| |
Կարեն Հորնի
ամերիկացի հոգեբան
(1885-1952)
Իշխանության կանչը
Սեր և համակրանք նվաճելը նշանակում է մարդկանց հետ շփումից բավարարվածության զգացում ունենալ, մինչդեռ իշխանության և հեղինակության ձեռքբերման ձգտումը նշանակում է բավարարվածության զգացում ունենալ այդ շփման թուլացումից և սեփական դիրքերի ամրապնդումից: Կարելի է առանձնացնել խնդրից բխող վարքագծի երեք տարբերակ. ամեն ինչ նվաճելու որոշում, համակերպվելու որոշում, <<պաշտոնաթող լինելու>> որոշում: Առաջին դեպքում մարդն իրեն նույնացնում է իր Մեծ Ես-ի հետ: Իր մասին խոսելով` նա նկատի է առնում հնարավոր ամենամեծ մարդկային անհատականությունը: Գերազանցության զգացումը, որը ոչ միշտ է գիտակցված, կանխորոշում է նրա վարքն ու ձգտումները:
Նա ձեռք է բերում ներքին կամ արտաքին ցանկացած խոչընդոտ հաղթահարելու գիտակցված կամ չգիտակցված վճռականություն: Նա ձեռք է բերում հավատ, որ ինքը պետք է այն հաղթահարի և որ ինքն ի վիճակի է դա անելու: Նա պետք է հաղթահարի ճակատագրի պատճառած տհաճությունները, իր վիճակի բարդությունը, այլ մարդկանց դիմադրությունը, իր ներքին բախումները: Իշխանության կարիքի հակառակ երեսը անօգնականության մասին ակնարկների նկատմամբ նրա ունեցած վախն է` նրա ամենատանջալից վախը:
Սա մի մարդ է, որի մտադրություններն առանց այլևայլության հանգեցնում են ինքնամեծարման: Նա հավակնոտ է և հասնում է կյանքի նկատմամբ իշխանության` իր մտավոր կարողություններն ու կամքի ուժն օգտագործելով իբրև իր սեփական կատարյալ Ես-ի իրացման միջոցներ: Ֆրեյդն ու Ադլերը մարդկային այս տեսակը դիտարկում են իբրև նարցիսիստական ինքնատարածման կամ բարձրում լինելու կարիք ունեցող անհատականություն: Սակայն նրանցից յուրաքանչյուրում առկա են համակերպվելու, հանգստանալու հակումներ, որոնք նրանք ոչ թե պարզապես ճնշում են, այլ արհամարում ու ատում են: Առաջին հայացքից մեզ համար տեսանելի է նրանց անհատականության միայն մի մասը. մաս, որը նրանք ցանկանում են ներկայացնել իբրև ամբողջ անհատականություն: Նվաճողական հակումներին ուժգին կառչելը տեղի է ունենում ոչ միայն այդ միտումի ստիպողական բնույթի պատճառով, այլև ելնելով համակերպվելու հակման, իրենք իրենց մեղադրանքներ ներկայացնելու, արհամարելու բոլոր հետքերը գիտակցությունից ջնջելու անհրաժեշտությունից: Միայն այս կերպ է նրանց հաջողվում պահպանել գերազանցության ու իշխանության սուբյեկտիվ համոզմունքը:
Այս առումով վտանգավոր է չիրականացված <<պետք է>>-ների գիտակցումը, քանի որ դա հանգեցնում է մեղքի ու թուլության զգացումների: Իրականում երբեք որևէ մեկը չէր կարող համապատասխանել այդ <<պետք է>>- ներին, ուստի այդպիսի մարդը բոլոր հնարավոր միջոցներով ինքն իր առջև անհաջողությունները հերքելու անխուսափելի անհրաժեշտություն է զգում: Երևակայաբար իր <<լավ>> հատկանիշներն ընդգծելով և մյուսները դուրս մղելով` նա պետք է փորձի իր գիտակցության մեջ ամրագրել իր այն կերպարը, որով ինքը կարող է հպարտանալ: Նա պետք է անգիտակցաբար կեղծի և ապրի` ամենագետ, առատաձեռն ու արդար ձևացնելով: Նրան չի կարելի գիտակցել, որ իր Մեծ Ես-ի համեմատությամբ ինքը ոչինչ է:
Ուրիշների հետ հարաբերություններում նա կարող է երկու զգացում ունենալ: Գիտակցաբար կամ անգիտակցաբար` նա կարող է չափազանց հպարտ լինել ուրիշների հիմարացնելու իր կարողությամբ և, ինքնահավանությամբ ու ուրիշներին արհամարելով, հավատալ, որ դա իր մոտ շատ լավ է ստացվում:
Այդ հպարտության հակառակ երեսն այն է, որ ամենից շատ նա վախենում է հիմարացված լինելուց և դա համարում է մեծագույն նվաստացում: Կամ էլ` նա գաղտնի վախ ունի, թե ինքն իրականում կարող է հասարակ ձևացնող ու խաբեբա լինել: Նույնիսկ, եթե նա հաջողությունների է հասնում ազնիվ աշխատանքով, շարունակում է կարծել, թե այդ ամենը նրան հաջողվել է մարդկանց մոլորեցնելու միջոցով: Սա նրան դարձնում է չափազանց զգայուն քննադատության և անհաջողությունների նկատմամբ:
Այս խումբն իր հերթին ներառում է բազմաթիվ մարդկային տեսակներ, ինչում կարող է համոզվել յուրաքանչյուրը` հայացք նետելով իր ընկերներին կամ գրական կերպարներին: Անհատական տարատեսակներից ամենանշանակալին առնչվում է ուրախ ապրելու և մյուսներին լավ վերաբերվելու հատկությանը: Մյուս տարատեսակները կախված են նրանից, թե դրանց ներկայացուցիչներն ինչպես են գիտակցությունից դուրս մղում իրենց <<անկատարությունները>>, ինչ հավակնություններ ունեն, ինչպես են հիմնավորում այդ հավակնությունները և ինչպես են հետամուտ լինում դրանց իրականացմանը: <<Նվաճողական տեսակի>> ենթատեսակներից առավել ուշագրավ է նարցիսականությունը:
Դասական ֆրեյդիստական գրականության մեջ նարցիսականությունը ենթադրում է ինքնահավանություն, սեփական բարեկեցությամբ անչափ մտահոգվածություն, մարդկանցից օտարացում: Մենք կկիրառենք այն իր նախնական իմաստով` <<սիրահարություն սեփական կատարյալ կերպարին>>: Նարցիսը կատարյալ կերպար ունի և հիանում է դրանով: Այս հիմնադրույթը նրան կենսուրախություն ու աննկունություն է հաղորդում, ինչից զուրկ են մյուս ենթատեսակները: Նա ունի մեծ ինքնավստահություն, ինչը նախանձելի է նրանց համար, ովքեր տանջվում են իրենց ուժերի նկատմամբ թերահավատությունից: Նա չի կասկածում. ինքն ընտրյալ է, մարգարե, մարդկության բարերար: Այս ամենում ճշմարտության հատիկ կա. Հաճախ նա օժտված է միջինից բարձր ընդունակություններով, վաղ ու հեշտությամբ տարբերվել է շրջապատից:
Սեփական մեծության ու անկրկնելիության նկատմամբ նրա վստահությունը նրան հասկանալու բանալին է:
Նրա կենսուրախությունն ու անսպառ երիտասարդությունը հենց այստեղից են ծագում: Այստեղից է բխում նաև նրա գայթակղիչ հմայքը: Սակայն հասկանալի է, որ չնայած իր ընդունակություններին` գետինը, որին նա կանգնած է, ամուր չէ:
Նա կարող է անդադար խոսել իր զարմանալի ընդունակությունների մասին և պահանջել իր ինքնագնահատականի անվերջ ապացույցներ` հիացմունքի հիացմունքի ու երկրպագության տեսքով: Նրա իշխանության զգացումը այն համոզվածությունն է, թե չկա մի բան, որ ինքը չի կարող անել, և չկա մեկը, որին ինքը չի կարող նվաճել: Նա իսկապես հմայիչ է, մանավանդ, երբ հորիզոնում նոր մարդ է հայտնվում: Կապ չունի, թե այդ մարդն ինչքանով է կարևոր նրա համար, նա պարտավոր է տպավորություն գործել այդ մարդու վրա: Այդ պատճառով մարդկանց և հենց իր մոտ տպավորություն է ստեղծվում, թե ինքը սիրում է մարդկանց: Նա կարողանում է առատաձեռն լինել` զգացմունքների ջերմ ներկայացմամբ, հիացմունքի կամ փոխադարձ նվիրվածության նշանների ակնկալիքով: Նա փայլ է հաղորդում իր ընտանիքին, ընկերներին, աշխատանքին, ծրագրերին: Մյուսներից կատարելություն չի ակնկալում: Նա կարողանում է բավականին համբերատար լինել: Նա անգամ իր մասին կատակներ է հանդուրժում, քանի դեռ դրանք ավելի են ընդգծում իր դրական հատկանիշները, սակայն նա թույլ չի տալիս լրջորեն ուսումնասիրել իրեն:
Նրա <<պետք է>>- ները պակաս աննկուն չեն, քան մյուս ենթատեսակներինը: Բայց նրա համար հատկանշական է դրանք կախարդական փայտիկով բավարարելը: Թերությունները չտեսնելու կամ դրանք արժանիքների վերածելու նրա հատկությունը անսպառ է թվում: Թվում է, նա ազնիվ է կամ, գոնե անհուսալի: Նա, կարծես, չի էլ անհանգստանում չկատարած խոստումների, անհավատարմության, չվերադարձրած պարտքի մասին: Սակայն դա կանխամտածված շահագործում չէ: Նա կարծում է, թե իր պահանջներն ու խնդիրներն այնքան կարևոր են, որ ինքն արժանի է որոշ արտոնությունների: Նա կասկածի չի ենթարկում իր իրավունքները և ակնկալում է, որ մյուսները իրեն <<սիրեն>> և սիրեն <<անշահախնդիր>>. կարևոր չէ, թե ինչքանով է ինքը խախտում նրանց իրավունքները:
Քանի որ հոգու խորքում նա ոչ մեկի հետ չէ, դա անխուսափելիորեն ակնհայտ է դառնում հատկապես առավել մտերիմ հարաբերություններում: Այն հասարակ փաստը, որ մյուսներն ունեն իրենց սեփական ցանկություններն ու կարծիքները, որ նրանք կարող են քննադատաբար նայել իր վրա կամ առարկել նրան, ներկայանում է իբրև թունավոր նվաստացում և առաջացնում է նրա անմար վրդովմունքը: Եվ նա կարող է ինչ-որ պահի չդիմանալ ու գնալ նրանց մոտ, ովքեր ավելի լավ են <<հասկանում>> իրեն: Քանի որ այսպիսի գործընթաց տեղի է ունենում նրա հարաբերությունների մեծ մասում, նա հաճախ միայնակ է մնում: Աշխատանքում նրա դժվարությունները բազմաթիվ են:
Նրա ծրագրեը հաճախ չափազանց մեծ են: Նա հաշվի չի նստում սահմանափակումների հետ: Նա գերագնահատում է իր հնարավորությունները: Նրա գործունեության ոլորտները բազմաբնույթ են և, հետևաբար, մեծ է անհաջողությունների հնարավորությունը: Մինչև ինչ-որ մակարդակ նա չի ընկճվում, սակայն, մյուս կողմից, գործունեության մեջ ու մարդկային հարաբերություններում պարբերաբար կրկնվող անհաջողությունները կարող են ամբողջովին կոտրել նրան:
Սեփական Ես-ի նկատմամբ ատելությունն ու արհամարանքը, որ մինչ այդ հաջողությամբ զսպում էին, կարող են ամբողջ թափով հարվածել: Նա կարող է հոգեպես ճնշվել, անգամ ինքնասպանություն գործել կամ, ինչպես տեղի է ունենում առավել հաճախ, ինքնաքայքայվել, հիվանդանալ ու դժբախտ պատահարների զոհ դառնալ:
Առաջին հայացքից նա բավականին լավատես է, նայում է կյանքի դեմքին, ձգտում ուրախության ու երջանկության: Սակայն նրա ներսում թաքնված են ընկճվածությունն ու հոռետեսությունը: Ձգտելով կատարյալ, անսահման երջանկության` նա չի կարող զգալ կատարյալի հետ իրականության հիվանդագին տարբերությունը: Քանի դեռ նա ալիքի վրա է, նա չի կարող ընդունել, որ իրեն ինչ-որ բան չի հաջողվել, հատկապես` կյանքի նկատմամբ իշխանության հասնելը: Այդ տարբերության պատճառն, ըստ իրեն, ինքը չէ, այլ հենց կյանքը: Ուստի նա կյանքում ողբերգականություն տեսնում է, սակայն ոչ այն ողբերգականությունը, որն իրականում գոյություն ունի, այլ այն, որն ինքն է վերագրում կյանքին:
Մարդկային <<նվաճողական>> տեսակի դրսևորումներից են <<նարցիսիստը>>, <<կատարելության երկրպագուն>> ու <<մեծամիտ-վրեժխնդիրը>>: Առաջինն իրեն նույնացնում է կատարելության հետ և հիանում է իրենով: Երկրորդը շարունակ ձգտում է կատարելության և իրեն նույնացնում է կատարյալ վարքագծի կանոնների հետ:
<<Մեծամիտ վրեժխնդիրն>> իրեն նույնացնում է իր հպարտության հետ: Նրա գլխավոր խթանը վրեժխնդրական ցնծությունն է: Բոլորի նկատմամբ հաղթանակ տանելու հոգեբանական կարիքը նրան չափազանց խանդոտ մրցակից է դարձնում: Նա չի կարող հանդուրժել, որ որևէ մեկը գիտենա ավելի մեծ արդյունքներ, ունենա ավելի մեծ իշխանություն, քան ինքը, ուստի ամեն գնով կասկածի տակ է առնում մյուսների գերազանցությունը: Վրեժխնդրականությունը ստիպում է նրան պատվանդանից ցած իջեցնել մրցակցին: Սակայն չնայած իր բոլոր ճիգերին ու դավերին, նա հաճախ ոչնչի չի հասնում, ընդ որում` իր անարդյունավետության, այլև ինքնաքայքայիչ հատկությունների շնորհիվ:
Նրա վրեժխնդրականության ամենաակնհայտ դրսևորումը կատաղության վայրենի բռնկումներն են: Դրանք այնքան սարսափելի են, որ երբեմն հենց իր մեջ են վախ առաջացնում` ինքնազսպման բացակայությամբ որևէ անուղղելի բան չանելու:
Բայց այդ հազվագյուտ պոռթկումներից ավելի կարևոր է այն անընդհատ վրեժխնդրականությունը, որն ընկած է նրա կողմից մարդկանց ընկալման հիմքում: Նա համոզված է, յուրաքանչյուր մարդ հոգու խորքում դժբախտ է, որ բարեկամական կեցվածքը ձևացնելու արդյունք է, և միակ ճշմարիտ ուղին բոլորին իբրև խաբեբաների վերաբերվելն է, քանի դեռ նրանք չեն ապացուցել իրենց ազնվությունը: Սակայն անգամ նման ապացույցներն ամենևին էլ չեն բացառում ամենաչնչին առիթի դեպքում նոր կասկածների հավանականությունը: Մարդկանց հետ շփվելիս նա մեծամիտ է, հաճախ` կոպիտ, թեև երբեմն դա քողարկում է քաղաքակրթության նուրբ քողով: Սակայն նուրբ թե կոպիտ, գիտակցաբար թե անգիտակցաբար, նա նվաստացնում է իրեն շրջապատողներին ու շահագործում նրանց: Նա կանանց օգտագործում է իր սեռական կարիքները բավարարելու համար` ամբողջովին արհամարելով նրանց զգացմունքները: Հաճախ նա կապեր է հաստատում` բացառապես իր հաղթական ցնծության համար դրանց օգտակարության պատճառով:
Վրեժխնդրականության ամենակարևոր դրսևորումը նրա ներկայացրած հատուկ պահանջներն ու հավակնություններն են, ինչպես նաև այն մեթոդները, որոնցով նա պաշտպանում է դրանք: Նա կարող է հավատալ, որ ինքն իր կարիքների նկատմամբ հարգանք պահանջելու իրավունք և մյուսների կարիքների նկատմամբ լիակատար արհամարանք ցուցաբերելու արտոնություն ունի: Նրա կարծիքով, օրինակ, ինքն իրավունք ունի քննադատել մյուսներին և երբեք չլինել քննադատված: Նա իրավունք ունի որոշել, թե իրեն որքան հաճախ է պետք հանդիպել ընկերներին, մինչդեռ նրանցից որևէ մեկն այդ մասին իր ցանկությունը կամ առարկությունը հայտնելու իրավասություն չունի:
Անկախ պատճառներից` այդ ներքին կարիքները որոշակիորեն արտացոլում են ուրիշների նկատմամբ նար մեծամիտ անփութությունը: Երբ այդ կարիքները չեն բավարարվում, առաջ է գալիս վրեժխնդրական տրամադրությունների մի ամբողջ կույտ` նյարդայնություն, մռայլություն, ուրիշներին մեղավորության զգացում ներշնչելու ցանկություն, զայրույթի պոռթկում: Մասամբ դա նրա երևակայության պատասխանն է հուսախաբությանը: Հակառակ դեպքում, եթե նա չի պաշտպանում իր <<իրավունքները>> կամ <<չի պատժում>> մեղավորներին, նա խարազանում է ինքն իրեն` չափազանց <<փափուկ>> լինելու համար:
Նա մշտապես դժգոհ է: Նրա պատկերացմամբ` ինքն իսկապես պատճառներ ունի դժգոհ լինելու և, իհարկե, որոշակի շահ ունի` իր դժգոհությունը ցույց տալու: Եվ այս ամենը, ներառյալ նաև դժգոհության փաստը, կարող է կատարվել անգիտակցաբար:
Իր պահանջները նա արդարացնում է իր փայլուն հատկանիշներով:
Նրա կարծիքով` ինքն ունի արտասովոր իմաստություն, գիտելիքներ, կանխատեսման ընդունակություն: Նրա պահնջները իրեն հասցրած վնասի փոխհատուցման հայտ են:
Այդ պահնջների հիմնավորման համար նա հիշողության մեջ վառ է պահում իրեն հասցրած բոլոր վիրավորանքները:
Նրա համար դրանք հաշիվներ են, որոնք ինքը երբևէ ներկայացնելու է աշխարհին: Սա այն փակ շրջանն է, որ անվերջ սնուցում է նրա վրեժխնդրականությունը:
Մանուկ հասակում նա կարեկցանք ու համակրանք առաջացնելու անհաջող ու հուզիչ փորձեր է արել, սակայն աստիճանաբար նրա մեջ կոտրվել է կարեկցանքի, փաղաքշանքի, սիրո կարիքը: Նա <<որոշել>> է, ինքը ստեղծված չէ սիրո համար: Եվ նա այլևս չի փորձում դուր գալ, նա ազատություն է տալիս իր վիրավորանքին: Նա բոլորից լավն է և միշտ էլ կլինի այդպիսին: Նա կդառնա մեծ մարդ, հերոս, առաջնորդ, գիտնական և անմահ փառք ձեռք կբերի: Եվ այդ ժամանակ <<նրանք>> կտեսնեն իրենց սխալը: Իսկ նուրբ զգացմունքները կաշկանդում են իր փառքի ուղին: Նա պետք է անտարբեր ու միայնակ լինի:
Վրեժի, ռեևանշի, հաղթանակ ցնծության կարիքը երևակայական չէ: Սա այն է, ինչ որոշում է նրա ողջ կյանքը: Մղելով իրեն հաղթանակից հաղթանակ` մեծ թե փոքր, նա ապրում է վրեժի օրվա համար:
Բայց, նախևառաջ, իր արժեքը նա պետք է ապացուցի ինքն իրեն: Իր պահանջները բավարարելու համար նա պետք է դրանց համապատասխան արտասովոր հատկություններ վերագրի իրեն:
Նա պետք է որևէ մեկի կարիքը չզգա: Հետևաբար` նա իր մեջ մեծ հպարտություն է մշակում` աստվածակերպ ինքնաբավարարման հատկությամբ հպարտություն: Նա դառնում է չափազանց հպարտ` ինչ-որ բան խնդրելու կամ երախտագիտությամբ ընդունելու համար: Նա չի կարող որևէ բան ընդունել. նա կարող է հենվել միայն սեփական մտավոր ընդունակությունների վրա: Իր մտավոր ընդունակություններով հպարտանալը նրա մոտ ահռելի չափերի է հասնում. նա հպարտ է իր զգոնությամբ, բոլորին միամտացնելու, կանխատեսումներ անելու, ծրագրեր կազմելու իր կարողությամբ:
Նա պայքարում է բոլորի դեմ, և նա պետք է ուժեղ լինի: Հետևաբար` նա իրեն համոզում է, որ ինքն անխոցելի է: Ոչինչ չի կարող նրան ցավ պատճառել: Նրա հպարտությունը իրեն թույլ չի տալիս վիրավորել: Սակայն չգիտակցված վիրավորանքը անգիտակցաբար ավելացնում է նրա վրեժխնդրության մոլուցքը:
Նա վարվում է մարդկանց հետ այնպես, ինչպես կամենում է: Ուստի նա պետք է նանձեռնմխելի ու անպատժելի լինի: Հետևաբար` նա իրեն հավատացնում է, որ ինքն անպատժելի է: Նա հեշտությամբ վիրավորվում է մարդկանց, իրեն իրավունք վերապահում պատժել նրանց: Սակայն զայրույթն արտահայտելու բխում է ոչ այնքան վրեժի զգացումից, որքան բոլորին վախեցնելու ցանկությունից: Սա միանգամայն անհրաժեշտ է նրան, քանի որ նա չի տեսնում բարեկամական համաձայնության գալու ուղին, քանի որ բոլորի դեմ պատերազմում հարձակումը պաշտպանության լավագույն եղանակն է:
Մյուս կողմից, նա ստիպված է որոշակիորեն մեղմել իր ագրեսիվ մղումները: Դա բխում է մարդկանց նկատմամբ նրա ենթագիտակցական վախից: Նա վախենում է, որ մարդիկ կարող են իրենց վրեժ լուծել` իրենց հասցրած վիրավորանքների համար: Նա վախենում է մարդկանցից, որովհետև նրանք կարող են խոցել իր հպարտությունը: Նա վախենում է մարդկանց բարյացակամությունից, որովհետև իր թշնամական կեցվածքն արդարացնելու համար նա պետք է չափազանցնի նրանց թշնամական կեցվածքն իր նկատմամբ: Եվ նա չի կարող հաղթահարել իր վախը` առանց ուժեղացնելու իր ամբարյացակամությունը: Այստեղից էլ` նրա անձեռնմխելիության պահանջն ու դրանից բխող հավատը այդ անձեռնմխելիության հանդեպ:
Եվ նրա հպարտության վերջին դրսևորումը. նա հպարտ է իր ազնվությամբ, ուղղամտությամբ ու արդարությամբ: Ավելորդ է ասել, որ նա ազնիվ ու արդար չէ և, գուցե, անգամ ընդունակ չէ այդպիսին լինելու: Բայց նա ազնիվ է համարում առաջինը հարվածելը կամ հարվածին պատասխանելը: Ըստ նրա` խաբեբա ու թշնամի աշխարհի դեմ դա պայքարի միակ ազնիվ միջոցն է: Բացի այդ, ընկերությունը, բարեկամությունը, մարդասիրությունը համարելով կեղծ, մյուսներին նա համարում է խաբեբաներ ու ձևացնողներ, իսկ իրեն` միակ մարդը, որը վեր է կանգնած դրանցից:
Նա ևս համակերպման ու հանդարտման հակում և սիրո կարիք ունի: Նա ավելի ու ավելի խորն է թաղում դրանք, սակայն գալիս է մի պահ, երբ սկսում է իրեն ամենավատ ու անօգնական էակը համարել: Եվ հասկանալի է դառնում, որ մյուսների մեջ արհամարում էր այն, ինչը արհամարում ու փորձում էր թաքցնել իր մեջ:
Սեփական անձի նկատմամբ առաջացած նրա ատելությունը ահռելի չափերի է հասնում: Այդպիսի ատելությունը ինքնապաշտպանման ուժեղ միջոցներ է պահանջում: Նա փորձում է վանել իրենից այն միտքը, թե ինքն այն անձնավորությունը չէ, որը փորձում էր ներկայացնել: Նրա ինքնապաշտպանական թաղանթն այնքան է հաստանում, որ նա պարզապես անհասանելի է դառնում փաստարկների համար: Նա ուշադրություն անգամ չի դարձնում փաստարկների ճշմարտացիությանը անհիմնությանը: Նա իրեն թույլ չի տալիս մտածել մի բանի շուրջ, ինչը իր մեջ կարող է հանգեցնել սեփական իրավացիության նկատմամբ առաջացման:
Սեփական թերությունների գիտակցումից պաշտպանելու մյուս միջոցը ուրիշների նկատմամբ պահանջկոտությունն է: Իր ողջ վրեժխնդրությամբ հանդերձ, նա կարող էր ավելի ողջամիտ լինել ուրիշներին ներկայացվող իր պահանջներում, եթե չլիներ իր անձի նկատմամբ ատելության կատաղի հարձակումներից իրեն պաշտպանելու անհրաժեշտությունը:
Մարդկանց նկատմամբ նրա անբարյացակամության մեջ մեծ դեր է խաղում նախանձը: Դա նախանձ է ամեն ինչի համար: Դա նախանձ է իր` կյանքից դուրս մնացած լինելու համար: Բայց հարց է ծագում. արդյո՞ք հենց ինքը չէ մեջքով շրջվել կյանքին:
<<Նյարդայնություն և անհատականության աճ>>, Մոսկվա
Թարգմանություն Ա. Միրզոյան
|
|