ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ | ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն | ARCHIVE | սկիզբ
Ծրագրեր |Ազգային ժողովրդավար |Լուրեր | Քաղաքական մշակույթ | Համայնքներ | Գրադարան | ԶԼՄ –ներ | ՀԿ-ներ/OO/NGOs | Photo
 
 





SMALL
 
 
MEDIUM


 
 
free hit counters

 
 Քաղաքակրթությունների բախու՞մ
 

Սամուել Հանգտինգտոն
Ամերիկացի քաղաքագետ, Հարվարդի համալսարանի Ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն:

Գալիք բախման մոդելը
   Համաշխարհային քաղաքականությունը նոր փուլ է թևակոխում, և վերլուծաբանները նրա զարգացման հնարավոր տարբերակների մի ամբողջ հոսք են ուղղում դեպի մեզ` պատմության ավարտ , վերադարձ դեպի ազգ-պետություններ և նրանց միջև մրցակցություն, ազգ-պետությունների անկում գլոբալիզացիայի ճնշման տակ և այլն: Իմ կարծիքով` ազգ-պետությունը կմնա միջազգային հարաբերությունների գլխավոր գործող անձը, սակայն առավել նշանակալից բախումները տեղի կունենան տարբեր քաղաքակրթունների պատկանող ազգերի կամ նրանց խմբերի միջև: Քաղաքակրթությունների բախումը կդառնա համաշխարհային քաղաքականության առանցքային գործոնը, իսկ քաղաքակրթությունների միջև սահմանագծերը կլինեն բախումների ճակատները:
   Վեստֆալյան հաշտությունից հետո մեկուկես դար շարունակ բախումներ էին տեղի ունենում հիմնականում տիրակալների` թագտավորների, կայսրերի, բացարձակ և սահմանադրական միապետների միջև, որոնք ձգտում էին մեծացնել իրենց բյուրոկրատական ապարատները, բանակները, ամրապնդել տնտեսական հզորությունը և ամենակարևորը` իրենց տիրույթներին նոր տարածքներ միացնել: Այս գործընթացը ծնունդ տվեց ազգ-պետություններին և սկսած ֆրանսիական հեղափոխությունից` բախումների հիմնական ճակատները դարձան ազգերի միջև սահմանները: 1973թ. Ռ. Ռ. Պալմերի բառերով, <<թագավորների միջև պատերազմներն ավարտվեցին, և սկսվեցին ժողովուրդների միջև պատերազմները>>: Այս մոդելը գոյատևեց ողջ 19-րդ դարի ընթացքում: Նրան վերջ տվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Հետո, շնորհիվ ռուսական հեղափոխության և նրան ուղղված պատասխան ռեակցիայի, ազգերի բախումն իր տեղը զիջեց գաղափարախոսությունների բախմանը: Այդ բախման կողմերը սկզբում կոմունիզմը, նացիամն ու ազատական ժողովրդավարությունն էին, ապա միայն կոմունիզմն իու ազատական ժողովրդավարությունը: Սառը պատերազմի ժամանակ այդ բախումը վերածվեց երկու գերտերությունների բախման, որոնցից և ոչ մեկը ազգ-պետություն չէր:
   Այս բոլոր բախումները գլխավորապես արևմտյան քաղաքակրթության բախումներ էին: Ու. Լինդը գդրանք կոչել է <<Արևմուտքի  քաղաքացիական պատերամներ>>: Սառը պա տերազմի ավարտին զուգահեռ ավարտին է մոտենում նաև միջազգային քաղաքականության զարգացման արևմտյան փուլը: Արևմուտքի և ոչ արևմտյան քաղաքակրթությունների փոխհարաբերությունները: Այս փուլում է, որ արևմտյան քաղաքակրթությունների ժողովուրդներն ու իշխանություններն այլևս պատմության օբյեկտ կամ արևմտյան քաղաքականության թիրախ չեն, այլ Արևմուտքի հետ միաժամանակ  կերտում են պատմությունը :

Քաղաքակրթությունների էությունը

   Սառը պատերազմի ժամանակ աշխարհը բաժանեցին <<առաջին>>, <<երկրորդ>> աշխարհների: Հետագայում այս բաժանումը կորցրեց իր իմաստը: Այժմ շատ ավելի տեղին է պետությունները խմբավորել` հիմնվելով ոչ թե նրանց քաղաքական կամ տնտեսական համակարգերի վրա, այլ ելնելով մշակութային և քաղաքակրթական չափանիշներից:
   Ի՞նչ է նկատի առնվում, երբ խոսքը քաղաքակրթության մասին է: Քաղաքակրթությունը մի յուրատեսակ մշակույթ է: Հարավային Իտալիայի գյուղն իր մշակույթով կարող է տարբերվել Հյուսիսային Իտալիայի գյուղից, սակայն նրանք երկուսն էլ իտալական գյուղեր են: Նրանց ոչ մի կերպ չես շփոթի գերմանական գյուղերի հետ: Նույն կերպ եվրոպական երկրներն ունեն մշակութային ընդհանրություններ, որոնց շնորհիվ նրանք տարբերվում են արաբական  աշխարհից: Արևմտյան աշխարհը, արաբական տարածաշրջանը և Չինաստանը մի ընդհանուր մշակութային հանրույթի տարբեր մասեր չեն: Նրանք քաղաքակրթություններ են: Այսպիսով, քաղաքակրթությունն ամենաբարձր աստիճանի մշակութային ընդհանրությունն է: Դրանից վեր միայն այն է, ինչ ընդհանրացնում է բոլոր մարդկանց և բաժանում նրանց կենդանական աշխարհից:
   Քաղաքակրթությունները կարելի է տարբերակել օբյեկտիվ ընդհանրություններով` լեզու, պատմություն, կրոն, սովորույթներ, ինչպես նաև սուբյեկտիվ գործոնով` ինքնանույնացմամբ: Այսպես, Հռոմի բնակիչն իրեն կարող է բնորոշել իբրև հռոմեացի, իտալացի, կաթոլիկ, քրիստոնյա, եվրոպացի, արևմտյան աշխարհի ներկայացուցիչ: Քաղաքակրթությունն ամենաբարձր աստիճանի հանրույթն է, որի ներկայացուցիչն է իրեն համարում նա:
   Քաղաքակրթությունը կարող է բազմամարդ լինել, օրինակ` Չինաստանը, որի մասին Լ. Պայն ասել է. <<Սա մի քաղաքակրթություն է, որն իրեն իբրև երկիր է ներկայացնում>>: Սակայն քաղաքակրթությունը կարող է և շատ փոքր լինել, օրինակ` Կարիբյան ավազանի անգլիախոս բնակչությունը: Քաղաքակրթությունը կարող է մի քանի ազգ-պետություն ներառել, ինչպես արևմտյան և արաբական աշխարհները, կամ մեկ ազգից բաղկացած լինել, ինչպես Ճապոնիան:
    Քաղաքակրթությունները կարող են ենթաքաղաքակրթություններ ունենալ: Այսպես, արևմտյան քաղաքակրթությունը գոյություն ունի երկու հիմնական ձևերով` հյուսիսամերիկյան և եվրոպական, իսկ մահմեդական քաղաքակրթությունը դրսևորվում է գլխավորապես արաբական, թուրքական և մալայական մակարդակներում: Չնայած սրան` քաղաքակրթություններն ամբողջություններ են: Նրանց միջև սահմանները հստակ չեն, սակայն դրանք իրական են: Քաղաքակրթությունները շարժուն են. նրանք կարող են զարգանալ և անկում ապրել, կիսվել և միանալ: Եվ հայտնի է յուրաքանչյուրին` քաղաքակրթություններն անհետանում են. նրանք թաղվում են ժամանակի ավազներում:

Բախման անխուսափելիությունը
   Աշխարհի նկարագիրը նշանակալի չափով որոշվելու է խոշոր քաղաքակրթությունների փոխհարաբերությունների զարգացման բերումով: Դրանց թվին են պատկանում արևմտյան, ճապոնական, հինդուիստական, ուղղափառ-սլավոնական, լատինամերիկյան և, գուցե, աֆրիկյան քաղաքակրթությունները: Ապագայի ամենանշանակալի բախումները ծավալվելու են այս քաղաքակրթությունների սահմանագծերին: Ինչու՞:
   Նախ, քաղաքակրթությունների միջև տարբերությունները ոչ միայն իրական են: Դրանք նաև առավել էականն ու վճռորոշն են: Քաղաքակրթությունները տարբեր են իրենց պատմությամբ, լեզվով, մշակույթով, սովորույթներով և ամենակարևորը` կրոնով: Այդ տարբերությունները ձևավորվել են հարյուրամյակներով: Դրանք չեն անհետանա տեսանելի ապագայում: Դրանք ավելի հիմնարար են, քան քաղաքական գաղափարախոսությունների կամ վարչակարգերի միջև եղած տարբերությունների:
   Երկրորդ, աշխարհն ավելի նեղ է դառնում: Քաղաքակրթությունների հաղորդակցությունն ավելի է մեծանում: Դա հանգեցնում է քաղաքակրթական ինքնագիտակցության աճին: Հյուսիսաֆրիկացիների գաղթը դեպի Ֆրանսիա ֆրանսիացիների շրջանում թշնամական վերաբերմունքի արժանացավ և միաժամանակ ամրապնդեց բարեկամական վերաբերմունքը դեպի մյուս ներգաղթողները` <<Լեհաստանից եկող բարեկիրթ կաթոլիկ եվրոպացիները>>:
     Երրորդ, տնտեսական արդիականացման և սոցիալական փոփոխությունների գործընթացները ջնջում են բնակության վայրի հետ մարդկանց ավանդական նույնականացումը: Միաժամանակ թուլանում է ազգ-պետության` իբրև նույնականացման աղբյուրի դերը: Բացը լրացնում է կրոնը, հաճախ` արմատական շարժումների տեսքով: Նման շարժումներ կան թե մահմեդականության, թե արևմտյան քրիստոնեության, թե հուդաիզմի, թե բուդդիզմի և թե հինդուիզմի մեջ: Արմատականությունը հիմնականում պաշտպանում են կիրթ երիտասարդները, միջին դասին պատկանող բարձրակարգ մասնագետները, ազատ մասնագիտությունների տերերը, գործարարները: Կրոնի վերածնունդը կամ, ինչպես ասել է Ժ. Կապելը, <<Աստծո ռեւանշը>> հիմք է ստեղծում ազգային պատկանելության սահմաններից դուրս եկող հանրույթի հետ նույնականացման` քաղաքակրթական ընդհանրության համար:
   Չորրորդ, քաղաքակրթական ինքնագիտակցության աճը պայմանավորված է Արևմուտքի երկակիությամբ: Մի կողմից` Արևմուտքն իր հզորության գագաթնակետին է, իսկ մյուս կողմից` և գուցե այդ իսկ պատճառով, ոչ արևմտյան քաղաքակրթությունների ներկայացուցիչների շրջանում վերադարձ է տեղի ունենում դեպի սեփական ակունքները: Իր հզորության գագաթնակետին Արևմուտքը բախվում է ոչ արևմտյան երկրների հետ, որոնք բավականին ձգտում, կամք և միջոցներ ունեն աշխարհին ոչ արևմտյան նկարագիր հաղորդելու համար:
   Հինգերորդ, մշակութային առանձնահատկություններն ավելի քիչ չափով են ենթակա փոփոխությունների, քան տնտեսականը կամ քաղաքականը, ուստիև դրանք ավելի դժվար է փոխզիջման բերել: Կոմունիստները կարող են ժողովրդավարներ դառնալ, աղքատները` հարուստներ, սակայն ամենամեծ ցանկության դեպքում անգամ ռուսներն էստոնացի չեն դառնա, իսկ ադրբեջանցիները` հայեր:
   Դասակարգային կամ գաղափարախոսական պայքարում առանցքային էր <<Ո՞ր կողմում ես>> հարցը, և մարդը կարող էր ընտրել կամ փոխել իր դիրքորոշումը: Մինչդեռ քաղաքակրթությունների բախման դեպքում հարցն այլ կերպ է դրվում` <<Ո՞վ ես>>: Խոսքն այն մասին է, ինչ տրված է և ենթակա չէ փոփոխման: Այստեղ ազգային պատկանելիությունից առավել կարևոր է կրոնը: Մարդը կարող է կիսաֆրանսիացի – կիսաարաբ լինել և անգամ` երկու պետությունների քաղաքացի: Շատ ավելի դժվար է կիսակաթոլիկ – կիսամահմեդական լինել:
   Եվ վերջապես, ուժեղանում է տնտեսական ռեգիոնալիզմը: 1980-1989թթ. ներտարածաշրջանային առևտրական շրջանառության մասնաբաժինը Եվրոպայում  51-ից հասել է 59 տոկոսի, Հարավ – Արևելյան Ասիայում` 33-ից 37-ի, Հյուսիսային Ամերիկայում` 32-ից 36-ի: Տնտեսական ռեգիոնալիզմի հաջողությունն ամրապնդում է նույն քաղաքակրթությանը պատկանելու գիտակցությունը: Մյուս կողմից` տնտեսական ռեգիոնալիզմի կարող է հաջողվել, եթե արմատավորվում է միևնույն քաղաքակրթության սահմաններում: Ճապոնիան դժվարություններ է կրում Հարավ – Արևելյան Ասիայում միասնական տնտեսական գոտու ստեղծման ճանապարհին, քանի որ Ճապոնիան իր տեսակի մեջ միակ հասարակությունն ու քաղաքակրթությունն է: Որքան էլ ամուր լինեն տարածաշրջանի մյուս պետությունների հետ նրա ֆինանսական և առևտրային կապերը, մշակութային տարբերությունները խոչընդոտում են Եվրոպայի կամ Հյուսիսային Ամերիկայի օրինակով տնտեսական ինտեգրացիային: Մշակութային ընդհանրությունն, ընդհակառակը, նպաստում է մի կողմից` Չինաստանի, մյուս կողմից` Հոնկոնգի, Թայվանի, Սինգապուրի և մյուս չինական հանրույթների միջև տնտեսական կապերի արագընթաց աճին: Մշակութային – կրոնական նամնությունն ընկած է նաև մեկ այլ տնտեսական համագործակցության հիմքում, որը ներառում է տասը պետություններ` Իրան, Թուրքիա, Պակիստան, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքմենիա, Տաջիկիստան, Ուզբեկստան և Աֆղանստան:
      Այսպիսով, քաղաքակրթությունների բախումը դրսևորվում է երկու հարթություններում: Միկրոհարթությունում քաղաքակրթությունների սահմանագծին գտնվողները պայքար են մղում (հաճախ` արյունալի) տարածքների համար: Միկրոհարթությունում տարբեր քաղաքակրթությունների ներկայացուցիչները մրցակցում են ռազմական և տնտեսական ազդեցության, միջազգային կազմակերպություններին  և երրորդ երկրներին վերահսկելու համար` ջանալով հաստատել իրենց կրոնական և քաղաքական արժեքները: