| |
Պահպանողականությունը և ուտոպիզմը Մերձավոր Արևելքում
Իգոր Ջադան
Պահպանողականները հակված են ձախերի աշխարհայացքն <<ուտոպիզմ>> անվանել: Ձախերը սիրում են պահպանողականների տեսակետները <<միֆ>> կոչել: Հետաքրքիր է, որ մեծ հաշվով ոչ առաջինները, ոչ երկրորդներն անհարմար չեն զգում նման մեղադրանքներից: Ձախերի շրջանում չեն ամաչում փոքր-ինչ ուտոպիստ, իսկ պահպանողականների շրջանում` միֆի հետևորդ լինելուց:
Կարելի է ասել, որ միֆն ուտոպիա է` ժամանակային առանցքով ուղղված դեպի ետ` անցյալ, յուրահատուկ երազ անցյալի մասին, իսկ ուտոպիան, ընդհակառակը, միֆ է` ուղղված դեպի ապագան: Սակայն այդ դեպքում դեպի առաջ ուղղված միֆը չի կարող ընդմիշտ կապված լինել իր սնող միջավայրի, հիմքի հետ: Ապագայի մասին երազելով, այն կառուցելով` մենք չենք կարող մնալ անցյալի գրկում: Վաղվա օրվա մասին հոգ տանելով` մենք չենք կարող մնալ բացառապես հիմք հանդիսացածի շրջանակներում: Ապագայի <<հիմքը>> հաճախ ներկայի <<ուտոպիան>> է: Այստեղից էլ այն թվացյալ պարադոքսը, թե առանձին տեսություններ և նույնիսկ գաղափարախոսություններ, որոնք դեռ երեկ ազատական էին ու առաջադիմական, այսօր ընկալվում են իբրև պահպանողական և ռեակցիոն: Ուտոպիան սնվում է միֆերի քայքայման հետևանքով առաջացած գոյացություններով: Սակայն ամեն ինչ իր վերջն է ունենում: Ինչ-որ պահի յուրաքանչյուր ուտոպիա, ավարտելով իր զարգացման փուլը, համապատասխանեցվում է պահպանողականների ուղեղներին և վերածվում է միֆի:
Նման միֆերից է մեծ Իսրայելի մասին երազը: Անցյալում հրեաները երազում էին կառուցել հզոր, անկախ պետություն, որը կձգվեր Նեղոսից մինչև Եփրատ: Ժաբոտինսկու բեյթարցիները Վիլնյուսի փողոցներում շրջում էին Հիտլերյուգենդի ոճի շականակագույն վերնաշապիկներով, իսկ ինքը` օդեսացի մեծ բանաստեղծն ու գրականագետը, կոչ էր անում օրինակ վերցնել ուկրաինացի ազգայնականներից և հայրենիքը սիրել նույնքան անմնացորդ, որքան իր հայրենիքն էր սիրում Տարաս Շևչենկոն:
Պետությունը ստեղծվեց, սակայն ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես սկզբում էր ծրագրվել: Պարզվեց, որ Մերձավոր Արևելքում, հրեաներից բացի, արաբներ էլ են ապրում: Սա հաշվի չէին առել: Իսկ նրանք, չգիտես ինչու, չէին ցանկանում ապրել հրեական պետության մեջ: Պարզվեց, որ հրեաներից իրենց այն ժամանակվա փոքրաթիվության պատճառով չեն կարող <<մարսել>> ողջ նախկին բրիտանական ենթամանդատային տարածքը: Նույն կերպ, ինչպես ԽՍՀՄ հրեական համայնքն ի վիճակի չէր եղել հրեականացնել Հրեական ինքնավար մարզը: Այնուամենայնիվ, Պաղեստինի հրեական բնակչության նշանակալի մասը չհաշտվեց Պաղեստինի առաջին բաժանման հետ, համաձայն որի` Անդրհորդանանը, որտեղ, ըստ էության, հրեաներ չէին բնակվում, դուրս էր բերվել պաղեստինյան մանդատի կիրառման ոլորտից և վերածվել էր Անդրհորդանանի թագավորության: Արաբների ներկայությունն, ինչպես պարզվեց հետագայում, մեկ այլ վտանգ էլ էր ներառում. Եթե հանկարծ արաբները ցանկանան ապրել հրեական պետության մեջ, ապա դա հրեաների համար ավելի վատ կլինի: Այդ դեպքում կարող էր պարզվել, որ այդ պետության մեջ ապրելու ցանկություն չունեն հենց հրեաները: Դուրս է գալիս, որ ինչպես էլ վարվեն արաբները, միևնույն է, շատ վատ է: Ահա և մերձավորարևելյան կոնֆլիկտը: Միայն մեկ ելք էր ուրվագծվում, տարածքը վերցնել, իսկ արաբներին վտարել:
Մեղրով և կաթով լի հայրենիքի մասին ուտոպիան ըհրեաների հարևանների մոտ հիմք դարձավ <<սիոնիստական խմբավորման>> մասին հրաշունչ հակաուտոպիայի ստեղծման համար: Պաղեստինցիները կարծում են, որ իրենք տուժել են ուրիշների մեղքերի համար, եվրոպացիները համակենտրոնացման ճամբարներում ոչնչացրին հրեաներին, իսկ արաբները ստիպված են կրել ուրիշների հակամարտությունների վնասները: Հակամարտություններ, որոնց հետ իրենք որևէ կապ չունեին: Բացի այդ, Ամերիկան, որը պատերազմի ընթացքում ոչ միշտ և մեծ դժվարությամբ էր մուտքի թույլատրություն տալիս գազախցերից փրկելու փորձ անող հրեաներին, արաբների կողմից իրենց նավթի ազղգայնացումից հետո <<միանգամայն անսպասելիորեն>> դարձավ հրեական պետության ռազմավարական դաշնակիցը:
Մեզ մոտ յուրաքանչյուր երեխա գիտի, որ բացի ռուսներից, քչերն են ի վիճակի ամերիկացիների համար <<ասիացիների զգացմունքները>> արտահայտել <<քաղաքակիրթ մարդկության>> լեզվով: Մինչդեռ արաբա-իսրայելական հակամարտուիթյունն ամենևին էլ չի դասվում, այսպես կոչված, <<շահերի բախումների>> թվին: Եթե այն <<շահերի բախում>> լիներ, խնդիրը վաղուց հարթված կլիներ փոխզիջումներով:
Արաբների թվացյալ իռացիոնալիզմը ցույց է տալիս, որ իրականում բախումը պրագմատիկ դրույթների հարթության վրա չէ: Այն, ավելի շուտ, վիրավորանքի հետևանք է: Արևելքում ոչինչ այնքան դժվար չի հարթվում, որքան վիրավորանքի հետևանքը: Մի կողմի մեծամտությանն ի պատասխան` մյուս կողմը անհաղթահարելի թշնամանք է ստանում: Կարելի է ասել, որ արաբներն իրենց քաղաքակրթության յուրահատկության բերումով պարզապես չափազանց շատ են հարգում իրենց և ոչ մի դեպքում չեն ցանկանում կորցնել իրենց մարդկային արժանապատվությունը: Անվար Սաադը Իսրայելի հետ հաշտվեց միայն այն բանից հետո, երբ 1973 թվականին նախահարձակ լինելով` ստիպեց իսրայելցիներին ունենալ նույն զգացմունքները, նույն սարսափը, որն արաբներն ապրել էին 1967 թվականին` Իսրայելի հարձակումից հետո:
Ռուսները, որոնք իրենց պատմության ընթացքում հրեաներից պակաս չեն ստիպված եղել զրկանքներ կրել սեփական և օտար իշխանություններից, երբեմն դժվարանում են հասկանալ հրեաների <<ինքնապաշտպանության համար կիրառվող օրինական գործողությունների>> նկատմամբ արաբների <<ավելորդ>> զգացմունքային վերաբերմունքը: Ըստ երևույթին, նրանք պարզապես չունեն այն հարուստ պատմական փորձը, որը մենք ունենք և որով իրավամբ հպարտանում ենք: Ինչ խոսք, մերձավորարևելյան կոնֆլիկտը հիմնարար անհամաձայնությունների և միջմշակութային չհասկացվածության վառ օրինակ է:
Ամերիկացիներին այլ բան է խանգարում հասկանալ արաբներին` ամերիկացիների <<վերին աստիճանի քաղաքակրթվածությունը>>, որը գործնականում <<մերձավորի>> կարծիքի նկատմամբ գրեթե լիակատար խլություն է նշանակում, եթե, իհարկե, այդ մերձավորը <<ազատածին>> չէ, այսինքն` ԱՄՆ տարածքում չի ծնվել: Ի դեպ, իվրիտում ռուսերենի <<Սիրիր մերձավորիդ այնպես, ինչպես սիրում ես քեզ>> դարձվածին համապատասխանող դարձվածում <<մերձավոր>> բառի փոխարեն <<զուլատո>> բառն է, որը նշանակում է <<ուրիշ>>: Ամերիկյան քաղաքակրթական մոդելի շրջանակներում <<ուրիշին>> սիրելը մշակութաբանական նոնսենս է: Ամերիկացին, պարզվում է, կարող է սիրել միայն իր քաղաքակրթական դիրքին կատարելապես հավասարին, միայն իր մշակութային <<կլոնին>>, միայն իր սեփական պատկերը:
Հետաքրքիր է, սակայն, որ ռուսական քաղաքական բնանկարի շրջանակներում սեփական անձն իբրև <<իսրայելական հայրենասեր>> ներկայացնելը ամենաանհրաժեշտ ատրիբուտներից մեկն է <<գիտակցողների>>` <<կենտրոնամետների>>, քաղաքական հեղինակությունների շարքերը մտնելու համար: Ընդունված է կարծել, թե արյունահեղության, որում սպանված յուրաքանչյուր իսրայելցուն բաժին է ընկնում երոկւ պաղեստինցի, մեղքի բարդումը պաղեստինյան կողմի վրա համապատասխանում է ժողովրդավարության շահերին: Մերձավորարևելյան հակամարտության կողմերի նկատմամբ վերաբերմունքը Ռուսաստանում վերածվել է լուրջ ներքաղաքական հարցի, դարձել է քաղաքական գործչի ժողովրդականության աստիճանի որոշման լակմուսի թուղթը: Ընդ որում, իրերի իրական վիճակը պարզելու անհրաժեշտություն ամենևին էլ չկա: Որևէ կարիք չկա մտածել այն մասին, որքան վտանգավոր է պաղեստինյան պետության ստեղծման 35-ամյա ձգձգման կարճատես քաղաքականությունը, որն իրագործվում է էժան աշխատուժի և պաղեստինյան հողերի բնական ռեսուրսների օգտագործման համար: Իրոք, ինչու՞ պիտի պաղեստինցի առաջնորդների նկատմամբ ծայրահեղ ոչ դիվանագիտական վերաբերմունք դրսևորող ռուս քաղաքական գործիչը տեղյակ լինի այն փոքրաթիվ իսրայելցիների տեսակետին, որոնք իսրայելական ժողովրդավարությանը սպառնացող վտանգը տեսնում են հենց պաղեստինյան հողերը պահելու մեջ:
Ռուսները չեն էլ մտածում, որ կա շատ ավելի մեծ վտանգ, քան պաղեստինյան պետության ստեղծումը. արաբները զգալով, որ շուտով մեծամասնություն են դառնալու, կդադարեցնեն ահաբեկչական գործողություններն ու անկախության համար պայքարը և պայքար կսկսեն իրենց ընտրական իրավունքի համար, այս անգամ ավելի խաղաղ և միջազգային հանրության համար ավելի ընդունելի եղանակներով: Շատ հավանական է, որ այդ դեպքում միջազգային հանրությունը հակված լինի խնդրի լուծումը տեսնել համընդհանուր ընտրական իրավունքի և բազմամշակութային պետության ստեղծման մեջ: Պատկերացնենք, որ շուտով Հորդանանի մյուս կողմում էլ պաղեստինցի հայրենասերները, որոնց թիվն արդեն անցնում է բնակչության 60 տոկոսից, գահընկեց ամեն ինքնակալ բռնապետին և որոշեն միավորել Արևմտյան և Արևելյան Պաղեստինները: Կուրախանա՞ն <<Լիկուդ>> կուսակցության անդամները: Միակ պատասխանը, որ իսրայելցի ծայրահեղ աջերը ողջամիտ են համարում նման ժողովրդագրական հեռանկարի դեպքում, Պաղեստինից արաբ բնակչության վտարումն է: Սակայն անգամ իսրայելական պատմության մեջ ամենադաժան իշխանությունը` նախկին ահաբեկիչ Շամիրի կառավարությունը, չհամարձակվեց նման քայլի դիմել նույնիսկ Պարսից ծոցի պատերազմի բերումով ընձեռած հարմար պահին:
<<Մեծ Իսրայելի>> մասին ծերացած միֆի գոյության արհեստական երկարաձգումը սպառնում է իրական Իսրայելի գոյությանը: Այս հիվանդության պատմության օրինակով կարելի է հստակորեն հետևել քաղաքական ուտոպիայի մահվան գործընթացին, այդ ուտոպիան հրեական հույսերի գերեզման տանելուն և բիբլիական առակների ու հեքիաթների հուշակոթողների կողքին դրանց փառահեղ հուղարկավորությանը: Հեքիաթ` ահա համապատասխան բառը: Քաղաքական ծրագիրը, ապրելով իր կյանքը, վերածվել է հեքիաթի:
Այժմ իրավիճակն այնպիսին է, որ Մերձավոր Արևելքում խաղաղությունն անիրականանալի երազ, ուտոպիա է թվում: Սակայն նրա բնակիչների համար առավելևս կարևոր է նման ուտոպիան այսօր, երբ կարելի է և պետք է ինչ-որ բան փոխել, քանզի պարզ է, որ այսպես այլևս անհնար է գոյատևել: Այո, ինչ ուզում ես արա, հենց <<հիմքն>> է ցանկացած, նույնիսկ ամենաունիվերսալ ուտոպիայի ելման կետը: Որոշ հեղինակների, օրինակ` Բերդյաևի կարծիքով` այդպիսի ուտոպիաները երկուսն են` հրեական և ռուսական: Այդ դեպքում բնական կլիներ ենթադրել, որ հիմքերն էլ են երկուսը` Ռուսաստանը և Իսրայելը: Ճիշտ է, միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք կպնդեն, որ հիմքը կարող է և մեկը լինել. պարզապես հիմք:
|
|