ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ | ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն | ARCHIVE | սկիզբ
Ծրագրեր| Ազգային ժողովրդավար |Լուրեր | Քաղաքական մշակույթ | Համայնքներ | Գրադարան | ԶԼՄ –ներ | ՀԿ-ներ/OO/NGOs | Photo
 
 





SMALL
 
 
MEDIUM


 
 
free hit counters

 

 Ալեքսանդրովսկի փողոցն ու նրա հայտնի-անհայտ մարդիկ

 


 

ԴարբինՄնոյանները
Աբովյան փողոց, երկրորդ նրբանցք, 1-ին տուն հասցեում 80 տարուց ավելի ապրում են Մնոյանները, սերնդեսերունդ դարբնությամբ զբաղվող ճանաչված գերդաստաններից մեկը Գյումրիում: Մկրտիչ Մնոյանը` գերդաստանի պապը, հայտնի կոշկակար է եղել Գյումրիում:
«Պապիս թատրոնի դերասանների կոշիկների զագաս շատ կուտային, ըդիկ պատվաբեր բան էր, ամեն մարդ հո չէր կրնա ըդպես որակով կոշիկ կարել: Բացի դրանից, քաղաքի ճաշակով մարդիկ էլ իրանց կոշիկները պապիս մոտ կարել կուտային,- պատմում է դարբինների երկրորդ սերնդի ներկայացուցիչ Սամվել Մնոյանը,- էն ժամանակներն էլ կային լավ հագնողներ մեր քաղաքի մեջ ու իրանք կոշիկ չէին առնի, կարելու պատվեր կուտային»:
Հայտնի կոշկագործ Մկրտիչ Մնոյանի Հովհաննես որդուն` Սամվել Մնոյանի հորը, կոշկագործությունը չի ձգել եւ որոշել է գնալ ոչ թե հոր ուղիով, այլ մորեղբոր` հայտնի դարբին Պապոյան Պապիկի: Հովհաննես Մնոյանի հետ միաժամանակ դարբնություն է ուսանել նաեւ հորեղբոր տղան` Սաշիկը: Հովհաննեսից եւ Սաշիկից սկսած` տոհմի արհեստավորական պատկանելությունը փոխվել է, հիմք է դրվել դարբինների Մնոյան տոհմին:
Հովհաննեսի երկու եւ Սաշիկի երեք տղաները եւս դարբիններ են: Այս տղաների տղաները եւս դարբիններ են: «Հույս ունինք, որ մեր թոռներն էլ մեր արհեստը կընտրեն»,- բեղի տակ ժպտում է Սամվել Մնոյանը: Հյուրընկալվելով Մնոյաններից Սամվելի տանը` զրույցից պարզում եմ, որ նույն բակում են ապրում Սամվելի դարբին եղբայրը եւ հորեղբոր տղայի ընտանիքը, կրկին դարբիններ:
«Ուրիշ բան էնել չիդենք,- ծիծաղում է հյուրընկալ տանտերը,- Ռուսաստան էլ էդ գործով եմ զբաղվել, մեր հունարն էլ էդ է»:

Աբովյան փողոցում Մնոյանների պապական տունը սկզբում մեկ հարկանի էր, հետագայում ընդարձակել ու երկրորդ հարկ են կառուցել Սամվելի հայրն ու հորեղբայրը, իրենք էլ փորձում են այն առավել հարմարավետ դարձնել, բայց չեն փոխել տան ճակատային մասը:
Գյումրիում տան փողոց նայող հատվածը անձնագրի նման մի բան էր ու շատ բան կարող էր պատմել տանտիրոջ մասին: 2 դար հետո Մնոյանների տան պատին Գյումրիի քաղաքային մշակույթն ուսումնասիրող կազմակերպություներից մեկը նկար-ցուցատախտակ է փակցրել, որտեղ պատկերված են 19-րդ դարի ալեքսանդրապոլցի դարբինները:
Հիմա ոչ միայն քաղաքի բնակիչները, այլեւ օտարազգի զբոսաշրջիկները հնարավորություն ունեն տեղեկանալու, թե որտեղ կարող են հանդիպել տոհմական դարբինների:
«Մեր դարբնոցը հեռու է տնից, «Գորկա» այգուց վերեւ, «Ճերմակ» հիվանդանոցի մոտերքն է,- պատմում է Սամվելը,- այնտեղ ամեն ինչ դեռ հին տեխնոլոգիայով է, այսինքն` ինչխոր առաջ, ամեն ինչ ձեռքով կենենք: 21-րդ դարում շատ բան է փոխվել, դարբնության մեջ էլ են փոփոխություներ եղել: Գործիքներ կան, որ էլեկտրական են, բայց մենք հըլը մեր պապերի վախտով ընդունված ձեւով երկաթը կկռենք»:
«Եռանկյունի» ֆիլմի նկարահանման նպատակով Գյումրիում հարմար դարբնոց փնտրող ռեժիսորն այցելել է նաեւ Մնոյաններին: «Հետո, իհարկե, իրանք ուրիշ տեղ նկարեցին, որովհետեւ մերն էն ժամանակ ահագին լավ տեսք ուներ, իրանց ըսելով` բարեկարգ էր, դրա համար էլ մեր դարբնոցը չընտրեցին»,- հիշում է Սամվել Մնոյանը:
Սամվելն ավարտել է Մերկուրովի անվան նկարչական դպրոցը, որը շատ է օգնում գծագրեր անելիս: Սովորաբար իրենց պատվերներ են տալիս թանգարանները, եկեղեցին: «5-6 տարի առաջ օր սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցին կառուցեցին վերջացրեցին, եկեղեցու ջահը մենք սարքեցինք` ես ու եղբայրս: Սուրբ Յոթվերք եկեղեցու համար մոմակալների պատվեր ենք ունեցել,- արած աշխատանքներն է թվարկում փոքրամարմին դարբինը,- հորս սարքած մեծ ջահը մինչեւ հիմի էլ մեր Գյումրու երկաթգծի կայարանի շենքում կախած է: Մեզի Թուֆենկյաններն էլ են պատվեր տվել, երկաթից մահճակալ ենք սարքել, կարծեմ մե քանիմ հատ էլ հետը Ամերիկա տարավ»:
Սամվելը գոհ է դարբնի իր ճակատագրից, ասում է, որ կարողանում է ընտանիքը պահել: Իր երկու եւ եղբոր միակ արու զավակները, որ ներկայումս ծառայում են բանակում, ընտրել են դարբնությունը:
«Այ, չիդեմ, թոռներս դարբին կդառնա՞ն, թե՞ չէ, բայց տղեքս որ դժգոհ չեն ու վստահ եմ, որ իրանք էլ հետագայում, իչխոր ես, կկարողանան ընտանիք պահել,- ասում է Սամվելը,- իրանք փոքրուց էդ քուրան ու կրակն են տեսել, տեսել են ու սիրել»:
Քուրայի կրակը չէ, բայց քչախոս, համեստ Սամվելի հոգում բոցկլտացող կրակն է տեսել ու հավանել կինը` Անահիտը:
«Ես շատ գոհ եմ ամուսնուցս: Ինքը տաղանդավոր մարդ է: Շատ դարբինների կանայք կդժգոհեն մրոտ շորերը լվանալուց, ես հեչ մե անգամ չեմ տրտնջացել, մեքենան է լվացել, ես մենակ քամել-փռել եմ,- ծիծաղում է Սամվելի կինը` Անահիտը,- մենակ մե թերությունում ունի Սամվելը, շատ քիչ կխոսա, ես էլ որ շատ կխոսամ, կնեղվի»:
Փետրվարի 9-ին Սամվելն ու Անահիտը նշել են իրենց ամուսնության 25- ամյակը: Տոնախմբությանը մասնակցել են նաեւ բանակային զավակները:
«Ըշտը հավաքվանք, ջան ըսինք, ջան լսինք, ուրախացանք, անցավ գնաց»,- կարճ ու կոնկրետ այդ օրվա անց ու դարձն է ներկայացնում Սամվել Մնոյանը:
Աբովյան փողոց, երկրորդ նրբանցք, թիվ 1 տանն ապրող Մնոյանների գերդաստանը երջանիկ է յուրովի: Ասում են` լավ արհեստավորը միայն օրվա առաջին կեսին է սոված: Այս ասացվածքի հետ համամիտ են նաեւ Մնոյանները:
Հայաստանում, թե Ռուսաստանում` իրենց ոսկե ձեռքերի շնորհիվ երբեք սոված չեն մնացել: Հրաժեշտից առաջ հարցնում եմ. «Տղաներիդ որ ամուսնացնես, կարո՞ղ է ստիպված էս տունը վաճառես, երեւի չտեղավորվեք բոլորդ»:
«Չէ, ինչի՞ ծախենք, մենք բնիկ գյումրեցի ենք, ադաթ կա, բան կա, մեծիս կբաժնեմ, ուրիշ տուն կառնինք, փոքրս կմնա մոտս: Էս տունը Մնոյանների գերդաստանինն է ու Մնոյաններին էլ կմնա»,- եզրափակում է դարբին Սամվելը:

ԵրանուհիՍողոյան

 

Կլոր-սեղան քննարկում նվիրված բնակարանների
բաշխման գործընթացին

Մամլո - հաղորդագրություն
24.02.2010թ.


    Աղետի գոտում 2009-2010թթ. բնակարանների բաշխման գործընթացին նվիրված կլոր-սեղան քննարկում կայացավ այսօր Գյումրիում` քաղաքացիական հասարակության կառույցների, ԶԼՄ-ների և շահագրգիռ քաղաքացիների մասնակցությամբ: Կլոր-սեղան քննարկումը կազմակերպվել էր Բացհասարակությանինստիտուտիօժանդակությանհիմնադրամիհայաստանյանմասնաճյուղիաջակցությամբ «Շիրակկենտրոն»ՀԿ-ի կողմից իրականացվող «Աղետիգոտուանօթևաններիիրավունքներիպաշտպանություն, բնակարաններիբաշխմանգործընթացի`  պայմանագրերիևհերթացուցակների հանրային մոնիթորինգ»  ծրագրի շրջանակներում: Միջոցառումը վարող Վ.Թումասյանը իր բացման խոսքում մասնավորապես նշեց. - «Թեև մեր իշխանությունների հավաստիացումներով Գյումրիում կառուցվող 1054 բնակարանները անօթևաններին պետք է բաշխվեին դեռևս անցած տարվա ավարտին, սակայն մինչև օրս վիճակահանության արդյունքում բնակարաններ են ստացել շուրջ 300 քաղաքացի»:
     Վ.Թումասյանը խոսելով բնակարանների բաշխման ձգձգման մասին նշեց հիմնականում 3 պատճառ.
    1. բնակարանային շինարարությունը իրականացնող կազմակերպության կողմից թույլ տված թերացումներն էին, որոնք ներկայումս շտկվում են նույն` «Գլենդել Հիլզ» կազմակերպության միջոցների հաշվին,
   2. ՀՀ նախագահի հանձնարարականով նախօրոք չնախատեսված աշխատանքների մասին հանձնարարականն է, ըստ որի բնակարանները պետք է ունենան ջեռուցման համակարգ, ինչպես նաև պետք է սալիկապատվեն: Այս աշխատանքների համար ՀՀ բյուջեից, ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից տրված տեղեկատվության համաձայն, յուրաքանչյուր բնակարանի հաշվով, կախված սենյակների քանակից տրամադրվելու է 1200-ից 1800 ԱՄՆ դոլար,
   3.  բնակարանների բաշխման ձգձգման պատճառներից մեկն էլ հազարավոր անօթևան ընտանիքների անդամների բացակայությունն է Հայաստանից, ինչի պատճառով պահանջվող փաստաթղթերի փաթեթները չեն կարողանում ներկայացնել բնակարանների բաշխման հանձնաժողով:
    Կլոր-սեղան քննարկման վարողը աղետի գոտում բնակարանների բաշխման ներկա փուլի շոշափելի ձեռքբերում է համարում այդ գործընթացի թափանցիկ ընթացքը, որը չի եղել նախկինում:

      Նշենք նաև, որ այսօր քննարկումից առաջ ՀԱԵ Սոցիալ-կրթական կենտրոնի շենքում տեղի ունեցավ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նոր գրասենյակի բացման արարողություն: 

Շիրակ կենտրոն ՀԿ

 

Ալեքսանդրովսկի փողոցն ու նրա հայտնի – անհայտ բնակիչները


20-րդ դարասկզբին Ալեքսանդրապոլի` ներկայիս Գյումրիի դեմքը Ալեքսանդրովսկի փողոցն էր, որն այժմ կոչվում է Աբովյան: Այն սկիզբ է առնում «Սլաբոդկա» թաղամասից եւ ձգվում մինչեւ «Ձորի թաղ»:
Ալեքսանդրապոլցիների համար պատվի ու հարստության չափանիշ էր այս փողոցում տուն ունենալը:Քաղաքի մեծահարուստները ձգտում էին այստեղ կառուցել իրենց առանձնատները:
Մեծահարուստ Ղունկիենց Ղունկի աղայի առանձնատներից մեկը 1878 թ. կառուցվել է Ալեքսանդրովսկի փողոցում, հետո այդ շենքը զբաղեցրել է քաղաքի դատախազությունը: 1988 թ. երկրաշարժից շենքի մի մասը քանդվել է:
Ալեքսանդրապոլի մեկ այլ հայտնի գերդաստանի զավակ, մեծահարուստ Լեւոն Դրամփյանն այս փողոցում երկու առանձնատուն է ունեցել, որոնցից մեկը` 1920 թ.-ից ժողդատարանի շենքը, կառուցվել է 1873 թ. եւ ունեցել 22 սենյակ` իրենց մառաններով, իսկ գրավական արժեքը եղել է 325 հազար ռուբլի: Նրան է պատկանել նաեւ Աբովյան փողոցի 206 համարի շենքը իր 25 սենյակներով, 52 հազար ռուբլի արժեքով: Այդ շենքը սկզբում հատկացվել է «Ամերկոմին», հետո` 4-րդ դպրոցին, հետագայում ծառայել է որպես երաժշտական դպրոց:
1898 թ. Դրամփյան եղբայրները 1000 ռուբլի են տրամադրել Գյումրիի «կեղտոտ չայ» գետակը մաքրելու համար: Դրամփյանները մեծ նվիրատվություն են արել նաեւ սուրբ Աստվածածին Յոթվերք եկեղեցու տանիքն ու գմբեթը փայտաշենից քարաշենի վերածելու համար: Եկեղեցական խորհրդի անդամներից մեկը, զարմացած նման առատաձեռնությունից, նկատել է. «Հալալ լինի Ձեր օջախին, որ դրմփալով խոշոր դրամ հատկացրիք եկեղեցու կառուցման գործին»: Եվ ահա այդ ժամանակվանից էլ այդ բարերար տոհմը կոչվել է Դրամփյան:
Դրամփյանների հետ կապված մի հայտնի պատմություն էլ կա: Երբ կառուցվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, վարդապետները ամբողջ քաղաքից հանգանակություն են հավաքել այս աստվածահաճո գործի համար: Մեծահարուստների վերաբերյալ ժողովուրդն այն կարծիքն է ունեցել, թե բոլորը ժլատ ու գծուծ մարդիկ են: Սակայն, երբ վարդապետը մոտեցել է Դրամփյանների տոհմի ավագին` հանգանակություն խնդրելու, ի զարմանս բոլորի` Դրամփյան ավագը հարցրել է, թե մինչ իր տուն գալն ինչքան գումար է հավաքվել եւ կնոջը կարգադրել է նույնքան գումար բերել: Եվ տիկինը գոգնոցով լի ոսկի է բերել հանգանակության համար: Իսկ երբ Դրամփյանին ասել են, թե լսել ենք, որ դուք ամբողջ կյանքում փողը խնայել եք, նա պատասխանել է. «Խնայել եմ, որ այսպիսի գործերին օգտակար լինեմ»:

Նախահեղափոխական շրջանում Ալեքսանդրովսկի փողոցում է գտնվել առաջին կրկեսը: Իսկ խորհրդային կարգերի հաստատումից հետո, 1926 թ. այստեղ է կառուցվել քաղաքի առաջին կինոթատրոնը` «Հոկտեմբեր» անունով: Աբովյան փողոցում են գործել նաեւ առաջին ծննդատունն ու դեղատունը:

Ծննդատան երկհարկանի շենքը` կառուցված 1873 թ., պատկանել է առաջին կարգի վաճառական Հակոբ Ռաֆայելյանին: Տանտիրոջ կենդանության օրոք այն օգտագործվել է որպես հյուրանոց «Ֆրանսիա» անվանումով:







Քաղաքի առաջին դեղատունն էլ` կառուցված 1870 թ., եղել է մեծահարուստ Խաչատուր Խալաթովի տունը: Դեղատունը երբեք չի դադարել գործել եւ այժմ էլ ծառայում է նույն նպատակին: Ալեքսանդրովսկի փողոցում են կառուցվել նաեւ բժիշկ Մխիթարյանի, Չարխչյան եղբայրների, Գեղամովենց եւ Արա Աբաջյանի առանձնատները: Այստեղ են ապրել նաեւ նշանավոր կոմպոզիտորներ Նիկողայոս Տիգրանյանը եւ Արմեն Տիգրանյանը:
Երբ Ռաֆայելյանը կառուցել է իր շքեղ առանձնատունը, Նիկողայոս Տիգրանյանի հայրը պատահաբար անցնելիս հարցրել է, թե ինչ է անում: «Տանս ֆասադը կզարդարեմ»,- պատասխանել է Հակոբ Ռաֆայելյանը: «Դու տանդ ֆասադը զարդարե, ես էլ` տղեքիս գլուխները, տեսնենք ո՞րս ենք ճիշտ»,- հակադարձել է Տիգրանյանը: Ժամանակը ցույց տվեց, որ երկուսի գործելակերպն էլ ճիշտ էր: Պատմությունը սերունդների համար պահպանել է եւ Ռաֆայելյանների շքեղ առանձնատունը եւ Տիգրանյանների արվեստը:

Ալեքսանդրապոլի երկու նշանավոր եկեղեցիները` Ս. Ամենափրկիչն ու Ս. Նշանը, գտնվում են Աբովյան փողոցում: Ս. Նշան եկեղեցին կամ «Սեւ ժամը» կառուցվել է 1870 թ. հոգեւոր առաջնորդ Անանիկյան վարդապետի նախաձեռնությամբ: 1988-ի երկրաշարժից վնասվելուց հետո այն ներկայումս ամբողջովին վերականգնված է եւ լիարժեք գործում է: Ժամանակին եկեղեցուն կից գործել է օրիորդաց Սահականուշյան դպրոցը: Արդեն այդ տարիներին ալեքսանդրապոլցիներն իրենց աղջիկներին տվել են կրթության: Սա ապացուցում է, որ այդ տարիներին ասիական երկրներին հատուկ բարքերը հետզհետե իրենց տեղը զիջում էին Արեւմուտքից ներմուծվող ավանդույթներին:

Սուրբ Ամենափրկչի կառուցումը սկսվել է 1852 թ. եւ ավարտվել 1873-ին: Կառուցմանը, բացի վարպետներից ու բանվորներից, գործուն մասնակցություն են ունեցել հարյուրավոր գյումրեցիներ: Եկեղեցին կառուցվել է ժողովրդական դրամահավաքի միջոցով: Եկեղեցու շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո գմբեթի մեծ խաչը տեղադրել է գյումրեցի, մասնագիտությամբ հյուսն Մանուկը, որի կատարած աշխատանքը գնահատելով` նրան տվել են «Արդար Մանուկ» անունը, իսկ զարդանախշերը գլխավորապես Թադեւոս Անտիկյանի ձեռքի գործն են:
1840-ական թվականներից եկեղեցուն կից գործել է տղայոց ծխական դպրոցը: Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ֆիլհարմոնիա: 1988-ի աղետին Ամենափրկիչը խոնարհվեց: Ներկայումս այն վերականգնման փուլում է, եւ առաջին գումարները եկեղեցու կառուցման համար կրկին ժողովրդի կատարած հանգանակությամբ են գոյացել, ինչպես շատ տարիներ առաջ, երբ պիտի դրվեր եկեղեցու առաջին քարը:
Դպրոց-վարժարաններից Ալեքսանդրովսկի փողոցում նշանավոր են եղել Ասլամազյան քույրերի պատկերասրահի շենքում գտնվող պրոգիմնազիան եւ Աբաջյանի մասնավոր դպրոցը: Հայտնի մանկավարժ Արա Աբաջյանն էլ, որ բազմաթիվ դասագրքերի հեղինակ էր, կյանքը նվիրել էր կրթական գործին` իր տունը դարձնելով դպրոց:
Եկեղեցիների նման, բաղնիքներն էլ կառուցվել են քաղաքի կենտրոնական մասում: Աբովյան փողոցի այժմյան բաղնիքը նախկինում կոչվել է «Ցենտրալնի» եւ պատկանել Տեր-Մարտիրոսովին: Այստեղ է գտնվել նաեւ Գեւոր աղի բաղնիքը:
Փողոցն ունեցել է բազմաթիվ արհեստանոցներ, կրպակներ եւ վաճառատներ: Սրանցից նշանավոր են եղել հարուստ վաճառական «Քյաստանենց» Մարտինի խանութը (Ասլամազյան քույրերի պատկերասրահի առաջին հարկում), «Ճերմակ» Համոյի խանութը, Երանոսովների «Կանդիտերսկին»: Այս ֆաբրիկայի քաղցրավենիքների ախորժալի ու քաղցր բուրմունքը տարածվել է ամբողջ փողոցով: Զատկի տոնին Երանոսովների ֆաբրիկայում ռուսական զորքի համար պատրաստվել են «պասկա» կոչվող թխվածքներ:
Այստեղ գործել է նաեւ ֆայտոնների կանգառը, որը կոչվել է «Ֆայտոնջոց բիրժա»:
Հարսանյաց սրահի շենքում եղել է քաղաքային ակումբը` «Գորոդսկոյ կլուբը», որտեղ կազմակերպվել են զինվորական, դասական երաժշտության երեկոներ, պարահանդեսներ: Այստեղ անցկացվել են նաեւ արվեստագետների, գրողների մեծարման երեկոներ եւ Դումայի նիստերը:
Ալեքսանդրովսկին` ներկայիս Աբովյան փողոցը, քաղաքի բնակիչների համար եղել է նաեւ զբոսավայր: Ժողովրդի մեջ տարածված էր «էրթանք վար» արտահայտությունը: «Վարը» հենց Ալեքսանդրովսկին է եղել, որը ծառայել է որպես զբոսանքի, սիրահար զույգերի հանդիպման վայր:
Մի պատմություն Պոլոզ Մուկուչից
1910-20 թթ. Գյումրիի քաղաքագլուխ Գարեգին Լեւոնյանի կարգադրությամբ մի քանի պետական հիմնարկներում հեռախոսագծեր են անցկացնում: Գործընթացը սկսվել էր «Չեկայի» շենքից: Պոլոզ Մուկուչը, տեսնելով կապավորին, հետաքրքրությունից դրդված` մոտենում է ու հարցնում.
-Ծո, էդ ընչի՞ կքանդեք ուլիցը:
-Անթել հեռախոս կքաշենք,- կատակով պատասխանում է ավագ վարպետը եւ ավելացնում,- թող գյումրեցիները հիմի հեռվից հեռու իրար հետ խոսան:
-Ինչքա՞ն կծախսվի իդոր համար,- հարցնում է Մուկուչը:
-50-80 հազար,- պատասխանում է վարպետ Մկրտիչ Սողոյանը:
Ծո, հըլը խելքի աշեք,- վրդովված վրա է բերում Մուկուչը,- փոխանակ էդքան փող ծախսեք, վերցրեք իրեք հատ բամբասանքչի դուխով կնիկ: Մեկին կանգնեցրեք հին գերեզմանոցի գլխին, մեկին` Ճերմակ Համոյի խանութի դուռը, երրորդին էլ` Ձորի Բողազի Երկար Հակոյի աղբրի մոտ: Երկու ժամվա մեջ էսոնք ամբողջ քաղաքը լուրով կլցնեն:

Երանուհի Սողոյան
2010/02/15
Hetq.am