ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ | ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն | ARCHIVE | սկիզբ
Ծրագրեր|Ազգային ժողովրդավար |Լուրեր | Քաղաքական մշակույթ | Համայնքներ | Գրադարան | ԶԼՄ –ներ | ՀԿ-ներ/OO/NGOs | Photo
 
 





SMALL
 
 
MEDIUM


 
 
free hit counters

 
ՆՊԱՏԱԿ
 

 Ռիչարդ Նիքսոն
  
Երբ երիտասարդներն ինձանից խորհուրդ են հարցնում, թե արժե՞, արդյոք, քաղաքական գործիչ դառնալ, ես միշտ հարցնում եմ. <<Իսկ ինչի՞ եք դուք ցանկանում հասնել>>: Մարդն ընտրում է իրավաբանի կամ բժշկի մասնագիտությունը, քանի որ ցանկանում է իրավաբանությամբ կամ բժշկությամբ զբաղվել:
   Սակայն եթե մարդը քաղաքականության մեջ է մտնում միայն քաղաքականությամբ զբաղվելու համար, եթե նա իր առաջ չի դնում ավելի մեծ նպատակ, որը կցանկար իրականացնել հասարակական կյանքում, ապա նա սխալվել է մասնագիտություն ընտրելիս:
   Շատ մարդիկ են նման սխալ ընտրություն կատարվում:
   Ոմանք քաղաքականություն են մտնում, որովհետև ցանկանում են բարձր եկամուտներ ունենալ, ոմանք էլ` որովհետև ցանկանում են բարձր սոցիալական դիրք գրավել: Երրորդներին հրապուրում են աշխարհի ամենամեծ խաղում անձամբ մասնակցելուց ստացած սուր զգացողությունները:
   Չարժե քաղաքականությունը մասնագիտություն դարձնել, եթե ձեր նպատակը բարձր եկամուտներն են: Միջին տրամաչափի փաստաբանը կարող է կոնգրեսականներից երկու անգամ ավել վաստակել, ընդ որում` ավելի քիչ ջանքեր գործադրել:
   Եթե խոսքը սուր զգացողությունների մասին է, ապա ցանկացած կոնգրեսական ձեզ կարող է ասել, որ, չնայած նախընտրական պայքարը գուցեև հուզական երանգ ունի, սակայն բուն Կոնգրեսում աշխատանքը, մանավանդ նորեկի համար, ծայրահեղ ձանձրալի կարող է թվալ:
  
Եթե դուք ցանկանում եք որոշակի սոցիալական դիրք ունենալ, ապա կրկին պետք է լուրջ մտածել: Հաջողակ փաստաբանը կամ, ասենք, նույնիսկ միջին տրամաչափի ընկերության աշխատակիցը, որպես կանոն, լավ գրասենյակ է ունենում: Կարելի է ասել, թե ճակատագիրը ժպտացել է առաջին անգամ ընտրված կոնգրեսականին, եթե Քենոնհաուսի շենքի վեցերորդ հարկում երկու փոքրիկ սենյակ տան իրեն  և իր աշխատակիցներին, որոնց թիվն անցնում է տասից: Մեկ-երկու անգամ վերընտրվելուց հետո կոնգրեսականին գրեթե ամեն օր կարող են այս կամ այն երեկոյին կամ ճաշկերույթին մասնակցելու հրավերներ ուղարկել, բայց ոչ այն պատճառով, որ հրավիրողների համար հաճելի է նրա հետ հաղորդակցվելը, այլ որովհետև նրանց ինքնասիրությունը շոյում է կոնգրեսականի հետ նույն միջավայրում գտնվելը, իսկ թե կոնկրետ ո՞ր կոնգրեսականի` միևնույն է: Արձակուրդների ժամանակ լոբիստները նրա համար հեքիաթային հանգիստ կկազմակերպեն, սակայն ոչ թե նրա համար, որ նա լավ հանգստանա, այլ որ նա <<կողմ>> քվեարկի իրենց այս ծրագրին: Կարճ ասած, Վաշինգտոնում սոցիալական դիրքն էժանագին է, երևութային և նվաստացուցիչ:
   Ինչ վերաբերվում է հանրաճանաչությանը, ապա, համաձայն հարցումների, շատ այլ մասնագիտությունների տերերին, օրինակ` շինարարներին կամ մահվան բյուրոյի ղեկավարներին ավելի են հարգում, քան քաղաքական գործիչներին: Երբ կոնգրեսականը, լավ աշխատելով Կոնգրեսում, վերադառնում է իր ընտրատարածք, նա չի կարող ակնկալել, թե իր ընտրողները դափնեպսակ են դնելու իր գլխին: Ավելի շուտ նա քննադատության կենթարկվի տեղական գործարաններից մեկում բնապահպանության համար վտանգավոր արտադրական մնացորդների կուտակման կամ էլ, ասենք, դրամական սղաճի համար:
   Քաղաքականությունն ամենառիսկային մասնագիտությունն է: Երբ դուք առաջին անգամ ձեր թեկնածությունն եք դնում ընտրություններում, դուք արդեն իսկ ռիսկի եք դիմում: Անգամ հաղթանակ տանելու դեպքում դուք չեք կարող վստահ լինել, որ կհաղթեք հաջորդ անգամ: Երբ ինչ-որ մնեկն ինձ ասում է, թե ընտրություններում իր թեկնածությունը կառաջադրի միայն այն դեպքում, եթե վստահ լինի իր հաղթանակին, ես խորհուրդ եմ տալիս երբեք չմտնել ընտրապայքարի մեջ: Նման մոտեցում ունեցողը թույլ թեկնածու է:
   Բոլոչ մեծ առաջնորդներն իրենց առջև ավելի նշանակալի նպատակներ էին դնում, քան սեփական <<ես>>-ը: Նրանք բարձունքների էին հասնում ոչ թե մեծ լինելու, այլ մեծ գործեր անելու համար: Մեծ Բրիտանիան իր գոյության համար պարտական է Չերչիլին, Ֆրանսիան` դը Գոլին, Արևմտյան Գերմանիան` Ադենհաուերին, Իտալիան` դը Գասպերիին, Ճապոնիան` Յոսիդային, Իսրայելը` Բեն-Գուրիոնին, Հնդկաստանը` Ներուին: Նրանցից շատերը հեռացել են շատ բաներում իրենց զիջող գործիչների կողմից պարտություն կրելու հետևանքով, սակայն իրենց գործերի համար նրանք պատմության մեջ կմանան իբրև հսկաներ: Նրանցից յուրաքանչյուրը կարող էր հեքիաթային հարստություն կուտակել, եթե իր տաղանդն այդ ուղղությամբ օգտագործեր: Սակայն նրանց մտահոգում էր ոչ թե կարողություն կուտակելը, այլ մեծ պետություն ստեղծելը և այդ պետության մեծությունը պահպանելը: Ազդեցությունը, որ նրանք ունեցել են ողջ աշխարհի վրա, անկասկած, շատ մեծ է: Նրանք բոլորն իրենց նպատակներին հասել են ժողովրդավարական քաղաքականության տարաբնույթ տարրերի շնորհիվ: Սակայն նրանցից ոչ մեկը չի սխալվել և քաղաքականությունը համարել նպատակ, այլ ոչ թե միջոց:
   <<Պաշտոնը զբաղեցրու գործի, ոչ թե դիրք ունենալու համար >> սկզբունքն առավել լավ կարելի է ներկայացնել Դուայթ Էյզենհաուերի օրինակով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նրանով հիացած էր ողջ աշխարհը: Նա երբեք պարտություն չէր կրել: Նա շատ հարուստ չէր, սակայն նյութապես բավականին ապահովված էր: Մինչ այդ, նա երբեք քաղաքականությամբ չէր զբաղվել: Նա գիտեր, որ եթե իր թեկնածությունն առաջադրի նախագահի ընտրություններում, հավասար հնարավորություններ կունենա` դառնալ կուսակցության թեկնածուն կամ ոչ, իսկ եթե նույնիսկ դառնա էլ, նա կարող է ինչպես հաղթել, այնպես էլ պարտվել ընտրություններում: Նա հաջողակ քաղաքական գործիչ էր, սակայն նրան երբեք դուր չէին գալիս ընտրապայքարի ընթացքում միջկուսակցական բախումները:
   Նա եսասեր չէր, բայց իրատես էր և գիտեր, որ համաշխարհային պատերազմում մեծ գնով տարած հաղթանակը կարող է զրոյի հավասարեցվել, եթե ԱՄՆ-ը չիրականացնի ազատ աշխարհի ուժեղ և լուսավոր կառավարումը: Նա կարծում էր, որ ինքն առավել պատրաստ է այդ դերը ստանձնելու:Այն փաստը, որ նա վերջ դրեց կորեական պատերազմին, հետևողականորեն հանդես եկավ խորհրդային ագրեսիայի դեմ և խաղաղ գոյատևում ապահովեց ԱՄՆ-ի համար իր 8-ամյա նախագահության ընթացքում, վկայում է նրա ճշմարտացիության մասին:
   Իր առջև նպատակ չունենալով` առաջնորդը ոչ միայն բառի ուղղակի, այլև փոխաբերական իմաստով չգիտի, թե ու՞ր գնա: Բոլոր նպատակաուղղված գործողությունները պետք է սկսել խնդիրների հստակեցումից:
   Քաղաքական պաշտոն զբաղեցնելու համար վճարվող գինը մեծ է: Պետք է պատրաստ լինել ոչ միայն դրամական ծախսեր ունենալուն, այլև ազատ ժամանակը զոհելուն, քաղաքական հակառակորդների և զանգվածային ԶԼՄ-ների վիրավորանքները լսելուն, երկարաձիգ, համառ ու ձանձրալի աշխատանքով զբաղվելու համարձակություն ունենալուն: Եթե դուք պատրաստ չէք վճարել այս գինը, չարժե, որ դուք զբաղվեք քաղաքականությամբ: Զավեշտալին այն է, որ չի կարելի պատկերացնել, թե ինչ բարձր գին է դա, քանի դեռ չես հայտնվել իրադարձությունների հորձանուտում:
   Առանց հիմնարար կետերի և վերջնական նպատակների, կյանքը, նույնիսկ եթե լի է շարժմամբ, անիմաստ կլինի և չի կարողանա հաջողություն ունենալ: Ոչ մի մարդ չպետք  է ապրի առանց մեծ նպատակների:
   Իր <<Թրի սայրը>> աշխատության մեջ այս միտքը լավ է ձևակերպել գեներալ դը Գոլը. <<Բոլոր ղեկավարները, անկախ նրանից` քաղաքական գործիչներ են, զինվորական հրամանատարներ, թե քարոզիչներ, բոլոր նրանք, ովքեր կարող են գերազանցել մյուսներին, իրենց նույնացրել են բարձր գաղափարների հետ, իսկ դա ուժ է տվել և ընդլայնել նրանց ազդեցության ծավալները: Եթե կենդանության օրոք նրանց հետապնդել են նրա համար, որ մտքի մեծությունը նրանց համար ավելի մեծ նշանակություն է ունեցել, քան եսասիրությունը, ապա հետագայում նրանց փառաբանել են ոչ թե կատարած գործերի օգտակարության, այլ ներդրած ջանքերի համար>>:
   Այսօր քաղաքական շատ գործիչներ բախվում են իրենց գործընկերների անբարյացակամությանը, քանի որ նրանք չափազանց շատ են տարվում իրենց նպատակներով: Գիտնականները թեկնածուներին գովերգում են զսպվածության, իրատեսության, փոխզիջման գնալու պատրաստակամության համար: Ենթադրենք, թեկնածուն ինչ-որ նպատակ է առաջադրում, իսկ դրանից հետո զանգվածային լրատվության միջոցների վերլուծաբանները մանրակրկիտ այն ուսումնասիրում են, և եթե նպատակն, ասենք, պահպանողական բնույթ ունի, ինքնավստահորեն կանխատեսում են, որ պաշտոնի անցնելուց հետո նա կամ կսովորի ավելի իրատես լինել, կամ իր վրա կզգա իրականության ճնշումը:
   Մենք այնքան ենք մտահոգվում, որ առաջնորդը չչարաշահի իր պաշտոնեական դիրքը, որ սկսել ենք սահմանափակել օրինական և լայն իշխանություն ունենալու նրա ազատությունը:
   Հաստատված կարգերին մարտահրավեր նետող քաղաքական գործիչներին <<ապակառուցողական>> են համարում: Այնուամենայնիվ, մեր երկիրը կդադարեր առաջ շարժվել, եթե նա զրկվեր Վաշինգտոնում ունեցած դիրքը և ԶԼՄ-ների համակրանքը վտանգելու պատրաստ առաջնորդներից:
   Հայացք նետելով այն տարիներին, երբ ես որոշեցի քաղաքականությամբ  զբաղվել, հիշում եմ, որ առաջնորդվում էի երեք նպատակներով` արտասահմանում խաղաղության հաստատմամբ, ԱՄՆ-ի բնակչության բարեկեցության աստիճանի բարձրացմամբ և ողջ աշխարհում բռնապետության նկատմամբ ազատության հաղթանակով:
   Ես մեծ ռիսկի էի դիմում և բազմաթիվ բախումների մեջ էի հայտնվում այս նպատակների իրականացման  ճանապարհին: Ես ձեռք էի բերում հզոր թշնամիներ, որոնք, եթե ես այդպես չվարվեի, վատագույն դեպքում չեզոք դիրք կգրավեին իմ նկատմամբ: Ես չեմ ափսոսում, որ կորցրել եմ այդ մարդկանց աջակցությունը: Չինաստան այցելելով` ես կորցրի իմ պահպանողական գործընկերների աջակցությունը, որոնք կարծում էին, որ մենք չպետք է լավ հարաբերություններ ունենանք կոմունիստական պետության հետ, նույնիսկ եթե նա ոչ բարեկամական քաղաքականություն էր վարում Խորհրդային Միության նկատմամբ:
Հրաժարվելով համաձայնել Վիետնամում ոչ արժանապատիվ և անարդար խաղաղության` ես կորցրի շատ ազատականների և չափավորականների աջակցությունը, որոնք կարծում էին, որ ինձ հետ համաձայնելը կարող էր չափազանց մեծ քաղաքական ռիսկ ենթադրել:
   Եթե դուք դժվար ու վտանգավոր ճանապարհով  եք ընթանում, ապա նույնիսկ ամենահավատարիմ ընկերները կարող են երես թեքել ձեզանից, քանի որ նրանք կամ չեն կիսում ձեր նպատակները, կամ էլ չեն ուզում ենթարկվել այն ռիսկին, որին դուք եք ենթարկվում:

<<Ասպարեզում. հուշեր հաղթանակների, պարտությունների և վերածննդի մասին >>, Մոսկվա, 1992