| |
Կարլ Մանհեյմ
1893-1947
գերմանացի փիլիսոփա և սոցիոլոգ
<<Գաղափարախոսություն>> բառն ի սկզբանե սոսկ գաղափարների մասին ուսմունք էր նշանակում: Գաղափարախոսներ էին անվանում Ֆրանսիայի փիլիսոփայական դպրոցներից մեկի հետևորդները, որոնք ժխտում էին մետաֆիզիկան և փորձում էին հոգու մասին գիտություն հիմնել:
Գաղափարախոսության ժամանակակից իմաստն ի հայտ եկավ միայն այն ժամանակ, երբ Նապոլեոնն իր կայսերական նկրտումների դեմ հանդես եկող այդ փիլիսոփաներին արհամարանքով գաղափարախոսներ անվանեց: Այդ պահից սկսած` <<գաղափարախոսություն>> բառում հնչող հարցը` իրականում ո՞րն է իրականը, այլևս չի վերանում:
Նապոլեոնը, իր հակառակորդներին գաղափարախոսներ անվանելով, փորձում էր հեղինակազրկել նրանց ու ոչնչացնել: Հետագա զարգացման արդյունքում մենք տեսնում ենք ճիշտ հակառակը. գաղափարախոսությունն օգտագործվում է իբրև հեղինակազրկման ու ոչնչացման գործիք, այն էլ` հիմնականում հասարակության ընդդիմադիր խավերի, մասնավորապես` պրոլետարիատի ձեռքին:
Մի ժամանակ կարծիք կար, թե գաղափարախոսությունը բացառապես պայքարող պրոլետարիատի արտոնությունն է: Հասարակությունն արագ մոռացավ բառի իրական պատմական արմատները. Միայն մարքսիստական ուսմունքն էր, որ մտածողության այդ ձևը հետևողոկանորեն մեթոդական հղկման ենթարկեց: Ուստի ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ գաղափարախոսություն հասկացությունը կապվում էր նախևառաջ մտածողության մարքսիստական համակարգի հետ: Ավելին` գաղափարախոսությունը նույնացվում էր այդ համակարգի հետ: Սակայն գաղափարների պատմության և սոցիալական պատմության զարգացման ընթացքում այդ փուլը հաղթահարվեց:
Այս կամ այն քաղաքական հոսանքից կախված` փոխվում է քաղաքական և պատմական մտածողության կառուցվածքը: Սա հասկանալու համար անհրաժեշտ է միայն հիշել 19-20-րդ դարերի քաղաքական հոսանքների պատմությունը: Անհրաժեշտ է ուսումնասիրել այդ հոսանքների դասական տեսակները` բյուրոկրատիստական պահպանողականությունը, պատմական պահպանողականությունը, լիբերալ-ժողովրդավարական բուրժուական մտածողությունը, սոցիալիստական-կոմունիստական հայեցակարգը և ֆաշիզմը:
Բյուրոկրատիստական պահպանողականություն
Բյուրոկրատիստական մտածողության հիմնական միտումը քաղաքականության խնդիրները կառավարման խնդիրների վերածելու ձգտումն է: Այսպես, գերմանական իշխանապետություններում, հատկապես Պրուսիայում, որտեղ բյուրոկրատիան հսկայական դեր է խաղում, և որտեղ նույնիսկ մտավորականությունն, ըստ էության, բյուրոկրատական էր, իրենց վերնագրերում <<քաղաքականություն>> բառն ունեցող կամ պետության վերաբերյալ գրված բոլոր աշխատությունները փաստացի նվիրված էին կառավարման խնդիրներին:
Պետական ծառայողների գործունեությունն իրականացվում է` գործող օրենքների հիման վրա: Այդ օրենքների ընդունումը, սակայն, ծառայողների լիազորությունների և նրանց գործունեության ոլորտի հետ որևէ առնչություն չունի: Իր հայացքների սոցիալական սահմանափակության արդյունքում ծառայողը չի տեսնում, որ յուրաքանչյուր ընդունված օրենքի հետևում որոշակի ընդհանուր աշխարհայացք, կամք և շահեր ունեցող սոցիալական ուժեր են կանգնած: Առանձին օրենքներով սահմանված ու ամրագրված կարգը ծառայողը նույնացնում է ընդհանրապես <<կարգ>> հասկացության հետ և չի հասկանում, որ կյանքի կոչված ցանկացած կարգ ոչ այլ ինչ է, քան կարգի մի տարատեսակ, յուրահատուկ փոխզիջում` տվյալ պահին հասարակությունում միմիյանց դեմ պայքարող սոցիալական ուժերի միջև:
Վարչական-իրավական մտածողությունը բխում է որոշակի ռացիոնալությունից, և եթե այն հանկարծակի բախվում է պետական ինստիտուտների կողմից չվերահսկվող ինչ-որ ուժերի, օրինակ` հեղափոխության ժամանակ զանգվածային պոռթկումների, ապա այդ ուժերին ընկալում է միայն իբրև պատահական խոչընդոտների: Այդ իսկ պատճառով զարմանալի ոչինչ չկա նրանում, որ բոլոր հեղափոխությունների ընթացքում բյուրոկրատիան ամեն կերպ ձգտել է խուսափել քաղաքական խնդիրների հետ բախվելուց և համապատասխան իրավական փաստաթղթերում է ելք փնտրել ստեղծված իրավիճակից:
Բյուրոկրատիայի կողմից հեղափոխությունն ընկալվում է իբրև գոյություն ունեցող կարգի չկանխատեսված խաթարում և ոչ թե իբրև կարգ ստեղծող, պահպանող ու այն բարեփոխումների ենթարկող ուժերի ինքնադրսևորման միջոց:
Վարչական –իրավական մտածողությունը միայն ներփակ, անշարժ համակարգեր է կառուցում և իր առջև անընդհատ մի պարադոքսալ խնդիր է տեսնում` համակարգից դուրս գտնվող փոխազդեցությունից ծնվող նոր օրենքներ ընդգրկել համակարգում: Այսինքն` տպավորություն ստեղծել, թե բարեփոխումների է ենթարկվում և շարունակում է զարգանալ միևնույն հիմնարար համակարգը:
Այսպիսով, բյուրոկրատիայի համար հատկանշական է իր գործունեության ոլորտը իր իսկ սոցիալական հայացքներին համապատասխան պատկերացնելը և այն իրողությունը չնկատելը, որ վարչակազմի ու նրա կողմից որոշակի գործառույթների իրականացման ոլորտը ողջ քաղաքական իրականության միայն մի մասն է կազմում: Բյուրոկրատական մտածողությունը, չժխտելով, որ քաղաքականությունը կարող է գիտություն լինել, այն նույնացնում է կառավարման գիտության հետ: Ընդ որում, անուշադրության է մատնվում իռացիոնալ միջավայրը, իսկ երբ վերջինս հիշեցնում է իր մասին, նրան փորձում են ներքաշել <<առօրյա պետական կյանքի>> բնականոն հունը:
Պատմական պահպանողականություն
Գերմանիայում բյուրոկրատական պահպանողականությանը զուգահեռ զարգանում էր պահպանողականության մեկ այլ տեսակ, որը կարելի է անվանել պատմական պահպանողականություն: Նրա սոցիալական հենարանը ազնվականությունն էր և բուրժուական մտավորականության բոլոր այն հատվածները, որոնք իրենց հոգևոր ու իրական նշանակությամբ երկրում իշխող դիրք էին գրավում, սակայն միաժամանակ մշտապես որոշակի լարվածություն էին պահպանում պահպանողականների հետ բյուրոկրատական ուղղվածության իրենց հարաբերություններում:
Պատմական պահպանողականության համար հատկանշական է այն, որ, ի տարբերություն նախորդի, ինքը գիտակցում է պետության կյանքում իռացիոնալ միջավայրի խաղացած դերը և չի փորձում այն վերացնել վարչական եղանակներով: Պատմական պահպանողականությունը հստակ տեսնում է կազմակերպման ու ճշգրիտ հաշվարկների չենթարկվող այն ոլորտը, որում գործում է քաղաքականությունը: Կարելի է անգամ ասել, որ պահպանողականության այս տեսակի ողջ ուշադրությունը կենտրոնացած է կյանքի իռացիոնալ, կամային իմպուլսների ենթարկվող ոլորտի վրա: Ոլորտ, որի ներսում էլ, ըստ էության, տեղի է ունենում պետության և հասարակության էվոլյուցիան:
Եթե բյուրոկրատի համար կառավարումն ամբողջովին ստվերում է քաղաքականության ոլորտը, ապա արիստոկրատն ի սկզբանե ապրում է քաղաքականության ոլորտում: Նրա ուշադրությունը մշտապես ուղղված է դեպի այն շրջանը, որտեղ բախվում են պետական իշխանության ներքին ու արտաքին ոլորտները, որտեղ ոչինչ չի հերյուրվում, որտեղ, հետևաբար, անհատական բանականությունը չէ որոշիչը, այլ յուրաքանչյուր եզրակացություն, յուրաքանչյուր որոշում փոխզիջում է իրական ուժերի խաղում:
Հետևաբար, քաղաքական գործիչը պետք է ոչ միայն իմանա, թե տվյալ իրադրությունում ո՞րն է ճիշտը և կողմնորոշվի որոշակի օրենքների ու չափանիշների միջավայրում, այլև պետք է ունենա երկարատև փորձով ձևավորված սուր բնազդ, որը կօգնի նրան գտնել ճիշտ որոշումը:
Լիբերալ մտածողություն
Բուրժուազիան պատմության թատերաբեմ դուրս եկավ իբրև ծայրահեղ բանականության, ինտելեկտուալիզմի ներկայացուցիչ: <<Ինտելեկտուալիզմ>> ասելով` այստեղ նկատի ունենք մտածողության այն տեսակը, որ կամ ընդհանրապես անտեսում է կամքի, հետաքրքրության, զգայականության և աշխարհայացքի առանձնահատկության տարրերը կամ դրանք նույնացնում մտքի հետ և դիտարկում իբրև բանականության օրենքներին ենթակա երևույթներ:
Այս մտածողության ներկայացուցիչները համառորեն շարժվում էին դեպի գիտական քաղաքականության ստեղծումը: Բուրժուազիան ոչ միայն այդպիսի ցանկություն էր հայտնում, այլև գործնական քայլեր էր անում այդ գիտության հիմնադրման ուղղությամբ: Նույն տրամաբանությամբ բուրժուազիան ստեղծեց քաղաքական պայքարի առաջին իրական ինստիտուտները` խորհրդարանը, ընտրական համակարգերը:
Բուրժուազիայի կողմից ստեղծված քաղաքական գիտությունը բաժանվեց երեք մասերի` ուսմունք նպատակի` կատարյալ պետության մասին, ուսմունք ներկա, դրական պետության մասին և ուսմունք այն քաղաքական եղանակների մասին, որոնց միջոցով գոյություն ունեցող պետությունը կարող է վերածվել կատարյալ պետության:
Նպատակների առումով շատ կարևոր է ճիշտ նպատակադրման խնդիրը: Եթե այն բացակայում է, ապա պետք է փորձել այն գտնել քննարկումների ու բանավեճերի միջոցով: Այսպես, պառլամենտարիզմի հայեցակարգը բանավիճող հասարակության հայեցակարգ էր: Հասարակություն, ուր ճշմարտության փնտրտունքներն իրականացվում էին տեսական ճանապարհով: Ներկայումս այդ ինքնախաբեությունը բացահայտված է: Հայտնի է, որ խորհրդարանն ամենևին էլ տեսական բանավեճերի վայր չէ: Քանի որ յուրաքանչյուր այդպիսի <<տեսության>> հետևում կանգնած են հավաքական ուժեր, որոնց շահերը, կամքն ու իշխանությունը սոցիալական հիմնավորում ունեն, ուստիև այդ բանավեճերը միանգամայն գործնական են:
Այս կամ այն քաղաքական հոսանքից կախված` փոխվում է քաղաքական և պատմական մտածողության կառուցվածքը: Սա հասկանալու համար անհրաժեշտ է հիշել 19-20-րդ դարերի քաղաքական հոսանքների դասական տեսակները` բյուրոկրատական պահպանողականությունը, պահպանողական իստորիզմը, ազատական-ժողովրդավարական բուրժուական մտածողությունը, սոցիալիստական-կոմունիստական հայեցակարգը և ֆաշիզմը:
Ազատական-ժողովրդավարական մտածողություն
Բուրժուազիան պատմության թատերաբեմ դուրս եկավ իբրև ծայրահեղ բանականության, ինտելեկտուալիզմի ներկայացուցիչ: Ինտելեկտուալիզմ ասելով` նկատի ունենք մտածողության այն տեսակը, որը կամ ընդհանրապես անտեսում է կամքի, հետաքրքրության, զգայականության և աշխարհայացքի առանձնահատկության տարրեը կամ դրանք նույնացնում է մտքի հետ և դիտարկում իբրև բանականության օրենքներին ենթակա երևույթներ:
Այս մտածողության ներկայացուցիչները համառորեն շարժվում էին դեպի գիտական քաղաքականության ստեղծումը: Բուրժուազիան ոչ միայն ցանկություն էր հայտնում, այլև գործնական քայլեր էր անում այդ գիտության հիմնադրման ուղղությամբ: Նույն տրամաբանությամբ բուրժուազիան ստեղծեց քաղաքական պայքարի առաջին իրական ինստիտուտները` խորհրդարանը, ընտրական համակարգերը:
Բուրժուաների կողմից ստեղծված քաղաքական գիտությունը բաժանվեց երեք մասերի` ուսմունք նպատակի`կատարյալ պետության մասին, ուսմունք ներկա, դրական պետության մասին և ուսմունք այն քաղաքական եղանակների մասին, որոնց միջոցով գոյություն ունեցող պետությունը կարող է վերածվել կատարյալ պետության:
Կարևոր է ճիշտ նպատակադրման խնդիրը: Եթե այն բացակայում է, ապա պետք է փորձել գտնել այն քննարկումների ու բանավեճերի միջոցով:
Այս, պառլամենտարիզմի հայեցակարգն ի սկզբանե բանավիճող հասարակության հայեցակարգ էր: Հասարակություն, ուր ճշմարտության փնտրտունքներն իրականացվում էին տեսական ճանապարհով:
Սակայն դա միանշանակ չէ: Հայընի է, որ խորհրդարանն ամենևին էլ տեսական բանավեճերի վայր չէ: Քանի որ յուրաքանչյուր այդպիսի <<տեսության>> հետևում կանգնած են հավաքական ուժեր, որոնց շահերը, կամքն ու իշխանությունը սոցիալական հիմնավորում ունեն, ուստիև այդ բանավեճերը միանգամայն գործնական են:
Սոցիալիստական – կոմունիստական հայեցակարգ
Իր հակառակորդի` բուրժուազիայի դեմ պայքարում մարքսիզմը եզրակացնում է, որ քաղաքականության և պատմության մեջ մաքուր տեսություններ գոյություն չունեն: Մարքսիստական ուսմունքի համար ակնհայտ է, որ յուրաքանչյուր առանձին տեսության հետևում առանձին կոլեկտիվներին հատուկ հայացքներ են կանգնած: Այդ երևույթը` սոցիալական շահերով ու հետաքրքրություններով պայմանավորված քաղաքական մտածելակերպը, Մարքսն անվանում է գաղափարախոսություն:
Այստեղ, ինչպես հաճախ պատահում է քաղաքական լուրջ պայքարի ընթացքում, կարևոր բացահայտում է արված: Սակայն երկու ճշգրտում մտցնենք:
Նախ, հեշտ է համոզվել նրանում, որ սոցիալիստական – կոմունիստական ուղղվածություն ունեցող մտածողը գաղափարախոսության տարրեր է տեսնում միայն իր հակառակորդի քաղաքական մտածողության մեջ. սեփական մտքերն իրեն որևէ գաղափարախոսական դրսևորումից միանգամայն ազատ են թվում: Մինչդեռ մարքսիզմի կատարած բացահայտումն իրեն իսկ չվերագրելու որևէ հիմք չկա: Ակնհայտ է, որ, համենայնդեպս, ժամանակ առ ժամանակ մարքսիզմն ունի զտարյուն գաղափարախոսական հատկանիշներ:
Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ <<գաղափարախոսություն>> բառը չի օգտագործվում բացասական իմաստով և չի ենթադրում գիտակցված քաղաքական խաբեության առկայություն:
Գաղափարախոսությունը կոչված է մատնանշելու որոշակի պատմական ու սոցիալական իրավիճակում առաջացող ասպեկտները և դրանց հետ կապված աշխարհայացքն ու մտածելակերպը:
Այդուհանդերձ, իհարկե, չի բացառվում, որ որոշակի պայմաններում գաղափարախոսության քողի տակ կարող է մատուցվել և գիտակցված քաղաքական սուտը:
Մարքսը պնդում է. <<Մարդկանց գիտակցությունը չի պայմանավորում նրանց կեցությունը, այլ ընհակառակը` հասարակական կեցությունն է որոշքւմ գիտակցությունը>>: Սրա հետ է կապված մարքսիստական մտածելակերպի երկրորդ էական հատկանիշը` տեսականի ու գործնականի միջև որոշակի հարաբերությունների նորովի բնութագրումը:
Ի տարբերություն ազատական մտածողների, որոնք հատուկ ուշադրություն էին հատկացնում նպատակի ճշգրտմանն ու իրենց դատողություններում ելնում էին ճիշտ հասարակության մասին իրենց պատկերացումներից, Մարքսը (և դա նրա գործունության կարևորագույն պահերից է) միշտ պայքարել է սոցիալիզմի մեջ նման ուտոպիզմի առաջացման դեմ: Այդ իսկ պատճառով նա ի սկզբանե հրաժարվում էր նպատակի հստակ ձևակերպումից. դրույթ, որը կարելի է առանձնացնել ողջ գործընթացից ու ներկայացնել իբրև նպատակ, գոյություն չունի: <<Մեզ համար կոմունիզմը մի վիճակ չէ, որը պետք է հաստատվի ապագայում և որին պետք է համապատասխանի ապագա իրականությունը: Կոմունիզմը շարժում է, որը փոխում է ներկա վիճակը>>, - կարծում էր Մարքսը:
Իհարկե, այլ հարց է, որ լենինյան ոգով դաստիարակված կոմունիստներն իրենց տեսության մեջ ամրագրում և գործնականում իրականացնում են ճիշտ հակառակը: Ներկայացնելով կոմունիզմն իբրև նպատակ, ապագայում սպասվող վիճակ, նրանք սոցիալիզմը վերածում են ուտոպիայի:
Մարքսիստական մտածողությունը չի ժխտում քաղաքականության մեջ իռացիոնալի դերը, չի փորձում այն թաքցնել, ինչպես դա անում է բյուրոկրատական պահպանողականությունը, և դիտարկումներում չի ներկայացնում այն իբրև բանական, ռացիոնալ, ինչպես դա անում են ազատակա-ժողովրդավարական մտքի կրողները: Սակայն մարքսիզմի իռացիոնալիզմը լիակատար չէ: Իր հարաբերական իռացիոնալիզմում մարքսիզմը տեսնում է երևույթներ, որոնց կարելի է հասնել նոր տեսակի ռացիոնալիզացման միջոցով:
Ֆաշիզմ
Քաղաքական մտածողության հինգերորդ տարատեսակը ֆաշիզմն է: Ֆաշիստական ուսմունքի կենտրոնում անմիջական գործողության մեծարումն է, վճռական քայլի և քաղաքական էլիտայի նախաձեռնողության ունեցած մեծ նշանակության նկատմամբ հավատը: Քաղաքականության էությունը պահի հրամայականը գիտակցելն ու համապատասխան գործողություններ ձեռնարկելն է: Կարևոր չեն ծրագրերը: Կարևոր է անվերապահորեն առաջնորդին ենթարկվելը: Պատմությունը կերտում են ոչ զանգվածները, ոչ լռության մեջ գործող ուժերը և ոչ էլ անգամ գաղափարները: Պատմությունը կերտում է իր հզորությանը հավատացող էլիտան:
Սա լիակատար իռացիոնալիզմ է, բայց ոչ իռացիոնալիզմ` ժամանակի ստեղծագործական ուժի նկատմամբ հավատի կամ ազգային ոգու առումով: Այլ գործողության իռացիոնալիզմ, որը հերքում է պատմությունն իր բոլոր նշանակություններով: Իռացիոնալիզմ, որը հանդես է գալիս միանգամայն այլ դիրքերից:
Որքան էլ պատմության նկատմամբ իրենց մոտեցումներում միմյանցից տարբերվեին պահպանողականությունը, ազատականությունն ու սոցիալիզմը, նրանք բոլորն էլ միշտ ընդունել են, որ պատմության մեջ բացատրելի կապեր, այնուամենայնիվ, գոյություն ունեն: Սկզբում պատմության մեջ աստվածային նախախնամություն էին փնտրում, ապա` պանթեիստական իմաստով ոգու նպատակահարմարություն: Ի վերջո, ի հայտ եկավ այն գիտական հիպոթեզը, որը պատմական գործընթացների մեջ տեսնում է ոչ թե առանձին իրադարձությունների հաջորդականություն, այլ կարևոր գործոնների համատեղ, փոխկապակցված գործողություններ:
Պատմական գործընթացների ներքին կառուցվածքը հասկանալու փորձերն իրականացվում էին և իրականացվում են միայն սեփական գործողություններին նշանակություն հաղորդելու համար:
Եթե ազատականներն ու սոցիալիստները համառորեն պնդում են, որ այդ կառուցվածքը կարող է ռացիոնալացվել` այն տարբերությամբ, որ առաջինները դա տեսնում են ուղղակի առաջընթացի, իսկ երկրորդները` դիալեկտիկական շարժման մեջ, ապա պահպանողականները ձգտում են հասկանալ պատմության ամբողջական կառուցվածքը ձևաբանական առումով: Որքան էլ այս երեք տեսակետները տարբերվեն իրենց բովանդակությամբ ու մեթոդներով, դրանք բոլորն էլ ընդունում են, որ քաղաքական գործողությունները տեղի են ունենում պատմության շրջանակներում և որ մեր ժամանակներում քաղաքական գործողություն կատարելու համար անհրաժեշտ է կարողանալ կողմնորոշվել երևույթների միջև կապերի ամբողջության մեջ: Մինչդեռ իռացիոնալ ֆաշիստական գործողությունը հերքում է այդ պատմականությունը:
<<Գաղափարախոսություն և ուտոպիա>>, Մոսկվա 1994
Թարգմանեց Ա. Միրզոյանը
|
|