ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ | ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն | ARCHIVE | սկիզբ
Ծրագրեր |Ազգային ժողովրդավար |Լուրեր | Քաղաքական մշակույթ | Համայնքներ | Գրադարան | ԶԼՄ –ներ | ՀԿ-ներ/OO/NGOs | Photo
 
 





SMALL
 
 
MEDIUM


 
 
free hit counters

 
 Քաղաքակրթությունների բախու՞մ
 

Սամուել Հանգտինգտոն
Ամերիկացի քաղաքագետ, Հարվարդի համալսարանի Ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն:

Քաղաքակրթությունների սահմանագիծը
   Եթե սառը պատերազմի տրիներին ճգնաժամերի և արյունահեղությունների հիմնական օջախները կենտրոնացած էին քաղաքական և գաղափարախոսական սահմանագծերի շուրջ, ապա այժմ դրանք գտնվում են քաղաքակրթությունների սահմանագծերին:
   Սառը պատերազմը սկսվեց այն պահին, երբ Եվրոպան <<երկաթե վարագույրը>> գաղափարախոսության տեսանկյունից բաժանեց երկու մասի: Այնավարտվեց, երբ <<երկաթե վարագույրն>> անհետացավ: Սակայն հենց որ վերացվեց Եվրոպայի գաղափարախոսական բաժանումը, կրկին կյանքի իրավունք ստացավ նրա մշակութային բաժանումը մի կողմից` արևմտաքրիստոնեական, մյուս կողմից` ուղղափառ և մահմեդական մասերի: Հնարավոր է, որ Եվրոպայի այս բաժանման առավել կարևոր հատվածը, ինչպես կարծում է Ու. Ուոլիսը, արևմտյան քրիստոնեության արևելյան սահմանն է, որ գոյություն ունի 1500 թվականից ի վեր: Այն անցնում է Ռուսաստանի և Ֆինլանդիայի, ապա` Ռուսաստանի և մերձբալթյան երկրների միջև այժմ գոյություն ունեցող սահմանների երկայնքով, կիսում է Բելառուսն ու Ուկրաինան, թեքվում դեպի արևմուտք ու Ռումինիայից կտրում Տրանսիլվանիան, հետո, անցնելով Հարավսլավիայով, գրեթե ամբողջությամբ համընկնում է այն գծին, որը Խորվաթիան և Սլովենիան անջատում է Հարավսլավիայի մյուս մասերից: Բալկաններում բաժանարար գիծը, բնականաբար, համընկնում է Հաբսբուրգյան և Օսմանյան կայսրությունների պատմական սահմանին:
   Այս գծից հյուսիս և արևմուտք ընկած տարածքներում բնակվում են կաթոլիկները և բողոքականները: Նրանք եվրոպական պատմության ընդհանուր փորձ ունեն` ֆեոդալիզմ, Վերածնունդ, Ռեֆորմացիա, Լուսավորություն, Ֆրանսիական մեծ հեղափոխություն, արդյունաբերական հեղափոխություն: Նրանց տնտեսական վիճակը, որպես կանոն, շատ ավելի լավ է, քան այն ժողովուրդներինը, ովքեր ապրում են սահմանագծի արևելյան կողմում: Այսօր նրանք կարող են վստահաբար խոսել միասնական եվրոպական տնտեսության շրջանակներում ավելի սերտ համագործակցության և ժողովրդավարական քաղաքական համակարգերի ուժերի համախմբման մասին:
   Բաժանարար գծից արևելք և հարավ ընկած տարածքներում ուղղափառ քրիստոնյաններն ու մահմեդականներն են: Պատմականորեն նրանք պատկանել են կամ Օսկանյան, կամ ցարական կայսրություններին: Եվրոպայի ճակատագրի համար վճռորոշ եղած իրադարձությունների միայն խուլ արձագանքներն են հասել նրանց: Տնտեսապես նրանք ետ են մնում Արևմուտքից և, կարծես թե, առավել քիչ են պատրաստվել կայուն ժողովրդավարական քաղաքական համակարգեր ստեղծելուն:
   Այժմ Եվրոպայում դեմարկացիոն գծի դերում գաղափարախոսության <<երկաթե վարագույրին>> փոխարինել է մշակույթի <<թավշե վարագույրը>>: Հարավսլավիայի իրադարձությունները ցույց տվեցին, որ հաճախ այն ոչ միայն մշակութային տարբերությունների, այլև արյունալի բախումների գիծ է:
    Արևմտյան և մահմեդական քաղաքակրթությունների սահմանագծին բախումներն արդեն 13 դար է, ինչ շարունակվում են:Արաբների ու մավրերի` մահմեդականության ծնունդից սկսված առաջխաղացումը դեպի Արևմուտք և Հյուսիս ավարտվեց միայն 732 թվականին: 9-13 դարերի ընթացքում խաչակիրները փոփոխական հաջողություններով փորձեցին Սուրբ երկիր բերել քրիստոնեությունը  և այնտեղ քրիստոնեական տիրապետություն հաստատել: 14-17-րդ դարերում նախաձեռնությունը խլեցին օսմանցի թուրքերը: Նրանք իրենց տիրապետության տակ գցեցին Մերձավոր Արևելքն ու Բալկանները, գրավեցին Կոստանդնուպոլիսը և երկու անգամ պաշարեցին Վիեննան: Բայց 19-րդ դարում և 20 դարի սկզբին թուրք – օսմանների գերիշխանությունը սկսեց անկում ապրել: Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մեծ մասը հայտնվեց Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի վերահսկողության ներքո:

    Երկորդ համաշխարհային պատերազմի ավարտին եկավ Արևմուտքի նահանջի հերթը: Գաղութային կայսրություններն անհետացան: Իրենց ծննդի մասին հայտարարեցին սկզբում արաբական ազգայնականությունը, ապա նաև մահմեդական արմատականությունը:
  Արևմուտքը մեծագույն կախման մեջ հայտնվեց Պարսից ծոցի` էներգակիրներ ունեցող երկրներից. նավթով մահմեդական երկրները կուտակում էին դրամ և, եթե ցանկանում էին, նաև զենք: Մի քանի պատերազմներ տեղի ունեցան արաբների և Արևմուտքի նախաձեռնությամբ ստեղծված Իսրայելի միջև: 1950-ական թթ. ընթացքում Ֆրանսիան գրեթե անդադար արյունալի պատերզմ մղեց  Ալժիրում: 1956թ. բրիտանական և ֆրանսիական համատեղ զորքերը ներխուժեցին Եգիպտոս: 1958թ. ամերիկացիները մտան Լիբանան: Հետագայում նրանք մի քանի անգամ վերադարձան այնտեղ, ինչպես նաև հարձակում գործեցին Լիբիայի վրա և մի քանի ռազմական բախումներ ունեցան Իրանի հետ: Ի պատասխան դրան` արաբ և մահմեդական ահաբեկիչները ամենաքիչը երեք մերձավորարևելյան երկրների իշխանությունների աջակցությամբ օգտագործեցին թույլերի զենքը և սկսեցին ինքնաթիռներ ու շենքեր պայթեցնել, պատանդներ վերցնել: Արևմուտքի և արաբական աշխարհի միջև պատերազմն իր գագաթնակետին հասավ 1990թ., երբ ԱՄՆ-ը մեծաքանակ զորք ուղարկեց Պարսից ծոց` պաշտպանելու մի արաբական պետությունը մյուսից:

   Արևմուտքի և մահմեդական աշխարհի միջև հակամարտությունը շարունակվում է արդեն շուրջ հարյուր տարի, իսկ նրա ավարտի մասին ակնարկ անգամ չկա: Ընդհակառակը, այն ավելի շուտ կարող է ավելի սրվել:
   Պարսից ծոցի պատերազմը շատ արաբների հպարտության զգացում հաղորդեց. Սադամ Հուսեյնը հարձակվեց Իսրայելի վրա և դիմադրություն ցույց տվեց Արևմուտքին: Սակայն նրանք միաժամանակ վիրավորվեցին. Պարսից ծոցում Արևմուտքի ռազմական ներկայությունը, նրա ռազմական գերակշռությունը և սեփական ճակատագիրը որոշելու իրենց ակնհայտ անկարողությունը նվաստացած լինելու զգացում հաղորդեցին նրանց:
   Բացի այդ, շատ արաբական երկրներ, ընդ որում` ոչ միայն նավթ արտահանողները, հասան տնտեսական և սոցիալական զարգացման այն մակարդակին, որն անհամատեղելի է կառավարման ավտոկրատ ձևերի հետ: Այդ երկրներում ժողովրդավարություն հաստատելու փորձերն ավելի ու ավելի համառ են դարձել:
   Որոշ արաբական երկրների քաղաքական համակարգերը զգալիորեն թափանցիկ են դարձել: Սակայն դա նպաստում է մահմեդական արմատականությանը: Արաբական աշխարհում արևմտյան ժողովրդավարությունն ամրապնդում է հակաարևմտյան քաղաքական ուժերի դիրքերը:
   Արևմուտքի և արաբական աշխարհի փոխհարաբերությունները բարդանում են նաև ժողովրդագրական գործոններով:
    Արաբական երկրներում, հատկապես Հյուսիսային Աֆրիկայում, բնակչության կայուն աճը մեծացնում է արտագաղթը դեպի արևմտյան երկրներ: Եվրոպայում այս ներգաղթը սուր քաղաքական դժգոհության առիթ է դառնում:
   Իտալիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում ռասիստական տրամադրություններն ավելի ու ավելի բացահայտ կերպարանք են ընդունում, իսկ 1990թ. ի վեր` մշտապես աճում են արաբ և թուրք ներգաղթողների դեմ քաղաքական ռեակցիան և բռնությունները:

   Ընդ որում, երկու կողմերն էլ գիտակցում են, որ քաղաքակրթությունների բախում է տեղի ունենում:
<<Արևմուտքին, ամենայն հավանականությամբ, մահմեդական աշխարհի հետ հակամարտություն է սպասվում,-գրում է մահմեդական դավանանք ունեցող հնդիկ լրագրող Մ. Աքբարը, - միայն այն փաստը, որ մահմեդական աշխարհը սփռված է Մագրիբից մինչև Պակիստան, արդեն իսկ կհանգեցնի նոր աշխարհակարգի համար մղվող պայքարի>>:
   Պատմության ընթացքում արաբամահմեդական քաղաքակրթությունը մշտական անտոգոնիստական փոխազդեցության մեջ էր Հարավի հեթանոսական, իսկ այժմ` հիմնականում քրիստոնեական սևամորթ բնակչության հետ:
   Անցյալում այդ անտագոնիզմը մարմնավորվում էր արաբ ստրկավաճառի և սևամորթ ստրուկի կերպարում: Այժմ այն դրսևորվում է Սուդանի արաբ և սևամորթ բնակչության երկարաձիգ քաղաքացիական պատերազմում, Չադում կառավարության և Լիբանանի կողմից աջակցություն ստացող ապստամբների զինված պայքարում, Հորն հիվանդանում ուղղափառ քրիստոնյաների և մահմեդականների լարված հարաբերություններում, ինչպես նաև Նիգերիայում արյունալի բախումների հանգեցնող քաղաքական պայքարում:
   Աֆրիկյան մայրցամաքի արդիականացման և այնտեղ քրիստոնեության տարածման հետագա գործընթացը կարող է միայն մեծացնել միջքաղաքակրթական սահմանագծի երկայնքով արյունալի բախումների հավանականությունը:
   Մահմեդական տարածաշրջանի հյուսիսային սահմաններում տեղի ունեցող բախումների թվում կարելի է հիշատակել Բոսնիայի և Սարաևոյի արյունահեղությունը, սերբերի և ալբանացիների անմարպայքարը, Բուլղարիայում բուլղարացիների և թուրք փոքրամասնության լարված հարաբերությունները, օսերի և ինգուշների, հայերի և ադրբեջանցիների արյունալի բախումները, Միջին Ասիայում ռուսների և մահմեդականների ընդհարումները:
   Քաղաքակրթությունների բախումը խորը արմատներ ունի Ասիայի այլ մասերում ևս: Պատմության խորքերը գնացող պայքարը մահմեդականների և հինդուսների միջև այսօր արտահայտվում է ոչ միայն Հնդկաստանի և Պակիստանի մրցակցությամբ, այլև  Հնդկաստանում կրոնական թշնամանքի ուժգնացմամբ:
   Արևելյան Ասիայում Չինաստանը տարածքային հավակնություններ  է ներկայացնում իր գրեթե բոլոր հարևաններին: Վճռականորեն լուծելով Տիբեթի բուդդիստների խնդիրը` Չինաստանը այժմ պատրաստվում է նույն վճռականությամբ հաշվեհարդար տեսնել մահմեդական փոքրամասնության հետ: Ազգային և քաղաքական փոքրամասնությունների նկատմամբ Չինաստանի իշխանությունների վերաբերմունքի հարցում նրանց դեմ անհաշտ պայքար է ծավալել ԱՄՆ-ը, և թվում է, թե այդ պայքարը երբևէ չի կարող դրական հանգուցալուծում ստանալ:

Եվրասիական մայրցամաքում քաղաքակրթությունների` պատմականորեն ձևավորված սահմանները ներկայումս կրկին այրվում են բախումների կրակում:
   Հատկապես թեժ բախումներ են տեղի ունենում Հյուսիսային Աֆրիկայի և Միջին Ասիայի միջև սփռված կիսալուսնի` մահմեդական աշխարհի եզրերին: Բախվում են ոչ միայն մահմեդական և արևմտաքրիստոնեական քաղաքակրթությունները:
   Մահմեդականները բախվում են ուղղափառ սերբերի հետ Բալկաններում, հրեաների հետ` Իսրայելում, հինդուսների հետ` Հնդկաստանում, բուդդիստների հետ` Բիրմայում, կաթոլիկների հետ` Ֆիլիպիններում: Մահմեդական աշխարհի սահմաններն ամենուր ողողված են արյամբ:

Թարգմանություն` Ա. Միրզոյանը