| |
Ռիսկերի կառավարման տեխնոլոգիաներ
Ալեքսանդր Սոլովյով
Պետական քաղաքականության ձևավորման տեխնոլոգիաները սերտորեն կապված են ռիսկերի կանխման հետ: Ըստ էության, ռիսկը կամ սուբյեկտների գործողությունների շեղումն է առաջադրված նպատակներից, կամ կառավարման համակարգի համար տհաճ հետևանքների հավանականության մեծացումը:
Ռիսկի պատճառները բազմազան են: Դրանք հիմնականում բացատրվում են սոցիալական միջավայրում իրացնելու համար կանխատեսման և գործունեության հստակ հիպոթետիկ մոդելներ կազմելու անհնարինությամբ: Այս մեկնաբանությունը սկզբունքորեն համոզիչ է համարում գիտնականների զգալի մասը: <<Սոցիալական գործողությունների չկանխատեսված հետևանքների>> (Ռ. Մերտոն) անխուսափելիությունը մեծապես պայմանավորված է նրանով, որ <<պատճառահետևանքային կապի բազմազանության պայմաններում բոլոր քաղաքական փոփոխականներն անխուսափելիորեն հակասական արդյունքներ են ունենում>>: Բացի այդ, ռիսկի պատճառների թվին են պատկանում նաև կառավարողների գործունեության ստեղծագործական բնույթը, գիտելիքների` կառավարողներին հատուկ սահմանափակությունը, նրանց ինքնախաբեությունը` կապված ռացիոնալ գործողությունները ոչ ռացիոնալ համարելու հետ և, ընդհակառակը, հասարակայնության կողմից կառավարողների նպատակներն ու մտադրությունները լիովին չհասկանալը, որոշումների մշակվածության և հիմնավորվածության ոչ բավարար աստիճանը, կառավարողների չափազանց մեծ ջանքերը և այլն: Այնպես որ, ռիսկերի կանխատեսումն ու գնահատումը հարաբերականորեն ինքնուրույն գործողություններ են, երբ կայացվում են որոշումներ, որոնք ենթադրում են ռիսկը նվազեցնելուն և որոշումների կայացման և իրականացման վրա նրա ազդեցությունը թուլացնելուն ուղղված որոշակի տեխնոլոգիաների կիրառում:
Որոշումները չափազանց մեծ ռիսկերից պաշտպանելուն ուղղված տեխնոլոգիաների կառուցումը կախված է ռիսկերի տեսակից և բնույթից (համընդհանուրից մինչև տեղային): Օրինակ, առանձին երկրներում ընդունված է կազմել վարկանիշներ, որոնք արտացոլում են արտասահման բիզնեսի համար գոյություն ունեցող ռիսկի աստիճանը, տեխնոլոգիական կամ բնապահպանական աղետների առաջացման հավանականությունը և այլն: Սակայն պետության ներսում կիրառվող տեխնոլոգիաները կոչված են կառավարման համակարգերը պաշտպանել նախևառաջ այն ռիսկերից, որոնք առաջանում են անսպասելի խափանումներից, ֆորս-մաժորային հանգամանքներից, կառավարողների սուբյեկտիվ թերահաշվարկներից:
Այսպես, բարդ իրադրությունների գնահատման և ախտորոշման փուլերում ռիսկերի կանխման առավել նշանակալի միջոցները կապված են հումանիտար կամ մտավոր տեխնոլոգիաների կիրառման հետ: Դրանք իրենցից ներկայացնում են այնպիսի վերլուծական համակարգեր, որոնք թույլ են տալիս տարբերակել ռիսկի գործոններն ու նախանշանները: Ռիսկի գործոնները այն փոփոխականներն են, որոնք անմիջականորեն ազդում են ռիսկի աստիճանի, աճի կամ նվազման վրա. Այս կերպ կարելի է դիտարկել կենսամակարդակի տնտեսական ցուցանիշները, սոցիալական անհացասարությունը, միջկրոնական և միջէթնիկական տարբերությունները, ինչպես նաև այլ նմանօրինակ երևույթներ: Մինչդեռ ռիսկի նախանշաններն իրավիճակի հնարավոր վատացման ակնհայտ կամ ոչ ակնհայտ նշաններն են, որոնք կարող են նախորդել կամ ուղեկցել իրավիճակի նման զարգացմանը. Ընդդիմադիր գործունեության մեծացում, անվտանգության նվազում, անկայունության աճ և այլն:
Այս կարգի տեխնոլոգիաները մեծացնում են հնարավոր մոդելների թիվը` ավելացնելով դիտարկվող այլընտրանքների ծավալները, հաշվարկային ցուցանիշների դիֆերենցացիան, ընդլայնելով <<շրջադարձային կետերի>> մասնագիտական որոնումները, գործունեության ծրագրավորման մեջ տեղ հատկացնելով ինքնակարգավորման և ինքնակազմակերպման գործընթացներին: Հետևաբար, դրանք թույլ են տալիս առավել հավաստի տեղեկատվություն այս կամ այն երևույթի զարգացման դինամիկայի, միտումների և փոխադարձ կապերի բնույթի վերաբերյալ: Գործողությունների հավանական տարբերակների գնահատումից ստացված գնահատականն օգնում է բացահայտել նպատակին հասնելու գործընթացի առավել թույլ կողմերը, գտնել <<անվտանգ այլընտրանքներ>>, կանխել ծայրահեղությունները, մշակել որոշակի գործող անձերի համար հավանական քանակական և որակական կորստի գնահատման չափանիշները, տեսնել կորուստների օպերատիվ փոխհատուցման հնարավոր կամ անհնարին լինելը:
Ռիսկի գնահատման հնարավոր մոդելների կազմումն իրականացվում է զանազան մեթոդների և մեխանիզմների հիման վրա: Օրինակ, կարելի է օգտագործել սցենարային տեխնիկական, պետական և անկախ փորձաքննության զանազան ձևեր: Իրենց նշանակալի դերն են խաղում նաև դիսկրիպտիվ և գնահատման մոդելները, որոնք, ի թիվս այլ գործառույթների, նկարագրում են գործընթացի առավել կարևոր ցուցանիշ-փոփոխականները, որոնցից յուրաքանչյուրի համար նախանշվում է հավանականության սեփական աստիճանը, իրականացվում է դինամիկայի վերլուծություն կարճաժամկետ, միջին տևողության և երկարաժամկետ կանխատեսման համար: Օրինակ, ողջ հասարակության մակարդակով (մակրոմակարդակ) ռիսկի գնահատման համար իբրև այդպիսի փոփոխականներ դիտարկվում է գործոնների մի ամբողջ շարք` քաղաքական կայունության աստիճանից մինչև տեղական ինքնակառավարման աստիճանը: Լայնորեն օգտագործվում են և մաթեմատիկական մեթոդները, որոնք կիրառելի են ինչպես ողջ երկրում ռիսկի նվազեցման գործոնների, այնպես էլ առանձին գործընթացների ռիսկի գնահատման համար:
Իրենց հերթին, որոշումների իրականացման և նպատակների ճշգրտման փուլում վերլուծական գործողություններին զուգահեռ լայնորեն կիրառվում են նաև սոցիալական տեխնոլոգիաներ, որոնք ռիսկերի նվազեցմանն ուղղված կազմակերպչական բնույթի որոշակի գործողությունների ձեռնարկում են ենթադրում: Այդպիսի տեխնոլոգիաների թվին կարելի է դասել, օրինակ, գործադիր կառույցներից ռիսկերը գնահատող փորձագետների անկախության մեծացումը կամ հարցի լուծման մեջ շահագրգիռ անձանց շրջանակի լայնացումը, առանձին դեպքերում` խնդրի գնահատման գործընթացի հրապարակայնության աստիճանի աճը, ինչպես նաև ծրագրի իրականացման, կառավարման պահեստային համակարգի նախապատրաստման ու միջոցների օպերատիվ տեղափոխման հետ կապված կառույցների ու ինստիտուտների գործողությունների համակարգվածության աստիճանի մեծացումը:
Ռիսկերի հետ պայքարի էական միջոց պետք է համարել նաև ռիսկերի անխուսափելիության գաղափարը հասարակական կարծիքին նպատակաուղղված կերպով բացատրելը, մակրոկառավարման վնասների անխուսափելիությանը մարդկանց սովորեցնելը, ինչը հնարավորությունե է տալիս նվազեցնել ղեկավարության սայթաքումների բացասական ազդեցությունը: Արդյունավետ են նաև այն միջոցները, որոնք միտված են նվազագույնի հասցնել զանգվածային վարքի` հասարակական խնդիրների նկատմամբ ռացիոնալ վերաբերմունքն իջեցնող այնպիսի մոտիվացիաների տարածումը, ինչպիսիք են վախը և սովը: Այս առումով կարևոր է որոշումների ինստիտուցիալիզացիան, ճգնաժամերի պայմաններում բնակչության գործունեությունը հուսալիորեն կողմնորոշող կանոնների և սկզբունքների հեղինակության մեծացումը, քանի որ հենց այս գործունեության կողմնորոշման համակարգն է պահպանում իր մոբիլիզացիոն հատկությունները թերի մշակված նպատակների համեմատությամբ:
Ճգնաժամային տեխնոլոգիաներ
Ռիսկերի աճը և պետության համար ճգնաժամային իրավիճակների առաջացումը հատուկ տեխնոլոգիաների կիրառում է ենթադրում պետական կառավարման նպատակների ձևավորման և իրականացման ժամանակ: Ինչպե՞ս կարող է պետությունը ստեղծել իր <<անխոցելիության ռազմավարությունը>> և միաժամանակ անել այնպես, որ արտակարգ միջոցառումները չվերածվեն կառավարման սովորական ոճի:
Ճգնաժամի պայմաններում պետական կառավարման հիմնական խնդիրների շրջանակն էապես նեղանում է, քանի որ իրատեսական և անհնարին է բոլոր չափանիշներով ապահովել կռավարման համակարգի գործունեությունը: Սակայն հասարակության ընդհանուր կառավարելիությունը, կառավարող և կառավարվող համակարգերի` հունից դուրս գալը կանխելը, արտաքին միջավայրի ազդակներին արձագանքելու միջոցների ճկունության պահպանումը ճգնաժամային իրավիճակներում էլ շարունակում են կարևոր նշանակություն ունենալ: Միաժամանակ, այս խնդիրների լուծումը կառավարման յուրահատուկ միջոցների և տեխնիկայի կիրառում է ենթադրում
Ընդհանուր առմամբ, պետական կառավարման մարմինները ճգնաժամերին արձագանքում են զսպիչ բնույթ կրող տեխնոլոգիաներով: Սա խոսում է այն մասին, որ պետությունը պետք է ձգտի ոչ միայն համապատասխան արձագանք տալ ճգնաժամին, այլև անընդհատ պատրաստվի նմանատիպ գործողություններին: Վերջին խնդիրը անքակտելիորեն կապված է պետական կառավարման պահեստային համակարգի ձևավորման հետ: Այսպես, կադրային, տեխնիկական, տեղեկատվական և այլ կառույցների ստեղծումը թույլ կտա կառավարման հիմնական կենտրոնների` շարքից դուրս գալու դեպքում շարունակել որոշումների կայացման գործընթացը:
Բացի այդ, դա նշանակում է կանխիչ միջոցառումների հետևողական իրականացում կյանքի տարբեր ոլորտներում: Նախևառաջ այդ միջոցառումները պետք է իրականացվեն քաղաքական-իրավական ոլորտում, ճգնաժամերի և արտակարգ իրավիճակների դեպքում կառավարական մարմինների գործունեության վերաբերյալ օրենքների, կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի ընդունման ճանապարհով: Իսկ այս իրավական համակարգի ձևավորման հիմնական նպատակը, կռավարական մարմինների պահպանման հետ մեկտեղ, պետք է լինի բնակչության ֆիզիկական գոյության պահպանումը: Ուստիև այս գործընթացի անբաժանելի մասը պետք է կազմի զուտ տեխնիկական պատրաստակամությունը, ներառյալ նյութական միջոցների վերաբաշխումը և պահեստային մթերումները:
Զսպիչ գործունությունը առնչվում է նաև համապատասխան կադրային կառույցների ձևավորմանը` կառավարչական անձնակազմի պատրաստմանը, վերապատրաստմանը և տեղաբաշխմանը` ճգնաժամի տեղայնացման կանխատեսումնրին համապատասխան: Պետության կանխիչ գործունեությունը կարևոր նշանակություն ունի նաև տեղեկատվության ոլորտում: Այս առումով պետության գործունեությունը ենթադրում է զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ հատուկ գործողությունների իրականացում` նրանց տեխնիկական և կադրային ներուժի ամրապնդում, տեղեկատվական ուղիների անվտանգության ապահովում և այլն:
Բացի զսպիչ տեխնոլոգիաներից, պետությունը կիրառում է նաև օպերատիվ բնույթ կրող տեխնոլոգիաներ: Տրամաբանության տեսանկյունից վերջիններիս կառուցումը ենթադրում է կոնկրետ հասարակական ճգնաժամի նախանշանների հետևողական վերլուծություն: Այս տեխնոլոգիաները առավելապես կապված են արտաքին վտանգի պայմաններում գործող կառավարման համակարգի հետ: Իսկ արտաքին վտանգը միանգամայն տարաբնույթ հետևանքներ կարող է ունենալ կառավարման համակարգի վրա: Մասնավորապես այն կարող է հանգեցնել պարզապես կռավարման համակարգի ներքին անհարմարավետության աճին կամ նրա մասնագիտական գործունեության իրականացման բարդացմանը, համակարգի առանձին կառույցների գործունեության դադարեցմանը և այլն:
<<Քաղաքագիտություն>> Մոսկվա, 2000
|
|