ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ | ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն | ARCHIVE | սկիզբ
Ծրագրեր |Ազգային ժողովրդավար | Լուրեր | Քաղաքական մշակույթ | Համայնքներ | Գրադարան | ԶԼՄ –ներ | ՀԿ-ներ/OO/NGOs | Photo
 
 





SMALL
 
 
MEDIUM


 
 
free hit counters

 
<<Շիրակ կենտրոն -ի>> վերլուծություների և հետազոտությունների բաժին
 

Ժողովրդավարությունն առանց այլընտրանքի
  
 
 Յուրաքանչյուր պետության քաղաքական , տնտեսական և մշակութային զարգացման կարևորագույն նախապայմաններից է ժողովրդավարության առկայությունը:
   Մեր ներկա ժամանակաշրջանում ևս, ինչպես վերջին հարյուրամյակում երևի չկա ավելի արդիական թեմա, քան ժողովրդավարության կամ ժողովրդավարական կառավարման թեման է: Ժողովրդավարության մասին գրվածը նույնիսկ հսկա գրադարանում չէս տեղավորի,  սակայն ժողովրդավարություն հասկացության և նրա հաստատման վերջնական և աներկբա  բանաձևը երևի ոչ ոք դեռևս չի տվել և կարծում եմ այնքան էլ մոտ չէ այն օրը, երբ իրոք կգտնվի այն: Չերչիլնել էր ասում, թե այն ամենավատ համակարգն է, բայց դրանից ավելի լավը մարդկությունը դեռևս չի հորինել: Այո, քաղաքացիական ազատությունների և իրավունքների պաշտպանության իրականացման համար լավագույն տարբերակը ժողովրդավարությունն է:
          Հասկանալի է, որ ժողովրդավարությունը միայն բարի ցանկություններով չես կառուցի, առավել ևս մեկ կամ երկու տասնամյակում: Պատմության դասերը ավաղ ցույց են տալիս, որ ժողովրդավարության կառուցումը երբեք ուղիղ արահետներով չի ընթանում, սակայն իմաստուն ժողովուրդն ու նրա առաջնորդները պարտավոր են անել ամեն բան, որպեսզի ժողովրդավարության ճանապարհի զիգզագները օր առաջ կրճատվեն:
    Բնականաբար յուրաքանչյուր ազգ իր ավանդույթներն ու սովորույթներն ունի, ինչը չի կարող չազդել տվյալ հասարակությունում կառուցվող քաղաքական ու պետական համակարգի վրա, ինչպես նաև յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում իր հասարակարգի կառավարման ձևը, բայց արդար կառավարման հիմքում պետք է ընկած լինի համամարդկային արժեք համարվող ժողովրդավարությունը:
       Իրոք մենք ուզենք թե չուզենք, ժողովրդավարությունից զատ ուրիշ այլընտրանք չունենք: Հատկապես բնական ռեսուրսներով սակավ  Հայաստանի համար, ուր հիմնական  կապիտալներից ամենամեծը մարդկային կապիտալն է, ինչի արդյունավետ օգտագործման ու հարստացման եզակի միջոցը, դա ժողովրդավարության ընձեռնած քաղաքացիական ազատությունների առավելագույնս օգտվելու ճանապարհն է:
   Եթե հարց առաջանա, կամ ինձ ասեին, թե բերեք ունենանք հարուստ երկիր, բայց ժողովրդավարության որոշակի տարրերի սահմանափակմամբ, գուցե ես նույնպես համաձայնեի, որ որոշակի ժամանակահատված մենք սահմանափակեինք մեր իրավունքները հանուն տնտեսական աճի, հանուն սոցիալական վիճակի բարելավման: Բայց այդ հնարավորությունը ռեսուրսասակավ Հայաստանում չկա: Այն իշխանավորը, որը կասի, թե ի վնաս ժողովրդավարության բերեք զարգացնենք տնտեսությունը, պարզապես ստախոս է: Չկա այդ ճանապարհը: Միայն մարդկային  ազատությունների հավասարության ճանապարհն է, որ կարող է բերել երկրի տնտեսական ու սոցիալական վիճակի բարելավման: Պատահական չէ, որ մեզանում նման հարցադրում պետականորեն առաջ չի քաշվել, նման Սահմանադրություն չի ընդունվել, նման հանրաքվե չի անցկացվել:
    Հայաստանում, ժողովրդավարության վիճակը իհարկե վատ է, այնուամենայնիվ ժողովրդավարության տարրեր կան, այսինքն մենք թեև սահմանափակ, սակայն որոշակի հնարավորություն ունենք օգտվելու մեր ազատաություններից ու իրավունքներից:
 Կայացած քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական քաղաքական մշակույթի բացակայությունն է այն հիմնական պատճառը, որ Հայաստանում քաղաքական ցնցումներն ու վայրիվերումները կրում են պերմանենտ բնույթ: Այդ ճշմարտությունը այլևս վիճարկելի չէ Հայաստանում, այդ մասին են բարձրաձայնում ինչպես իշխանամետ, այնպես էլ արմատական ընդդիմադիր գործիչները իրենց հրապարակային ելույթներում: Սակայն այս պարագայում տեղին է հիշել մի շատ իմաստուն արտահայտություն. <<Գիտենալ
սեփական վիճակը առավել դյուրին է, քան այն գիտակցելը>>:
   Այո, ժողովրդավարությունը կարող է կառուցվել միայն ներքևից՝ հասարակության ներսից,  այն ժամանակ երբ հասարակությունում կան քաղաքացիական հասարակության սաղմերը, երբ ժողովրդական մասսանների մոտ կա ցանկություն և կամք, մասնակցելու իր համայնքի և երկրի կառավարմանը, երբ առկա են քաղաքացիական հասարակության կայացած կառույցներ՝ կուսակցություններ, ազատ արհմիություններ, հասարակական կազմակերպություններ:

Քաղաքացիական կառույցներ
   Քաղաքացիական հասարակության կառույցների մասին խոսք ասելը կամ գրելը լավագույն առիթն է քննարկման թեմա դարձնել  երկրում կամ տվյալ համայնքում առկա  ժողովրդավարության և ազատությունների վիճակը, հասարակական քննարկման ենթարկելով կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործունեությունն ու որակը, վեր հանելով ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմերը:
Պարզ ճշմարտություն է, որ քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական քաղաքական մշակույթը կշարունակի մնալ հեռավոր և անհասանելի երազանք, քանի դեռ վճռական քայլեր չենք ձեռնարկել կայացնելու քաղաքացիական հասարակության ամուր կառույցներ:
     Քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտները` կուսակցությունները, հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները Հայաստանում և առհասարակ հետխորհրդային երկրներում հիմնականում ծնունդ առան կամ լեգալացվեցին խորհրդային կայսրության փլուզումից անմիջապես հետո: Ներկայումս այդ` ոչ առևտրային կազմակերպությունների թվաքանակը մեր երկրում հաշվվում է հազարներով և առաջին հայացքից ավելի քան բավարար են:
   Շիրակի մարզում ևս դրանք մեծ թիվ են կազմում, սակայն հասարակությունը, որին ծառայելու նպատակով էլ, ի վերջո, ստեղծվում և գործում են վերջիններս, որպես կանոն պատշաճ տեղեկացված չէ ոչ միայն նրանց գործունեությունից, այլ նաև գտնվելու ու գործելու վայրերից: Դրանում մեղքի բաժին ունեն նաև հենց իրենք` ՀԿ-ները, հիմնադրամները և հատկապես կուսակցությունները, քանզի անհրաժեշտ ջանքեր չեն թափում իրենց գործունեությունը հանրայնացնելու նպատակով: Այնինչ նրանք կոնկրետ շահերի պաշտպանությունից և ծառայություններ մատուցելուց բացի, լինելով կամավորության վրա հիմնված կառույցներ, նախաձեռնությունների ավելի լայն մաս են կազմում և նրանց հզորացումը ուղիղ համեմատական է ժողովրդավարության խորացման ու քաղաքացիական հասարակության ձևավորման աստիճանին:
   Գրեթե իսպառ բացակայում է քաղաքացիական հասարակության այս կառույցների փոխշահավետ համագործակցությունը տեղական, մարզային իշխանությունների , գործարարների հետ: Հասարակությունը, և հատկապես խոցելի խմբերը նրանց գործունեության մասին տեղեկատվություն ստանալու և անհրաժեշտության դեպքում հարաբերվելուն անհրաժեշտ և դյուրին մեխանիզմներ չունի:
   Առհասարակ, քաղաքացիական հասարակության կայացման համար անհրաժեշտ է փոխել առկա հանրային քաղաքականությունը, նպաստելով փոխշահավետ և փոխլրացման սկզբունքով հարաբերությունների հաստատմանը քաղաքացիական հասարակության կառույցների և տեղական, մարզային իշխանությունների, գործարարների միջև:  
   Ցավոք այս պարագայում ևս արած ու չարածից դասեր քաղելու ավանդույթը գրեթե իսպառ բացակայում է մեր քաղաքական մշակույթից (եթե մեր ունեցածին հարիր է      քաղաքական մշակույթ անվանում տալը):
   Հասարակության, ինչպես նաև տեղական և մարզային իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության կառույցները չեն ընկալվում, որպես հասարակության խնդիրները լուծելու այլընտրանքային միջոցի: Գրեթե իսպառ բացակայում է քաղաքացիական հասարակության կառույցների  փոխշահավետ համագործակցությունը, ինչպես միմյանց միջև, այնպես էլ տեղական, մարզային իշխանությունների և գործարարների հետ: Մարզերում և համայնքներում առկա հիմնախնդիրների հանրայնացման,  դրանց ըստ կարևորության դասակարգման և քաղաքացիական հասարակության կառույցների և համայնքի շահագրգիռ անձանց կողմից համատեղ լուծման ուղիների որոնմանը նվիրված քննարկումները և միջոցառումները նույնպես բացակայում են:
   Անհրաժեշտ է փոխել առկա հանրային քաղաքականությունը և նպաստել, որպեսզի քաղաքացիական հասարակության կառույցները և նրանց կոալիցիան` հանրության, ինչպես նաև մարզային և ՏԻՄ իշխանությունների կողմից դիտվի որպես հասարակության խնդիրների լուծման այլընտրանքային միջոցներ, իսկ համայնքի անդամները առկա խնդիրներին մոտենան համայնքի տիրոջ տեսանկյունից:
    Հասարակության լայն զանգվածներին իրազեկել համայնքի ինքնակազմակերպմանը և կառավարմանը մասնակցելու մասին միջազգային կոնվենցիաներով և հայաստանյան օրենսդրությամբ նախատեսված հնարավորություններին:

Մտավոր աղետի հետևանքները քաղաքացիական հասարակության
կայացման
ճանապարհին

    Ինքս երբեք բացասական տեսանկյունից չեմ դիտել տեղական հայրենասիրություն երևույթը, այն ամենևին չնույնացնելով գավառական հայրենասիրություն հասկացության հետ: Բայց ինքս էլ երբեմն, թեկուզ և պարտադրված համաձայնվում եմ բավականին հաճախ հնչող այն տեսակետի հետ, ըստ որի Գյումրին ենթարկվել է մտավոր աղետի:
   Դասագրքային այն ճշմարտությունը, որ քաղաքները ևս մահանում են, մահանում են ոչ միայն պատերազմների ու բնական տարերքների մոլեգումների պատճառով, մեր սերնդի պարագայում կարծես ցավագին իրողության է վերածվում՝ նույն սերնդին դարձնելով <<մահացող քաղաքի>> ակամա ականատեսն ու վկան: Գյումրու այս վիճակի գլխավոր պատճառները՝ երկրաշարժն ու երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը չէ: Քաղաքների <<մահացության>> գլխավոր պատճառը հոգեկան աղետն է՝ հուսահատությունն ու հուսալքումը, որը բնակչությանը ստեղծագործելու և աշխատելու վերջին հնարավորությունից զրկելով մատնում է անտարբերության, իսկ վերջինս էլ երես թեքելով հայրենիքից, սեփական սրբություններից ու ազգային երազանքներից դիմում է զանգվածային արտագաղթի: Իհարկե նման պարագաներում արտագաղթի ճանապարհը բռնում է առաջին հերթին մտավորական խավը, ինչը և տեղի ունեցավ մեր պարագայում:
      Մտավոր աղետը սկսվել էր երկրաշարժից դեռևս շատ առաջ, որի ծագման հիմնական պատճառը խորհրդային կենտրոնաձիգ իշխանական համակարգն էր, երբ ամեն լավագույն փորձում էին կուտակել ու կենտրոնացնել մայրաքաղաքներում՝ լիներ դա մշակույթի, սպորտի, գիտության, արդյունաբերության կամ որևէ այլ բնագավառ: Իհարկե Գյումրիից մտավոր ներուժի արտահոսքն էլ ավելի զանգվածային դարձավ 88-ի երկրաշարժի և դրան հետևած տխրահռչակ իրադարձությունների պատճառով: Պետք է ևս մեկ ճշմարտություն հաշվի առնենք, գյումրեցիներս մշտապես հպարտացել ենք  Իսահակյանով ու Շիրազով, Մհեր Մկրտչյանով ու էլի շատ ու շատ մեծերով, սակայն ամենևին էլ պետք չէ տարվել հպարտության մոլուցքով ու մոռանալ, որ թեև ծնունդով գյումրեցի անվանի գրողները, արվեստի և մյուս գործիչները քաղաքին պատիվ են բերում, բայց լոկ նրանցով չի որոշվում քաղաքի դեմքը: Գյումրիի  և առհասարակ, յուրաքանչյուր քաղաքի իրական դեմքն առաջին հերթին որոշվում է փաստացի բնակիչներով: Մտավոր աղետի պատճառով  Գյումրիի մտավորականության խեղճացումն ու մանրացումը բնականաբար պիտի բերեր, ինչպես բնակչության, այնպես էլ քաղաքի <<հայրերի>> գորշացման ու մանրացման: Հավանաբար սա է հիմնական պատճառներից մեկը, որ մեր ընտրողները, որպես կանոն ընտրվողների միջև որևէ տարբերություն չեն տեսնում: Ես ինքնս որքան էլ, որ պարտադրված համաձայնվում եմ հոգեվոր աղետի որպես կայացած փաստի հետ, այնուհանդերձ ոչ մի կերպ չեմ կարող արդարացնել ընտրություններում ընտրողների անտարբերությունը, կամ առաջադրված թեկնածուների միջև որևէ տարբերության, իբր թե բացակայությունը: Նախ հենց ընտրություն երևույթի հիմնական առաքելություններից մեկն էլ քաղաքական նոր էլիտայի ձևավորումն է:

Հասարակական մասնակցություն

   Ակնհայտ է, որ մեր երկրում, մասնավորապես համայնքներում, գրեթե իսպառ բացակայում է հասարակական մասնակցություն երևույթը, ինչպես նաև տեղական համագործակցության ցանցերը, կոալիցիաները` բաղկացած համայնքների ակտիվ անձանցից և քաղաքացիական հասարակության կառույցներից: Մեր հասարակությունը դեռևս չունի ձևավորված պատկերացումներ և ավանդույթ իշխանության հետ իր հարաբերությունները կառուցելու, պետության, որպես հասարակական ինստիտուտի հանդեպ իր վերաբերմունքի, խնդիրների և նպատակների վերաբերյալ: Թերևս, մեծագույն խնդիր է օտարված հանրությանը մասնակցության մղելու, հատկապես տեղական ինքնակառավարման մակարդակում, համայնքի կառավարման գործին: Ավելին, երբեմն համայնքի ակտիվ անհատների կամ քաղաքացիական հասարակության կառույցների մասնակցության ցանկությունն ու փորձերը դիտարկվում են իբրև դիմադրություն իշխանությանը: Թեև, ինչպես հայաստանյան օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով սահմանված են իշխանության տարբեր մակարդակներում, որոշումների մշակման, ընդունման, իրականացման և վերահսկման գործընթացում հանրության մասնակցության մասին դրույթներ,սակայն դրանք անհասանելի են մնում հանրությանը: 


Ինքնակառավարվող համայնքները և ՏԻՄ ընտրությունները որպես քաղաքացիական հասարակության անկյունաքար

    Կարծում եմ ժողովրդավարության այբուբենին անգամ նվազ ծանոթ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ առանց կայացած ինքնակառավարվող համայնքների, համապետական մակարդակով ժողովրդավար հասարակություն  պատկերացնելն անգամ հնարավոր չէ:
   Եվ առհասարակ ես էլ եմ հակված այն մտքին, որ ժողովրդավարության հիմնական, գլխավոր նախապայմանը ազատ ընտրելու հնարավորությունն է: Երբ մարդն ունի այդպիսի հնարավորություն, նաև կունենա քաղաքացիական այն իրավունքները, որոնցով Աստված նրան օժտել է, որոնցից նա պետք է օգտվի: Մնացած՝ ընտրությունների միջև ընկած ժամանակաընթացքում  ժողովրդավարությունն իրականացնում են այն մարդիկ ու խմբերը, որոնց օգտին քվեարկելով ընտրողները, նրանց իր հասարակական կյանքը որոշակի ժամանակով կառավարելու իրավունք է վերապահել: Փաստորեն ժողովուրդը իր իրավունքներով ժամանակավորապես օժտում է որոշակի ընտրյալների, իսկ վերջիններս իրականացնում են ժողովրդավարությամբ նախատեսված կառավարումը:
   Թեև մեղքի իր բաժինն ունի նաև մեր հասարակությունը և հատկապես երիտասարդությունը, քանզի այնքան էլ շահագրգռված չէ զբաղվել ակտիվ հասարակական կամ քաղաքական կյանքով: Երբեմն բացառություն է ՏԻՄ ընտրությունները, երբ առկա է մի շարք երիտասարդների ավագանու անդամ ամեն գնով դառնալու մղումները: Ես, իհարկե, կողջունեի, եթե այդ պրոցեսի հիմքում ընկած լիներ <<Տեղական և տարածքային կյանքում երիտասարդների մասնակցության Եվրոպական խարտիայի>> պահանջները իրագործելու նպատակը: Սակայն, մեր երիտասարդ <<Բազեականները>> երբևէ աչքի չընկնելով իրենց հասարակական կամ քաղաքական ակտիվ գործունեությամբ ու սկզբունքայնությամբ ավելի շատ հետապնդում են նեղ անձնական շահեր, հավանաբար եթե Խորհրդային Միությունը չփլուզվեր և լիներ <<պանծալի կոմերտմիությունը>> նրանք նույն համառությամբ կձգտեին դառնալ շրջկոմների և քաղկոմների անդամ: Իհարկե մարդը, որ երկրում էլ նա ապրի ունի անձնական շահ, բայց կա նաև հասարակական շահ և շատ դեպքերում այդ երկու շահերը իրար հակասում են: Զարգացած քաղաքակրթությունը լուծել է այդ կարևոր հարցը, ուր մարդու շահը և հասարակական շահը սերտորեն իրար հետ կապված են, և մարդը մի շահը հետապնդելով հետապնդում է նաև մյուս շահը: Սա ժողովրդավարության կարևոր սկզբունքներից մեկն է, որը ցավոք սրտի ևս բացակայում է մեր հասարակությունում:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

   ՀԿ սեկտորի ձևավորման և այստեղ տիրող վիճակը գնահատելիս չպետք է անտեսենք մի շատ կարևոր հանգամանք, որ զուտ այսօր գործող ՀԿ-ների ուսումնասիրությամբ չենք կարող ամբողջական պատկերացում կազմել ոչ կառավարական կազմակերպությունների ձևավորման և գործունեության պատմության վերաբերյալ: Չպետք է մոռանանք, որ քաղաքացիական հասարակության այս կարևորագույն ինստիտուտները ևս Հայաստանում սկսեցին ի հայտ գալ 1988թ-ի Արցախյան շարժման տարիներին և ապա տարածվեցին Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր: Նախկինում ՀԿ-ները պաշտոնական գրանցում էին ստանում տեղական մարմիններում, դրանցից շատերը ժամանակի ընթացքում պարզապես լուծարվեցին և չգրանցվեցին ՀՀ Արդարադատության նախարարությունում, այնուհետև ՀՀ պետական ռեգիստրում: Ուստի այս հոդվածով ամենևին նպատակ չեմ հետապնդել կերտելու ՀԿ-ների ձևավորման պատմությունը, քանզի դա առավելապես պատմաբանների խնդիրն է, իսկ մենք կարող ենք ընդհանուր գծերով գնահատել լոկ առկա գործող հասարակական կազմակերպությունների դաշտը:
   ՀԿ-ների գերակշիռ մասը տեղակայված են և գործում են Շիրակի մարզի կենտրոնը համարվող Գյումրի քաղաքում, իսկ մարզի այլ համայնքներում գործող ՀԿ-ները հիմնականում բազմագործառույթ ոլորտի` <<համայնքային կենտրոններ>> համարվող կազմակերպություններ են:
   Թերևս մեր մարզում ՀԿ սեկտորի ամենամեծ բացթողումն այն է, որ չկա ՀԿ-ների ձևավորված ցանցային գործող համակարգ: Նմանատիպ ցանցի ձևավորումը առավել դյուրին կդարձներ ՀԿ-ների հարաբերությունը հասարակության հետ: Ցանցը փոխադարձ աջակցության, իրար լրացնելու, փորձի, գիտելիքների փոխանակման և միմյանցից սովորելու լավագույն հնարավորությունը կստեղծեր: Ինչպես նաև ցանկալի տեղեկատվության տարածման առավել արդյունավետ միջոց կլիներ ՀԿ-ների համար:
   Կան նաև ՀԿ-ներ, որոնց ղեկավարները ամենայն ազնվությամբ խոստովանում են, որ իրենց ՀԿ-ները գործում են միայն դրամաշնորհային ծրագրեր շահելու դեպքում, իսկ եթե չեն շահում, ապա դադարեցնում են իրենց հասարակական գործունեությունը:
   Իհարկե կան նաև ՀԿ-ներ, որոնք իրենց ոչ հրապարակային գործունեության մեղքի մեծ բաժինը բարդում են տարաբնույթ միջոցառումներ կազմակերպող ՀԿ-ների և ԶԼՄ-ների վրա, պատճառաբանելով, որ իրենց երբեք չեն հիշում, հրավերներ չեն ուղարկում, չեն զանգում և չեն լուսաբանում իրենց գործունեությունը:
   Շիրակի մարզում գործող ՀԿ-ների դաշտի ուսումնասիրություններից ակնհայտ է դառնում, որ զուտ բարեգործություններով զբաղվող ՀԿ-ների քանակը այնքան էլ մեծ չէ, փոխարենը այլ ոլորտի ՀԿ-ներ ընձեռնված առիթի դեպքում ամենայն սիրով են զբաղվում հումանիտար օգնություն բաժանելով: Բարեգործական ՀԿ-ները տեղեկատվություն տրամադրելու առումով առավել զուսպ էին: Սրանք թեև համեմատաբար երկար տարիների կենսագրություն ունեն, սակայն չեն սիրում հրապարակային գործունեությունը: Որոշ բարեգործական ՀԿ-ներ էլ ներկայումս գերադասում են լուծարվել, տարաբնույթ պատճառաբանություններով:
   Գյուղատնտեսական ոլորտի ՀԿ-ները ևս շատ չեն Շիրակում: Դրանք հիմնականում գրանցվել են 2003թ-ին և շուրջ 10-նեն: Սակայն մեկ-երկուսն են ակտիվ գործունեություն ծավալում: Մյուսներից շատերի ղեկավարները գյուղատնտեսության բնագավառում գերադասում են զբաղվել իրենց ՍՊԸ-ներով: Այս ոլորտի ՀԿ-ների ամենաաչքի զարնող կողմը դրանց բավականին հնչեղ անվանումներն են, իսկ դրանց միաժամանակյա հիմնումը հավանաբար ունեցել է լուրջ շարժառիթ:
   ՀԿ-ների գրասենյակային պայմանների մասին գրելը անիմաստ եմ համարում, քանզի ընդամենը մեկ տասնյակ ՀԿ-ներ են մշտապես լուծել այդպիսի պայմանների հարցը: Կան նաև շատ ՀԿ-ներ, որոնք գրասենյակային պայմաններով ապահովվում են լոկ դրամաշնորհային  ծրագրեր շահելու դեպքում: Շատ ՀԿ-ների ղեկավարներ որպես գրասենյակի առկայություն նշում էին իրենց բնակարանները, կամ եթե պաշտոնյաներ են` իրենց աշխատասենյակները: Սակայն ակնհայտ է, որ ՀԿ-ների կայացման գործում աշխատանք  ային պայմանների բացակայությունը ազդեցիկ խոչընդոտներից մեկն է:
   ՀԿ սեկտորի թուլություններից է նաև նրանց գերակշիռ մասի (շուրջ 90%) մարզկենտրոնում կենտրոնացումը, և անհրաժեշտ է միջոցառումներ իրականացնել, որպեսզի տեղի ունենա ՀԿ-ների տեղաշարժ դեպի մարզի այլ համայնքներ: Շիրակի մարզում գործող ՀԿ-ները եթե դիտարկելու լինենք ըստ իրենց գործունեության ոլորտների, ապա ակնհայտ է դառնում, որ կան հասարակության կարևորագույն բազմաթիվ բնագավառներ, որոնց հանդեպ որևէ հասարակական կազմակերպություն հետաքրքրություն չի ցուցաբերում: Եվ ըստ էության մեր մարզում գործող ՀԿ-ները չեն բավարարում ու չեն արտահայտում հասարակական պահանջարկն ու պատկերը:
    ՀԿ սեկտորի ուսումնասիրություններից նաև հանգում ենք այն եզրակացությանը, որ որպես կանոն` նրանք գերադասում են նպատակախնդիր չդարձնել վտանգավորության աստիճան պարունակող թեմաները, ասենք թեկուզ կոռուպցիայի, թրաֆիկինգի, բնապահպանական, քաղաքաշինության, սպառողների շահերի, ազգային փոքրամասնությունների, ընտրակեղծիքների, քրեական իրավիճակի, թմրամոլության, մարմնավաճառության, անչափահասներին շահագործելու և նրանց իրավունքների պաշտպանության, նմանատիպ այլևայլ շատ հարցեր:
   Իհարկե Շիրակի մարզում կան ՀԿ-ներ, որոնց գործունեությանը հետևելով, ակամա տրամաբանական ես համարում այն կարծիքը, թե <<ՀԿ-ներից շատերը իրավիճակի անճարակությունից ծնված կառույցներ են և ստեղծվել են զուտ այն պատճառով, որ այլ գործ պարզապես չկա անելու>>:

Վերջաբանի փոխարեն
   Եվ վերջում ուզում եմ փորձել ընդհանրական գնահատական տալ քաղաքացիական հասարակության կառույցների գործունեությանը, մատնանշելով մի շարք թերություններ, որոնք բնորոշ են նրանցից յուրաքանչյուրին.

          1. կախվածությունը առաջնորդներից, նրանցում գրեթե բացակայում է թիմային (ուժեղ անհատներով) աշխատանքը,
        2. նրանք առավել մտահոգված են հաշվետու լինել դոնորների և մայրաքաղաքային ղեկավարների առջև քան հասարակության, դա թերևս նրանից է, որ նրանք հասարակությունից գրեթե ոչ մի բանով կախված չեն,
3. հարմարվողականությունը քաղաքական զարգացումներին, քաղաքացիական հասարակության կառույցներից շատ շատերը չեն փորձում անգամ ներազդել զարգացումների վրա,
4. կառույցները միջև համագործակցությունը թույլ է, կամ առավելապես հիմնված անձնական հարաբերությունների և ոչ շահերի և խնդիրների վրա:

<<Քաղաքական մշակույթի և համաձայնությունների զարգացման <<Շիրակ կենտրոն>> ՀԿ նախագահ Վահան Թումասյան