ՄԵՐ ՄԱՍԻՆ | ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ | ՇԻՐԱԿ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ-ն | ARCHIVE | սկիզբ
Ծրագրեր |Ազգային ժողովրդավար |Լուրեր | Քաղաքական մշակույթ | Համայնքներ | Գրադարան | ԶԼՄ –ներ | ՀԿ-ներ/OO/NGOs | Photo
 
 





SMALL
 
 
MEDIUM


 
 
free hit counters

 
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ
ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ
 

 Առաջին անգամ Կոնգրեսում ընտրվելուս հաջորդած քառասուներեք տարիների ընթացքում քաղաքականության մեջ հեղափոխություն է տեղի ունեցել: Նախագահի ընտրություններն առանց հեռուստատեսության մասնակցության վերջին անգամ քառասունմեկ տարի առաջ են տեղի ունեցել:
   Իմ առաջին ընտրարշավներից մեկի ընթացքում ես համոզվեցի, որ մամուլի աջակցությունը ազդեցիկ գործոն է, որ լրագրողները մեծ ազդեցություն ունեն ընտրողների վրա, որ կուսակցությունները մեծ ուժ են, որ խնդիրներն առավել կարևոր են, քան անձերը, իսկ բովանդակությունն առավել կարևոր է, քան ձևը:
  
Այժմ այս դատողություններից և ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը: Մեր օրերում քաղաքականությունն ավելի պարզունակ, կոպիտ ու մակերեսային է դարձել: Եվ դրա պատճառը մեկն է` հեռուստատեսությունը:
   Մեր հեռուստատեսային դարաշրջանում ձևը ոչ միայն գերակա դիրք ունի հարցի էության նկատմամբ, այլև ուղղակի սպառնում է ամբողջությամբ մոռացության մատնել վերջինիս: 32 վայրկյան տևող սուր խյթոցներն ու սրամտություններն ավելի արժեն, քան ջանասիրաբար նախապատրաստված 30 րոպեանոց ելույթը: Ընտրապայքարների ժամանակ սչամտությունների հեղինակները հաճած ավելի մեծ ընդֆունելություն են գտնում, քան ելույթներ գրողները, դիմահարդարողներն ավելի կարևոր են, քան գիտաշխատողները: Ճակատագրի մեծ հեգնանքով զանգվածային լրատվության միջոցների քաղաքական մեկնաբաններն այս ամենի մեջ մեղադրում են թեկնածուներին, մինչդեռ իրականում թեկնածուները սոսկ հարմարվում են իրենց ճակատագիրն իր ձեռքը վերցրած այս կամ այն լրատվամիջոցի չափանիշներին ու շրջանակներին: Քաղաքական գործիչներին կարելի է շատ բաներում մեղադրել, սակայն հեռուստատեսության հայտնագործումը նրանց ձեռքի գործը չէ:
   Հեռուստատեսությունից բացի, քաղաքականության վրա անշրջելի ազադեցություն է ունեցել նաև ընտրարշավների ֆռինանսավորման համար կատարվող ծախսերի աստղաչափական աճը: 1946 թվականին իմ ընտրարշավի համար ծայրամասային նահանգներից մեկում կատարված ծախսերը 37 հազար դոլար կազմեցին: 1950 թվականին Սենատի ընտրություններում սուր մրցակցության պայմաններում իմ աջակիցները 750 հազար դոլար ծախսեցին: 1988 թվականին Կալիֆորնիայում Սենատի ընտրություններում ընտրարշավի միջին արժողությունը հասավ 15 միլիոնի: Նույնիսկ եթե հաշվի առնվի դոլարի արժեզրկումը, ակընհայտ է, որ մեր օրերում Սենատում կամ Ներկայացուցիչների պալատում տեղ գրավելու համար պահանջվող գումարը շուրջ տասնհինգ անգամ ավել է, քան քառասուն տարի առաջ:
   Եվս մեկ կարևոր փոփոխություն. կուսակցությունների թուլացումը և անգամ նրանց անօգուտ լինելը: Սուր ընտրապայքարում Կյանքի իրավունքի պաշտպանության ազգային հանձնաժողովի կամ, ասենք, Հրաձիգների ազգային ընկերակցության աջակցությունը կարող է ավելի կարևոր դեր խաղալ, քան կուսակցություններից որևէ մեկի պ-աշտպանությունը: Ոչ ոք չպետք է զարմանա, որ նեղ շահերն են որոշում կոնգրեսմենների օրակարգը, քանի որ հենց այդ նեղ շահերն են ապահովել նրանց տեղերը Կոնգրեսում:
   Մեկ այլ գործոն` խելակորույս վազքը ձայների հետևից: Յուրաքանչյուր ընտրական թիմ ունի իր քվեարկության հարցերի մի հատուկ մասանագետ: Նա խորհուրդներ է տալիս թեկնածուին` նշելով ոչ թե այն դիրքորոշումը, որ պետք է որդեգրի թեկնածուն այս կամ այն հարցի շուրջ` ելնելով իր աշխարհայացքից, այլ այն դիրքորոշումը, որ ունի հասարակության մեծ մասը: Ես խորապես համոզված եմ,որ թեկնածուները չպետք է լսեն այս խորհուրդները:
   Չտեղեկացված ընտրողներին իրենց ուզած ճանապարհով տանելն ամենևին էլ դժվար չէ: Տանել նրանց այն ճանապարհով, որն օգուտ կբերի նրանց. ահա առաջնորդի ճշմարիտ առաքելությունը: Ոչ հանրաճանաչը հանրաճանաչ դարձնել. ահա առաջնորդի բարձրագույն փորձությունը:
  
Ամերիկյան քաղաքականության ամենաուժեղ կողմերից մեկը լրագրողների` կարևորագույն խնդիրների մասին սուր հարցեր տալու ազատությունն է: Սակայն լրագրողների նոր սերունդը փողի և փառքի փնտրտունքներում բարձր աստիճանի է հասցրել հետաքրքրասիրական ու զրպարտողական լրագրությունը: Առաջատար թերթերի խմբագրական հոդվածներում հայտարարվում է, որ ոչ մի հասարակական կազմակերպություն կամ ընկերություն ի վիճակի չէ ինքնավերահսկողություն իրականացնել, հայտնաբերել ու շտկել իր բացթողումները: Սակայն իրենց կասկածելի գործունեության ընթացքում նույն խմբագրական հոդվածների հեղինակները պնդում են, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները կարողանում են իրենց ներսում հայտնաբերել չարաշահումները և շտկել սեփական թերությունները: Հետաքրքիր է, ինչպիսին կլիներ երեք իշխանություններից և ոչ մեկի ձեռքին չափազանց մեծ իշխանական լծակներ չկենտրոնացնելու խնդրով մտահոգված հիմնադիր-հայրերի վերաբերմունքը իշխանության չորրորդ ճյուղի լծակների նկատմամբ:
   Ժամանակակից քաղաքականության մեկ այլ, չափազանց բացասական դրսևորում է արդեն ընտրվածների դիմակայության միտումը փոխարիկնելիության սկզբունքին: Կոնգրեսն, ըստ էության, վերածվել է մի կազմակերպության, որը պաշտպանում է իր անդամների փոխարինելիությունը:Քառասուներկու տարի առաջ 105 նոր պատգամավորներ ընտրվեցին 80-րդ գումարման Կոնգրեսում, որի մասին այդքան չարախոսում են: Նոր կոնգրեսմեններից հիսուներկուսը ընտրություններում հաղթել էին  իրենց կոնգրեսմեն մրցակիցներին: Նրանցից երկուսը հետագայում պայքար ծավալեցին նախագահի պաշտոնի համար, տասը դարձան սենատորներ, հինգը` նահանգապետեր: Այսօր նրանց մեծ մասը ընտրություններում պաշտոնավարող կոնգրեսմեններին հաղթելու ոչ մի հնարավորություն չէր ունենա: Եթե այս երևույթը նախընտրական մեքենայությունների վերացման միջոցով չհաղթահարվի և թեկնածուների համար մրցակցության հնարավորինս հավասար պայմաններ չապահովվեն, ապա մենք լիովին կաղավաղենք ընտրողների փոփոխվող հայացքներն արտացոլող Կոնգրես ունենալու հիմնադիր-հայրերի մտադրությունը:
   Քաղաքական գիտության մտավոր անպտղության դրսևորում է այն, որ որոշ գիտնականների շրջանում տարածում է գտել այն տեսակետը, թե իր անսահման իմաստության շնորհիվ ամերիկյան ժողովուրդը հավասարակշռությունը պահելու համար դիտավորյալ հանրապետական թեկնածուներին անընդհատ ուղարկում է Սպիտակ տուն, իսկ դեմոկրատական կուսակցության ներկայացուցչներին` Կոնգրես: Ամենայն հավանականությամբ, այս տեսակետը խոսում է հենց գիտնականների, այլ ոչ թե ժողովրդի կամ քաղաքական գործիչների դիտավորության մասին:
   1948 թվականին, երբ նախագահը դեմոկրատ էր, իսկ Կոնգրեսի մեծամասնությունը` հանրապետական, գիտնականներին Կոնգրեսը ներկայանում էր իբրև մի ռեակցիոն մարմին, որը խոչընդոտում է նախագահի լուսավոր կառավարմանը: Եթե նախագահը հանրապետական կուսակցությունից է, իսկ Կոնգրեսի մեծամասնությունը` դեմոկրատական, գիտնական այրերն ասում են, որ Կոնգրեսը պաշտպանում է ժողովրդի անվտանգությունը նախագահի չափազանց մեծ իշխանությունից: Մինչդեռ պատմականորեն այնպես է ստացվել, որ Սպիտակ տունն ու Կոնգրեսն ավելի շատ գործ են անում, եթե միասին են աշխատում: Իսկ կոնգրեսմենների անփոխարինելիությունը կարող է անհնար դարձնել այդ համատեղ աշխատանքը:  
   Ի՞նչ խորհուրդ կտայի ես նրանց, ովքեր առաջին անգամ են փորձում ընտրվել Կոնգրեսում: Նախևառաջ` պատրաստ լինել անսահմանափակ ժամանակ տրամադրել դրամ հայթայթելու գործին: Երկրորդ, ցանկացած թեկնածու պետք է սովորի օգտագործել հեռուստատեսությունը:
   Նորելուկ թեկնածուն սարսափով է հասկանում, որ իր մասին կարծիք են կազմում ոչ թե իր գլխում եղածով, այլ նրանով, թե գլխի վրա ինչպես են հարդարված մազերը: Նա կարող է առարկել, թե ուզում է օրենսդիր լինել, այլ ոչ թե դերասան: Սակայն եթե նա դերասան չլինի, երբեք օրենսդիր լինելու հնարավորություն չի ունենա:
  
Թեկնածուն պետք է պատրաստ լինի իր ճակատագիրը հասարակական կարծիքի ձևավորման արհեստավարժ մասնագետներին հանձնելու: Թեկնածուի ցանկությամբ նրանք իր համար ելույթներ կգրեն, նրա համար փողկապներ կընտրեն, կհուշեն, թե ե՞րբ և որտե՞ղ ի՞նչ ասել: Սակայնհենց այստեղ էլ պետք է անցկացվի սահմանագիծը: Ոչ մի մարդ չպետք է ձգտի նախագահ կամ օրենսդիր մարմնի անդամ դառնալ, եթե նա ասելիք չունի: Միայն թեկնածուն կարող է վերջնական որոշում կայացնել իր ասելիքի մասին:
   Թեկնածուն պետք է կենտրոնանա իր հաղթանակի վրա, սակայն չպետք է վախենա պարտությունից: Նրանք, ովքեր պայքարի մեջ չեն մտնում, քանի դեռ վստահ չեն, որ բավականաչափ ֆինանսավորում և հաղթանակի լավ հնրավորություն ունեն, թույլ թեկնածու են: Ամենաուժեղ թեկնածուները նրանք են, ովքեր հաղթանակի համար պատրաստ են ռիսկի ենթարկել ամեն ինչ:
   Քաղաքականության հիմքը նպատակն է: Թեկնածուի առաջնային նպատակը չպետք է լինի իր անձնական շահերի բավարարումը: Նա կարող է ավելի քիչ ջանքեր գործադրել և ավելի շատ դրամ վաստակել, եթե գործունեության մեկ այլ ոլորտ ընտրի: Սակայն եթե նա իր առջև ավելի մեծ նպատակ է դրել, քան իր անձն է կամ իր անձնական շահերի բավարարումը, ապա նա չպետք է երկմտի: Անկախ նրանից` կհաղթի՞ նա ընտրություններում, թե՞ կպարտվի, նա բավարարում կստանա միայն այն բանի գիտակցումից, որ ինքը խաղից դուրս չի եղել այն ժամանակ, երբ որոշում էր իր և իր երկրի ճակատագիրը: