություններում անտարբեր չեն միմյանց նկատմամբ: Նրանք փոխկապակցված են: Այնուամենայնիվ, ինչպե՞ս ճշմարտության էության մեջ գտնել ոչ ճշմարիտը:
<<Զրույց գյուղական ճանապարհին>>, Մոսկվա 1991
|
|